Պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել անքնությունից
Դիտումներ՝ *
17:08 2023-01-25

Եթե երեկոյան մարդը երկար ժամանակ չի կարողանում քուն մտնել, ապա պետք է ուշադրություն դարձնի քնին նախպատրաստվելու գործընթացին։ Առաջին հերթին հարկավոր է խուսափել երեկոյան ակտիվությունից ու բացառել տոնուս հաղորդող ըմպելիքները։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИАМО-ն, ասել է սոմնոլոգ Մաքսիմ Նովիկովը։

Արագ քուն մտնելու համար մասնագետը խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել սենյակում օդի ջերմաստիճանին․ քնի համար լավագույն տարբերակը 16-18 աստիճանն է։ Բացի այդ, շատ կարևոր է նաև սենյակում բացարձակ մթություն ապահովելը։

Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում հեռուստացույց դիտել կամ գաջեթներ օգտագործել։ Բացի այդ, անքնության դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել քնելուց առաջ անկողնում գիրք կարդալու սովորությունից ու դադարել հաճախ ստուգել ժամը։

Ինչ վերաբերում է անքնության դեմ պայքարի դեղորայքային միջոցներին, ապա ինքնուրույն կարելի է մելատոնին ընդունել, որը առանց դեղատոմսի վաճառվում է դեղատներում, ինչպես նաև հանգստացնող դեղաբույսեր կիրառել։