14 ֆիլմ, որոնք կօգնեն հաղթահարել անհանգստությունն ու վիշտը
Դիտումներ՝ *
15:17 2022-12-28

Վերջերս լուրեր ընթերցելը շատերի մոտ անհանգստության զգացում է առաջացնում։ Այժմ հատկապես կարևոր է տեղեկատվական հիգիենայի պահպանումը և նորությունների ընթերցման համար միայն որոշակի ժամանակ հատկացնելը։ Արթնանալուց անմիջապես հետո մի՛ վերցրեք սմարթֆոնը և մի՛ կարդացեք լուրեր քնելուց առաջ։ Երեկոյան լավ ֆիլմեր դիտելն անհանգստությունը հաղթահարելու լավագույն միջոցը կարող է լինել: Elle.ru-ն ներկայացնում է իր ֆավորիտ կինոնկարները:

«Փարիզը կարող է սպասել»

Երբ ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում, հեշտությամբ կարող եք նյարդայնանալ և հիասթափվել, կամ փոխարենը՝ կարող եք «հանձնվել» և վայելել ամեն ակնթարթը. ահա թե ինչ են արել «Փարիզը կարող է սպասել» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Աննան և Ժակը, երբ գնում են չպլանավորված ճանապարհորդության Ֆրանսիական Ռիվիերայի երկայնքով: Արևով, ծաղիկներով, ֆրանսիական համեղ խոհանոցով, նոր ծանոթություններով ու տպավորություններով լի երկու կարճ օրերն Աննային կհիշեցնեն, որ կյանքը գեղեցիկ է։

«Լիալուսնի թագավորություն»

Ճանաչելի գեղագիտություն, որը Ինստագրամում նույնիսկ առանձին @accidentallywesanderson հաշիվ ունի, կատարյալ երաժշտական ​​ուղեկցում, հուզիչ պատմություն, Բրյուս Ուիլիսը, Թիլդա Սվինթոնը, Էդվարդ Նորթոնը, Ֆրենսիս Մակդորմանդը և Բիլ Մյուրեյը… արժե՞ շարունակել: Ավելի լավ է շուտ միացրեք ֆիլմը: Եվ կապ չունի՝ կինոնկարն առաջին անգա՞մ եք դիտում, թե՞ քսաներորդ անգամ. գեղագիտական ​​հաճույքը երաշխավորված է։

«Կապիտան ֆանտաստիկ»

Պատմություն երեխաների մասին, ովքեր իրենց ամբողջ չափահաս կյանքն անցկացրել են անտառում, գիտեն մի քանի օտար լեզուներ, տիրապետում են քվանտային ֆիզիկային և փիլիսոփայությանը և երբեք սմարթֆոն չեն պահել իրենց ձեռքում։ Եվ այո, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր ժամանակներում։ Հետաքրքի՞ր է: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ հերոսները պատահաբար դուրս գան տնից ու հայտնվեն մեծ քաղաքում և պարզեն, թե ինչ է ինտերնետը, և առաջին անգամ սիրահարվեն։ Վերբեռնեք ֆիլմը։

«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը»

Փախչելով առօրյայից՝ Ուոլթեր Միթին օրվա մեծ մասն անցկացնում է երազների մեջ՝ հայտնվելով ամենաանսպասելի վայրերում ու իրավիճակներում՝ փրկելով աշխարհը, շներին ու իր գործընկերոջը, ում գաղտնի սիրահարված է։ Եվ հետո մի օր երազն իրականություն է դառնում. Ուոլթերը պետք է մեկնի Իսլանդիա՝ փնտրելու կորած նեգատիվը, որն ինքն արել էր ամսագրի համար աշխատելիս։
Հատուկ զգուշացում. հավանականությունը մեծ է, որ, եթե աշխատում եք գրասենյակում, ֆիլմը դիտելուց հետո կցանկանաք թողնել աշխատանքն ու գնալ աշխարհով մեկ ճանապարհորդելու:

«Փոքրիկ միսս Երջանկություն»

Լավագույն օրինակն այն բանի, որ երբեմն ընթացքն ավելի կարևոր է, քան արդյունքը։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե Դուք, ինչպես ֆիլմի հերոսուհին, հանկարծ որոշեիք դառնալ «Փոքրիկ միսս Երջանկություն», և ամբողջ ընտանիքը՝ բաղկացած հումորի զգացումը կորցրած հորից, իմպուլսիվ մորից, ինքնասպանության եզրին կանգնած հորեղբորից, եղբորից, ով տվել է լռության երդում, և թմրամոլ պապից, պատրաստվում է օգնել քեզ… մնում է միայն վայելել այն, ինչ կատարվում է:

«Հրաշք»

Հաջորդ անգամ, երբ հանկարծ նեղսրտեք Ձեր աչքերի տակ բշտիկներից կամ մուգ շրջանակներից, հիշեք «Հրաշք» ֆիլմը մի տղայի մասին, ով ծնվել է առանց դեմքի և 27 վիրահատություն է տարել, որպեսզի կարողանա ինքնուրույն շնչել և տեսնել։ Ֆիլմը ամեն ինչ ներկայացնում է ճիշտ տեսանկյունից:

«1+1»

