Կտավ, որ ստեղծվեց հոգեբուժարանում․ Վան Գոգի «Աստղազարդ գիշերը»
Դիտումներ՝ *
22:17 2023-01-04

«Աստղազարդ գիշերը» հոլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգի ամենահայտնի կտավներից է։ Այն արևմտյան գեղանկարչության ամենավառ և հայտնի նկարներից է:

Վինսենթը մանկուց զգայուն և ինքնամփոփ երեխա է ։ Իր պատանեկության տարիներին նա 7 տարի աշխատել է բարեկամի ընկերությունում, որտեղ գնահատել և վաճառել է նկարներ։ Հենց այստեղ էլ բացահայտել է նկարելու հանդեպ իր կիրքը: Սակայն նրա համար անհամատեղելի էին առևտուրն ու արվեստը։ Լինելով քահանայի որդի՝ որոշեց գնալ հոր հետքերով. 3 անգամ փորձել է աստվածաբանական կրթություն ստանալ, սակայն գեղեցկության ու արդարության բարձր զգացողության պատճառով չէր կարողանում շփվել մարդկանց հետ:

Այսպիսով՝ ապագա նկարիչը կենտրոնացավ ստեղծագործելու վրա և որոշեց արվեստանոց ֆիմնել ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Փոլ Գոգենի հետ։ Բայց դաժան իրականությանը զգայուն Վինսենթի կանոնավոր բախումները ի վերջո նրան հանեցին հավասարակշռությունից. 1889 թվականին Վան Գոգը հայտնվեց հոգեբուժարանում: Այնտեղ նա ապրեց մեկ տարի և նկարեց իր նկարների մեծ մասը։ Հիվանդանոցից դուրս գալուց մի քանի ամիս անց Վան Գոգը, ըստ հիմնական վարկածի, ինքնասպան եղավ՝ ատրճանակից կրակելով իր վրա։

Նկարի ստեղծման պատմությունը

1889 թվականի մայիսին Գոգենի հետ ծրագրերի հերթական քննարկման ժամանակ Վան Գոգը հանկարծակի կատաղեց և ածելիով հարձակվեց ընկերոջ վրա։ Մինչ այսօր վերջնակապես պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը, բայց նույն գիշերը Վինսենթը կտրեց սեփական ականջի բլթակը։ Նրան տեղափոխեցին ֆրանսիական Առլ քաղաքի հոգեբուժարան, որտեղ դեպքից մեկ ամիս անց նկարիչը նկարեց իր «Աստղազարդ գիշեր» կտավը։ Եվ չնայած Վան Գոգը պատկերել է հիվանդանոցի պատուհանից տեսարանը, էքսպոզիցիայի մեծ մասը հորինված է. նա կարող էր տեսնել միայն ցորենի արտը և երկինքը։

«Աստղազարդ գիշեր» կտավի ոճը

Վան Գոգը պոստիմպրեսիոնիստ էր։ Այս ուղղության նկարիչները ձգտում էին հեռանալ առարկաների ճշգրիտ պատկերումից և պահի իմպրեսիոնիստական ​​ամրագրումից: Նրանց համար առաջնահերթ խնդիրը գույնի և ձևերի միջոցով հիմնարար իմաստը ցույց տալն էր: Իրական առարկաներ պատկերելիս ճշգրտությունն այլևս պարտադիր չէր, գլխավորը գաղափարի արտահայտումն էր։

«Աստղազարդ գիշեր» կտավի դեպքում Վան Գոգն այդպես էլ չբացատրեց իր գաղափարը։ Արվեստաբանների կարծիքով՝ պտտվող հսկայական աստղերը հղում են անում կրոնական զգացմունքներին՝ մտորումներ կյանքի վերջի, հավերժության մասին: Կարևոր է նշել, որ նկարը նկարվել է 1889 թվականի հուլիսին, Վան Գոգի սուր նոպայի նախօրեին. գուցե նա աշխատել է սրված ընկալման վիճակում:

Գաղտնիքներ «Աստղազարդ գիշեր» կտավի մասին
Վան Գոգը ստեղծել է իր սեփական իրականությունը

Վան Գոգի հոգեկան հիվանդությունն այնքան լուրջ էր, որ նկարիչը տեսնում էր այն, ինչ ուրիշները չէին տեսնում։ «Աստղազարդ գիշեր» կտավը դրա վառ հաստատումն է։ Վան Գոգն իր նկարում պատկերել է Վեներա մոլորակը և տուրբուլենտությունը։ Տրամաբանական է, որ անզեն աչքով դրանցից ոչ մեկը հնարավոր չէ տեսնել։

Հեղինակն այս նկարը ձախողված է համարել

Վան Գոգն «Աստղազարդ գիշեր» կտավը ձախողված է համարել։

«Միգուցե այն ուրիշներին ցույց տա, թե ինչպես կարելի է ավելի լավ պատկերել գիշերային էֆեկտները, քան դա արեցի ես», – ցուցահանդեսներում իր նկարի մասին ասել է նկարիչը:

Զարմանալի չէ, քանի որ Վան Գոգը միշտ հավատում էր, որ կարևոր է նկարել բնությունից։ Այնուամենայնիվ, այս նկարը կարևոր դարձավ էքսպրեսիոնիստների համար։

Նամակ է գրել եղբորը

Երբ Վան Գոգն ավարտեց նկարը, նա գրեց եղբորը.

«Ինչո՞ւ երկնքի պայծառ աստղերը չեն կարող ավելի կարևոր լինել, քան Ֆրանսիայի քարտեզի սև կետերը: Ինչպես գնացքով գնում ենք Տարասկոն կամ Ռուան, այնպես էլ մահանում ենք՝ աստղերին հասնելու համար»։ Մեկ տարի անց նկարիչը կրակեց ինքն իր վրա ու հասավ աստղերին…

«Խոստովանում եմ, չգիտեմ ինչու, բայց աստղերին նայելով՝ միշտ ուզում եմ երազել»

Վինսենթ վան Գոգ․․․