Բեղավոր շերլոկները. Կատուները կարող են «Պատմել» հանցագործության մասին և նույնիսկ օգնել հանցագործին հայտնաբերելու հարցում
Դիտումներ՝ *
16:00 2022-12-09

Գիտնականները պարզել են, որ հանցագործության այս լուռ վկաները կարող են իմանալ և «պատմել» ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել:

Իրականում մենք շատ քիչ բան գիտենք կատուների վարքագծի և խառնվածքի մասին, թեև յուրաքանչյուր տարի բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում օգնելու ընտանի կենդանիների տերերին ավելի լավ հասկանալ վերջիններիս սովորություններն ու կարողությունները։ Նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել են այն բանի վրա, թե ինչ տեղեկատվություն կարող են պահել ընտանի կենդանիները և դա ինչպես կարող է օգնել մարդկանց։

Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի մի խումբ գիտնականներ անդրադարձել են այն փաստին, որ ընտանի կենդանիները հաճախ դառնում են հանցագործությունների լուռ վկաներ, սակայն նրանց հնարավոր չէ հարցաքննել, և, հետևաբար, իրավապահ մարմինները կատուներին չեն կարող համարել որպես նոր տվյալների աղբյուր: Այնուամենայնիվ, նրանք եկել են այն համոզման, որ ընտանի կենդանիները դեռ կարող են «պատմել» հանցագործության մասին և նույնիսկ օգնել հանցագործին հայտնաբերելու հարցում։

Պարզվում է կատվի մորթին կարող է պարունակել բավարար քանակությամբ ԴՆԹ այն մարդուց, ով եղել է շրջակայքում: Այսինքն հանցագործությանը վկա դարձած կատուն կարող է պահել հանցագործի ԴՆԹ-ն։

Ըստ դատաբժշկական փորձագետ Հայդի Մոնկմանի, ԴՆԹ-ի վերլուծության տեխնոլոգիան ներկայումս բավականաչափ զարգացած է և կարող է հայտնաբերել գենետիկական նյութի նույնիսկ չնչին հետքեր, որոնք կարող են կարևոր լինել հանցագործության հետաքննության ընթացքում:

Բանն այն է, որ նույնիսկ օբյեկտի հետ կարճատև շփումը կարող է թողնել գենետիկական նյութի հետքեր: Իհարկե, դա կարող է բավարար չլինել նույնականացման համար, սակայն այն կարող է օգտագործվել, օրինակ, կասկածյալներին բացառելու համար:

Հետաքրքիր է, որ մարդու ԴՆԹ-ն կարող է մնալ որևէ մակերեսին նույնիսկ այն դեպքում, երբ նա դրան չի դիպչել, օրինակ՝ մազերի միջոցով։

Հետազոտությանը մասնակցել են 15 տարբեր տներից երկու տասնյակ կատուներ: Գիտնականները ԴՆԹ նմուշներ են հավաքել և՛ կատուների մազերից և՛ տերերից։ Նմուշների ավելի քան 80 տոկոսը պարունակել է վերլուծության համար հարմար ԴՆԹ: Այն 70 տոկոսով հնարավոր է եղել կապել կոնկրետ անձի հետ։ Ընդ որում, բավական է եղել միայն, որ անձը գտնված լինի կենդանու մոտ։

Ըստ հետազոտողների, արդյունքներն ապացուցում են, որ կատուներն իրականում կարող են հանցագործության վկաներ դառնալ և օգնել դրանք բացահայտելուն։ Այնուամենայնիվ, ավելի շատ հետազոտություններ կպահանջվեն հասկանալու համար, թե որքանով է կայուն մարդու ԴՆԹ-ն կատուների մեջ, ինչը կարող է ազդել դրա վրա, և որո՞նք են ԴՆԹ-ն մարդուց կատվին փոխանցելու ուղիները և հակառակը:

Գիտական հոդվածը հրապարակվել է Forensic Science International ամսագրում։

ita.am