Ինչու Են Երեխաներն Ավելի Լավ Յուրացնում Նոր Տեղեկատվությունը
Դիտումներ՝ *
10:43 2023-02-10

Բոլորս էլ տարբեր պատճառներով կարող ենք ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանալ։ Մոռացության տեսակների մեջ առանձնանում է հետադարձ ինտերֆերենցիան, որի դեպքում նոր տեղեկատվությունը զբաղեցնում է հնի «տեղը», օրինակ՝ երբ փորձում ես սովորել դասագրքի տասներորդ գլխի բովանդակությունը և հանկարծ հասկանում ես, որ ամբողջովին մոռացել ես այն, ինչ գրված էր յոթերորդ գլխում, թեև մի քանի րոպե առաջ թվում էր, թե դա անգիր գիտես։ Բայց սա միայն մեծահասակների ուղեղի առանձնահատկությունն է: Երեխաներն ապրում են առանց հետադարձ ինտերֆերենցիայի, ուստի նրանք կարող են սովորել, սովորել և սովորել։

Բրաունի համալսարանի (ԱՄՆ) և Ռեգենսբուրգի համալսարանի (Բավարիա) հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ երեխաների՝ գիտելիքները կլանելու ունակությունը պայմանավորված է գամմա-ամինոկարագաթթվով կամ ԳԱԿԹ-ով: Սա նեյրոհաղորդիչներից մեկն է, որը սովորաբար հանդիսանում է որպես արգելակիչ։

Նոր տեղեկատվություն յուրացնելիս ԳԱԿԹ-ն պետք է «հանգստացնի» այն մշակող նյարդային շղթաները: Եթե ​​տարբեր տեղեկատվական ազդակներ պետք է հասնեն նեյրոնների միևնույն խմբին, և եթե նեյրոնները չեն ընդմիջում տարբեր տեղեկատվություններ ստանալու միջև (այսինքն՝ մնում են գրգռված վիճակում), ապա վերջին տեղեկատվությունը փոխարինում է նախորդին: Այս մեխանիզմը լավ ուսումնասիրվել է մեծահասակների մոտ, ինչի արդյունքում պարզ է դարձել որ ուղեղը լավ սովորելու համար պետք է ժամանակ առ ժամանակ հանգստանա, որպեսզի գործի ԳԱԿԹ-ի արգելակումը:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց մոտ ԳԱԿԹ-ի մակարդակն ավելի ցածր է, և արգելակող նեյրոնները պետք է որ ավելի վատ աշխատեն: Սակայն մինչ այժմ երեխաների ուղեղում ԳԱԿԹ-ի մակարդակը գնահատվում էր ընդհանուր ցուցանիշներով՝ ուսուցման գործընթացից կտրված: Հետազոտողները, օգտագործելով մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիան, պարզեցին, որ իրականում, ԳԱԿԹ-ի արգելակման համակարգը երեխաների մոտ ավելի լավ է աշխատում, քան մեծահասակների մոտ:

Գիտափորձին մասնակցել են 8-11 տարեկան երեխաներ և 18-35 տարեկան մեծահասակներ, ովքեր պետք է մտապահեին մասերի բաժանված որոշակի քանակությամբ տեղեկատվություն:

Ընդհանուր առմամբ, ԳԱԿԹ-ի մակարդակը երեխաների ուղեղում իսկապես ցածր էր, բայց այն կտրուկ աճում էր, երբ ուսուցման մեջ ընդմիջում էր արվում. նախորդ տեղեկատվությունը ստանալուց հետո ուղեղին պահանջվում էր ընդամենը մի քանի րոպե, որպեսզի այն դանդաղեցներ նեյրոնները: Իսկ մեծահասակների մոտ ԳԱԿԹ-ի մակարդակը այդքան շուտ չէր հասցնում փոխվել՝ չնայած ընդհանուր առմամբ այն նկատելիորեն ավելի շատ էր: Եվ արդյունքում, գիտելիքն ավելի լավ էր յուրացվում երեխաների կողմից, քան մեծահասակների:

Գիտնականներն ակնկալում են, որ ապագայում մենք կգտնենք այնպիսի տարբերակ, որ մեծահասակների ուղեղը կարողանա արագ կառավարել ԳԱԿԹ-ի մակարդակը, որպեսզի մենք կրկին կարողանանք սովորել այնպես, ինչպես եղել է մանկության տարիներին: