Աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջյանը Dior նորաձևության տան օծանելիքների շարքի ղեկավարն է, ստեղծագործական տնօրենը: Այս պաշտոնում Ֆրենսիս Քուրքջյանը փոխարինել է Ֆրանսուա Դեմաշիին՝ աշխարհի ամենաճանաչված վարպետներից մեկին, Parfums Christian Dior-ի առաջին պարֆյումերին։
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Christian Dior Parfums-ին, որը հարուստ, ոգեշնչող պատմությամբ և տեսլական, ստեղծագործ ոգի ունեցող նորաձևության տուն է: Այսօր ես ուրախ եմ հոտառական ստեղծագործականությանս միջոցով իմ տեսլականը ներկայացնելու համար: Մեծ արտոնություն է աշխատել Dior -ում` շարունակելով աջակցել իմ սեփական բրենդին»,- այսպես էր մեկնաբանել իր նոր պաշտոնը Ֆրենսիս Քուրքջյանը: Աշխատելով Dior-ում` պարֆյումերը շարունակում է ղեկավարել Maison Francis Kurkdjian բրենդը, ընկերություն, որը հիմնադրել է 2009 թվականին:
Արմատներով հայը
Ֆրենսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, հետագայում հաստատվել Ֆրանսիայում։
Ֆրենսիսը մանկուց դաստիարակվել է ստեղծագործական միջավայրում՝ ուսումնասիրելով արվեստի ճյուղեր, սովորելով բալետի դպրոցում և այցելելով ֆրանսիական լավագույն թանգարաններ։ Փոքր տարիքում տղային տարել են նորաձևության ցուցադրությունների, կինոյի և երաժշտության ոլորտում լավ ճաշակ սերմանել: Այս ամենը չէր կարող իր հետքը չթողնել Ֆրենսիսի ապագա մասնագիտության նախասիրությունների ու ընտրության վրա։
15 տարեկանում նա արդեն հստակ գիտեր, թե ինչի հետ է կապելու իր ապագա կյանքը։
Ստեղծագործական ճանապարհը
Ֆրենսիս Քուրքջյանը 25 տարեկանում ստեղծել է իր առաջին բուրմունքը՝ Le Male՝ ֆրանսիական Jean Paul Gaultier ապրանքանիշի համար։ Եվ դա շատ հաջող դեբյուտ էր, որը նրան արժանի համբավ բերեց։
Հետագայում պարֆյումերը խոշոր ընկերությունների համար մոտ 40 բուրմունք է ստեղծել։ Դրանցից են Green Tea-ն Elizabeth Arden-ից, Armani Mania-ն Giorgio Armani-ից, Rumeur-ը Lanvin-ից, Kenzoki-ն Kenzo-ից, My Burberry-ն Burberry-ից, Elie Saab Le Parfum-ը, L’extase-ը Nina Ricci-ից և շատ այլ բույրեր: Իր սեփական օծանելիքի շրջանակում Քուրքջյանը ստեղծում է բուրմունքներ՝ առանց գենդերային սահմանափակումների:
Maison Francis Kurkdjian
2009 թվականին համաշխարհային ասպարեզում հայտնվեց օծանելիքի նոր ապրանքանիշ՝ Maison Francis Kurkdjian: Պարֆյումերային արվեստի բնագավառում հիմնարար գիտելիքները, աշխատանքի մեջ բծախնդիր լինելը, տաղանդը, բուրմունքների հանդեպ սերը նոր ապրանքանիշը դարձրին ամենասիրվածներից մեկը բոլոր տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում:
2015 թվականին ստեղծվեց ապրանքանիշի ամենասիրված և հարգված բույրերից մեկը՝ Maison Francis Kurkdjian Baccarat Rouge 540-ը, որի թողարկումից թեև այնքան էլ շատ տարիներ չեն անցել, սակայն օծանելիքն արդեն համարվում է լեգենդ:
Vnews.am