Շաքարի փոխարինիչները կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին․ սննդաբան
Դիտումներ՝ *
15:15 2023-01-25

Քաղցրացուցիչների որոշ տեսակներ կարող են շատ ավելի մեծ վնաս հասցնել առողջությանը, քան շաքարը։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Իննա Միխայլովան։

ինչպես մանրամասնել է մասնագետը, գոյություն ունի շաքարի փոխարինիչների երկու տեսակ՝ կալորիաներ պարունակող ու կալորիականություն չունեցող։ Կալորիաներ պարունակող շաքարի փոխարինիչների, օրինակ՝ ֆրուկտոզայի կամ իզոմալտի գործածության դեպքում գլյուկոզան դանդաղ է ներծծվում արյան մեջ, սակայն շաքարի մակարդակն այնուամենայնիվ բարձրանում է։ Ամենաանվնասն ընդունված է համարել կալորիա չպարունակող քաղցրացուցիչները, սակայն իրականում դա այդպես չէ։

«Նման քաղցրացուցիչները կարող են խանգարել ածխաջրերի փոխանակությունը, ինչը մեծացնում է ախորժակը: Կալորիա չունեցող քաղցրացուցիչներն ազդում են հորմոնալ ֆոնի կարգավորման և ճարպային հյուսվածքների կուտակման վրա, խանգարում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, իսկ սախարինն ու ասպարտամը բացասաբար են անդրադառնում աղիների միկրոֆլորայի վրա»,- նշել է բժիշկը։

Որպես քաղցրացուցիչ մասնագետը խորհուրդ է տվել կիրառել մեղրախոտ (ստեվիա) կամ էրիթրոլ, սակայն միևնույն ժամանակ երեխաներին ու հղիներին նա հորդորել է առհասարակ հրաժարվել շաքարի ցանկացած փոխարինիչից։