LG Display-ը կարտադրի Micro-LED էկրաններ ապագա Apple Watch-ի համար։
Apple-ը ներգրավել է LG Display-ը Apple Watch-ի նոր մոդելների համար՝ Micro-LED էկրաններ նախագծելու և արտադրելու համար: Այդ մասին հայտնում է GizmoChina-ը՝ վկայակոչելով ինսայդեր Ռոս Յանգին։
Յանգի խոսքով՝ LG Display-ը հաջորդ տարվա երկրորդ կեսին կսկսի նոր սերնդի մատրիցների արտադրությունը։ Հետևաբար, բարելավված էկրաններով ժամացույցները, հավանաբար, նույնպես կհայտնվեն 2024 թվականին։
Յանգը նաև գրել է, որ Micro-LED-ները կունենան ավելի լավ գունային վերարտադրություն, կոնտրաստ և պայծառություն, քան Retina LTPO OLED էկրանները, որոնք օգտագործվում են Apple Watch-ի ներկա մոդելներում: GizmoChina-ն կարծում է, որ Micro-LED-ը կապահովի էկրանի վրա տեղեկության ավելի լավ ընթեռնելիություն բաց միջավայրում:
Լրագրողների կարծիքով՝ հիմնական հարցը մնում է այն, թե Apple Watch-ի որ մոդելն առաջինը կստանա Micro-LED էկրան։ Ամենայն հավանականությամբ, ըստ GizmoChina-ի, դա կլինի Apple Watch Ultra-ն, քանի որ ավելի թանկ է և նախատեսված է բաց երկնքի ներքո գործածելու համար: