Ռոբոտ քանդակագործը մարմարից ստեղծում է ապշեցուցիչ քանդակներ
Դիտումներ՝ *
14:40 2023-02-09

Հատկապես վերջին շրջանում գիտական և գիտահանրամատչելի կայքերի լրահոսում ավելի ու ավելի շատ են հանդիպում արհեստական բանականությամբ համալրված ռոբոտների մասին հոդվածները, որոնք մասնագիտացված են որևէ ուղղությամբ և շատ հաճախ իրենց հմտություններով գերազանցում են նույն ոլորտի կենդանի աշխատուժին։

Այս անգամ լրահոսում են հայտնվել քանդակագործ-ռոբոտի զարգացման վերաբերյալ հոդվածները։

Քանդակներ ստեղծելը բարդ և երկարատև գործընթաց է, որը վարպետից պահանջում է ոչ միայն բավականաչափ ջանք, այլև՝ տաղանդ: Իտալական Robotor ստարտափը ստեղծել է ռոբոտ, որը կարող է Կարարայի մարմարից քանդակել արվեստի գործեր, որոնք գեղարվեստական​​արժեքով և գեղեցկությամբ չեն զիջում փորձառու քանդակագործների աշխատանքներին։

Ընկերության հիմնադիրը վստահ է, որ ռոբոտը մեծ հեռանկարներ ունի։ Ռոբոտի գործերը գրեթե չեն տարբերվում մարդկանց կողմից արված քանդակներին։ Մշակողները պնդում են, որ Robotor-ը կարող է փոխարինել մարդ-քանդակագործին 99% դեպքերում։

Միևնույն ժամանակ, ընկերությունը վստահ է, որ իրենց տեխնոլոգիան չի խլի աշխատանքը մարդկանցից։ Ռոբոտը կարող է միայն բարելավել այն, հեշտացնել և արագացնել իրական գլուխգործոցների ստեղծման գործընթացը:

Մոտ 4 մետր բարձրությամբ ռոբոտը ի վիճակի է աշխատել շուրջօրյա՝ մանրակրկիտ կերպով տաշելով մարմարի ամենափոքր բեկորները, նույնիսկ ամենադժվար պայմաններում: Տեխնոլոգիան բոլոր հնարավորություններն ունի հեղափոխական կոչվելու։