Ինչպե՞ս պաշտպանել սմարթֆոնը հաքերային հարձակումներից․ 5 օգտակար խորհուրդ
Դիտումներ՝ *
14:13 2023-02-05

Նույնիսկ եթե դուք հայտնի մարդ չեք, ոչ էլ պաշտոնյա, միևնույն է, ձեր սմարթֆոնը, գրավիչ թիրախ է շատ հաքերների համար, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե դրա մեջ որևէ հույժ գաղտնի կամ հետաքրքիր բան չկա։ Հաքերները կարող են շատ բան գողանալ ձեր հեռախոսից՝ լուսանկարներից և անձնական նամակագրությունից մինչև բանկային տվյալներ։

Ինչպե՞ս կարելի է սմարթֆոնը պաշտպանել հաքերային հարձակումներից: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ։

1. Զգո՛ւյշ եղեք նամակների և SMS-ների հետ

Շատ դեպքերում հաքերների զոհերն իրենք են հաքերներին տրամադրում իրենց տվյալները։ Ուստի խորհուրդ է տրվում չափազանց զգույշ լինել նամակների և SMS-ների հետ, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ դրանք ուղարկվել են բանկի կամ, օրինակ, պետական ​​որևէ գործակալության կողմից։ Ոչ մի դեպքում որևէ մեկին մի՛ տրամադրեք ձեր անձնական տվյալները, ներառյալ բանկային քարտի տվյալները, և մի՛ սեղմեք այն հղումների վրա, որոնք ուղարկվել են ձեզ էլփոստով, SMS-ով կամ մեսենջերով, եթե 100 տոկոս վստահ չեք, որ դա ապահով է։

2. Հավելվածներ ներբեռնե՛ք միայն պաշտոնական խանութներից

Հավելվածների խանութները, ինչպիսիք են Google Play-ը կամ Apple App Store-ը, քայլեր են ձեռնարկում, որոնք կօգնեն, որպեսզի պոտենցիալ վտանգավոր հավելվածները չհայտնվեն այդ խանութներում: Նույնիսկ այս խանութներից խորհուրդ է տրվում ներբեռնել միայն այն հավելվածները, որոնց ծանոթ եք, և որոնց անվտանգության հարցում կարող եք գոնե քիչ թե շատ վստահ լինել։ Իսկ համացանցի անհայտ աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և դրանք ձեր հեռախոսում տեղադրելը վատ գաղափար է:

3. Ձերբազատվե՛ք ավելորդ հավելվածներից

Երբեմն մենք ներբեռնում ենք հավելվածներ, դրանք օգտագործում մեկ անգամ և հետո մոռանում, որ դրանք արդեն երկար ժամանակ մեր հեռախոսում են։ Մի քանի րոպե տրամադրե՛ք և ստուգե՛ք, թե ինչ հավելվածներ են տեղադրված ձեր սմարթֆոնում։ Եթե ​​կան այնպիսիք, որոնք չեք օգտագործում, ապա ջնջե՛ք դրանք բոլոր տվյալների հետ միասին: Որոշ հավելվածներ ունեն օգտահաշիվ, որը կարող է նաև պահել ձեր հեռախոսի տվյալները: Այս օգտահաշիվները նույնպես խորհուրդ է տրվում ջնջել:

4. Պարբերաբար թարմացրե՛ք օգտագործվող հավելվածները

Փորձե՛ք թարմացնել բոլոր այն հավելվածները, որոնք պարբերաբար օգտագործում եք. թարմացումները ոչ միայն ավելացնում են նոր հնարավորություններ, այլև լուծում են անվտանգության բազմաթիվ խնդիրներ:

5. Մի՛ անտեսեք հեռախոսի անվտանգության թարմացումները

Ձեր հեռախոսը վնասակար ծրագրերով վարակվելուց պաշտպանելու կարևոր քայլը օպերացիոն համակարգի պարբերաբար թարմացումն է: Այստեղ հատկապես կարևոր դեր են խաղում հենց անվտանգության թարմացումները, որոնք կարող են չեզոքացնել լրտեսող այնպիսի ծրագրեր, ինչպիսին Pegasus-ն է։

Ամենաընթերցված