Ֆիլմերի մեր ընտրանին բաժանելով դիտած և չդիտած ֆիլմերի՝ ֆրանսիական այս դրաման հավանաբար կհայտնվի ցուցակի առաջին հորիզոնականում: Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ չվերանայել այն՝ հիշելու համար, որ երբեմն հարկավոր է իրադարձություններին նայել այլոց տեսանկյունից՝ ինչ-որ բան ուղղելու համար:

«Խոշոր ձուկ»

Թիմ Բարթոնի ֆանտաստիկ ֆիլմը սովորեցնում է առնվազն մեկ կարևոր դաս. այն հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուրս իրականությունը տեսնում ենք մեր ձևով:

«Իմ ընկերը խենթ է»

Համացանցը լի է զվարճալի մեմերով օտարերկրյա ֆիլմերի ռուսերեն թարգմանությունների վերաբերյալ, և «Իմ ընկերը խենթ է» վերնագիրը բացառություն չէ: Եթե ​​բառացիորեն թարգմանենք բնօրինակը՝ «Silver Linings Playbook», ապա կստանաք «Հույսի ճառագայթների հավաքածու»: Եվ բոլորը հույս ունեն, ինչում կհամոզվի ֆիլմի գլխավոր հերոս Պետը։ Ութ ամիս հոգեբուժական կլինիկայում գտնվելուց հետո, վերադառնալով ծնողների տուն, նա միայն երազում է վերամիավորվել իր նախկին կնոջ հետ, բայց ճակատագիրը նրա հետ այլ ծրագրեր ունի. նա սիրահարվում է էքսցենտրիկ Թիֆանիին։ Թերևս ժամանակն է նշել ֆիլմի կարգախոսը՝ «Յուրաքանչյուր հոգեվիճակի համար կա մի խենթ»:

«Լավ տարի»

Երբեմն ճշմարիտ արժեքները հիշելու համար հարկավոր է հաղթահարել սթրեսը և փոխել ծանոթ միջավայրը, ինչպես դա արեց Լոնդոնի ֆոնդային բորսայի մեծամեծ Մաքս Սքիները: Դրան ավելացնենք Պրովանսի գինեգործարանի գեղատեսիլ կադրերը և նրա զարմանահրաշ լուսավորությունը, և ամբողջ ֆիլմը կարծես թե նկարահանվել է առածական ոսկե ժամի ընթացքում:

«Ավելի լավ չի լինում»

Հոգեպես անկայուն գրող, որին մարմնավորում է Ջեք Նիկոլսոնը… Ոչ, խոսքը գնում է ոչ թե «Փայլատակման» մասին, ինչպես կարող եք վախենալով մտածել, այլ «Ավելի լավ չի լինում» ֆիլմի մասին: Ոչ ոք չի սիրում գլխավոր հերոս Մելվին Ադալին, և նա փոխադարձաբար է պատասխանում աշխարհին։ Ամեն ինչ փոխվում է, երբ մեր գլխավոր հերոսը հանկարծ ստիպված է լինում խնամել հարևանի շանը։ Օրեցօր կապվելով կենդանու հետ՝ նա սովորում է բարություն և նվիրվածություն, և աստիճանաբար նրա առաջ բացվում է մարդկային զգացմունքների մի հրաշալի աշխարհ։

«Մարսեցին»

«Յուրաքանչյուր մարդ ունի ուրիշներին օգնելու բնազդ»: Դե, եթե Մարկ Ուոթնին, ով հայտնվել է Երկրից 225 միլիոն կմ հեռավորության վրա, չի կորցրել փրկության հույսը և չի հանձնվել, ապա մենք արդարացումներ չունենք։ Բացի սյուժեից, որը լարվածության մեջ է պահում հանդիսատեսին մինչև վերջ, ֆիլմն արժե դիտել սըր Ռիդլի Սքոթի ռեժիսորական աշխատանքի և դերասանական կազմի համար։

«Գրեգորի Մուլինն՝ ընդդեմ մարդկության»

Եթե ​​Ձեզ թվում է, որ դժբախտ եք, դիտեք ֆրանսիական կատակերգությունը, որի գլխավոր հերոսը ծնվել է ուրբաթ 13-ին, նույն օրը կորցրել է ծնողներին, ծեծի է ենթարկվել սիրելի աղջկա կողմից, իսկ երիտասարդության տարիներին տառապել է խենթ տատի և հորեղբոր պատճառով: Կարծես թե կյանքը ոչ մի լավ բան չունի Գրիգորիի համար։ Բայց ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ նա սիրահարվում է հմայիչ անծանոթուհուն։ Ճիշտ է, մինչ այդ դեռ պետք է փախչել զայրացած ֆուտբոլասերներից ու կեղծ Հիտլերից, բայց նոր զգացողության ֆոնին սրանք արդեն մանրուքներ են, չէ՞։ Կա միայն մեկ եզրակացություն՝ սիրահարվեք։

«Ջոյ»

Աշխարհի ոչ ամենաակնառու գյուտի պատմությունն առանձնահատուկ հմայք ունի անկեղծության շնորհիվ։ Չնայած ընտանեկան և կենցաղային խնդիրներին, շրջապատող մարդկանց և բիզնեսի անծանոթ աշխարհում առկա որոգայթներին, Ջոյը, որի դերը մարմնավորում է Ջենիֆեր Լոուրենսը, ցույց է տալիս բնավորություն և գործը հաղթական ավարտին է հասցնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am