«Բարեհաջող հասա տեղ, արդեն ամեն ինչ ուսումնասիրել եմ և ի տխրություն ինձ՝ համոզվել, որ, ինչպես միշտ, շատ շուտ եմ եկել։ Էլբայի վրայի սառույցը դեռ պինդ է, և ամեն ինչ կարգին է։ Օգտվում եմ հյուրանոցում անվճար կես ժամից՝ թղթի վրա քեզ մի քանի բառ գրելու համար։ Հենց ջուրը նահանջի (որը, ի դեպ, դեռևս չի սկսվել), ես նորից կթռչեմ հյուսիս՝ փնտրելու անապատի ծաղիկը, ինչպես ասում էր հորեղբորս տղան։ Շոնհաուզեն հասնելուն պես քեզ ավելի մանրամասն կգրեմ․․․Սրտանց ողջույններ քո կամ si j’ose dire մեր հարազատներին: Քոնը՝ ոտքից գլուխ քոնը: Համբույրների մասին գրել չեմ կարող: Առողջ եղիր»:
Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո Բիսմարկն ամուսնացել է Յոհաննա ֆոն Պուտկամերի հետ 1847 թվականին։ Ամուսնությունից երկու տարի առաջ (այդ ժամանակ Բիսմարկի ռազմական կարիերան նոր էր սկսում թափ հավաքել), սիրահարները շատ հետաքրքիր նամակագրություն ունեին․ ապագա «Երկաթե կանցլերի» նամակները հարսնացուին լի էին քնքշությամբ և էքսպրեսիվությամբ:
Բիսմարկի նամակային սիրավեպն անսպասելի շարունակություն ստացավ հարսանիքից բավական ժամանակ անց. արդեն Յոհաննա ֆոն Բիսմարկը սկսեց անանուն նամակներ ստանալ իր 47-ամյա ամուսնու արկածների մանրամասն նկարագրությամբ, որն այդ ժամանակ Պրուսիայի դեսպանն էր Փարիզում և սիրախաղերի մեջ էր 22-ամյա կոմսուհի Եկատերինա Օռլովա-Տրուբեցկայայի հետ:
Քիչ բան է հայտնի մեծ կանցլերի անձնական կյանքի այս էջի մասին, որն աչքի էր ընկնում ոչ միայն ամուր կամքով, այլև հավատարմությամբ․ Յոհաննան անանուն նամակներն անմիջապես այրում էր։ Շրջապատի մարդիկ շատ էին զրպարտում Յոհաննային՝ նա չէր փայլում գեղեցկությամբ և ոճով, բայց խելացի էր և հեռատես, ինչի շնորհիվ նրանց ամուսնությունը չափազանց հաջող ստացվեց։
Ամուսիններն ամեն ինչում աջակցում էին միմյանց. նա երեխաներ էր լույս աշխարհ բերում և գործնականում ապրում նրա կյանքով, իսկ ամուսինը կարոտում էր նրան գործուղումների ժամանակ և նույնիսկ 40 տարվա ամուսնությունից հետո նամակներում նրան դիմում «սիրելիս» և ուղարկում ամենաջերմ ի սրտե ողջույնները: