Ինչպես է փոխվում տղամարդկանց և կանանց ուղեղը երեխայի ծնվելուց հետո
Դիտումներ՝ *
15:25 2023-01-17

2022 թվականին աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն օր ծնվում է մոտ 440 հազար երեխա, հարյուրավոր տարիներ առաջ անհնար էր նույնիսկ պատկերացնել ծնելիության նման մակարդակ։

Իսկ ինչպե՞ս են մարդիկ փոխվում երեխա ունենալուց հետո:

Ահա հետաքրքիր փաստ. ԱՄՆ-ում, մոտավորապես 1970-ականներից, հայրերը սկսել են երեք անգամ ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց երեխաներին, քան նախկինում: Գերմանիայում, Իսպանիայում, Շվեդիայում և Իսլանդիայում այդ ցուցանիշն ավելի մեծ է, քանի որ այս երկրներում հայրերին թույլատրվում է հայրության արձակուրդ վերցնել այնպես, ինչպես մայրերին՝ մայրության։

Արձակուրդի տևողությունը տարբեր երկրներում տարբեր է և տատանվում է մեկ ամսից մինչև երեք տարի։ Որոշ երկրներ տրամադրում են նաև երեխայի խնամքի նպաստ: Ելնելով դրանից՝ զարմանալի չէ, որ հայրերը ավելի շատ են զբաղվում երեխաների դաստիարակությամբ, քան նախկինում, երբ ստիպված էին անհամեմատ ավելի շատ ժամանակ անցկացնել աշխատավայրում կամ տանից հեռու։

Ծնող դառնալուց հետո թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց բնավորությունը փոխվում է։ Այս փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ նրանց մոտ փոխվում է ուղեղի կառուցվածքը։ Այժմ այս վարկածը հավաստող գիտական ​​ապացույցներ կան։

2016 թվականին պրոֆեսոր Էլսելին Հոքզեման և նրա գործընկերները պարզեցին, որ հղիությունը ազդում է կնոջ ուղեղի այն հատվածների չափի և կառուցվածքի վրա, որոնք պատասխանատու են զգացմունքների ընկալման համար: Ծննդաբերությունից հետո ուղեղի սկանավորումները ցույց են տվել, որ գորշ նյութի քանակը նվազում է «սոցիալական ճանաչողության» տարածքում, որը պատասխանատու է այլ մարդկանց ապրումները ընկալելու ունակության համար:

Թեև սա հակասություն է թվում, գիտնականները կարծում են, որ նման փոփոխությունները հանգեցնում են նրան, որ կանայք ավելի ուշադիր են դառնում իրենց փոքրիկի նկատմամբ։

Մայրերի ուղեղի փոփոխությունների ուսումնասիրությունը տևել է մոտ 5 տարի։ Նկատվել է, որ ուղեղի կառուցվածքը փոփոխված վիճակում է մնում մի քանի տարի՝ մինչև երեխան սկսում է քայլել։

Մայրերի ուղեղի փոփոխություններն այնքան ցցուն են, որ դրանց նկարները կարող են ճշգրիտ որոշել՝ կինը երբևէ մայրացել է, թե ոչ։

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ երեխայի ծնունդը կարող է արտացոլվել նաև հայրերի ուղեղում։ Ուսումնասիրությանը մասնակցել է 40 տղամարդկանցից բաղկացած խումբը․ ուսումնասիրության ընթացքում նրանց գլխուղեղը սկանավորել են երկու անգամ՝ առաջինը կնոջ հղիության ընթացքում, երկրորդը՝ երեխայի 6 ամսական դառնալուց հետո: Համեմատության համար վերահսկիչ խմբում սկանավորել են նաև երեխաներ չունեցող 17 տղամարդկանց ուղեղը։

Պարզվել է, որ երեխայի ծնվելուց հետո տղամարդկանց մոտ փոխվում է ուղեղի այն շրջանների կառուցվածքը, որոնք պատասխանատու են տեսողական ինֆորմացիայի մշակման, ուշադրության և կարեկցանքի համար։ Ընդ որում, նրանց մոտ, ովքեր հայրության արձակուրդի շնորհիվ կարողացել են ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ, ավելի շատ փոփոխություններ են հայտնաբերվել։

Ելնելով դրանից՝ կարող ենք եզրակացնել, որ ուղեղի փոփոխության գործընթացը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ հայրերը ժամանակ են անցկացնում նորածինների հետ։