Լինա Կավալիերի՝ «աշխարհի ամենագեղեցիկ կինը», որը հորինեց ֆոտոմոդելի մասնագիտությունը
Դիտումներ՝ *
12:09 2022-12-09

Օպերային աստղ, ճակատագրական կին, որը մի հարուստ և հայտնի ամուսնուց մյուսին էր անցնում, առաջին ֆոտոմոդելը, որը մինչ այսօր լեգենդ է համարվում․ խոսքն իտալացի երգչուհի Լինա Կավալիերիի մասին է, որը գրեթե պաշտոնապես համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կինը, ամեն դեպքում նրան միշտ այդպես էին ներկայացնում…

Շատերը Լինային են վերագրում ֆոտոմոդելի մասնագիտության ստեղծումը. աշխարհի ամենագեղեցիկ կինն անընդհատ նկարահանվում էր բացիկների և գովազդների համար, իսկ Կավալիերիի պատկերով գովազդները կտրվում էին ամսագրերից և թերթերից և պահվում։ Իսկ հետո, երբ հայտնվեց կինոն, Լինան դարձավ կինոաստղ։

Ծնողները շատ չեն մտածել աղջկա անվան շուրջ, որին հաջողվեց ծնվել Սուրբ Ծննդին։ Նրանք այդպես էլ փոքրիկին անվանեցին՝ Նատալինա, այսինքն՝ սուրբծննդյան: Կարճ՝ Լինա։ Աղջիկը ծնվել է 1874 թվականին, Իտալիայի Օնանո կոմունայում։ Բայց, ավաղ, ոչ ամենահարուստ ընտանիքում։ Ավելին, ընտանիքի հայրը ցանկանում էր նվաճել Հռոմը, և բոլոր Կավալիերիները տեղափոխվեցին շատ ավելի թանկ մայրաքաղաք իրենց ծայրամասից:

Ընտանիքը պահելու համար բոլորը փոքր տարիքից աշխատում էին։ Լինան թերթեր էր փաթեթավորում տպարանում (սա հաճախ միայն մանկական աշխատանք էր), հետո մեծացավ և կարողացավ օգնել դերձակուհուն, հետո սկսեց ծաղիկներ վաճառել փողոցներում: Ծաղկի վաճառակետերն անընդհատ փորձում էին աշխատանքի ընդունել գեղեցիկ աղջիկների, որպեսզի հարուստ պարոններին գրավեն՝ իրենց կանանց համար ծաղիկներ գնելու նպատակով: Իսկ Լինան ոչ միայն համակրելի էր, այլև գեղեցկուհի:

Լինան տանել չէր կարողանում հոգնածության զգացողությունը: Հետագայում նրա ամենահաճախակի տրվող խորհուրդն էր՝ ոչ մի հոգնածություն: Կնոջ համար վատ է հոգնած լինելը։ Եվ խոսքը միայն դեմքի գույնի մասին չէ: Լինան հոգնածության հետ կարծես անձնական հարցեր ուներ:

Հենց փողոցում՝ ծաղիկների մոտ, 13-ամյա Նատալինա Կավալիերին սկսեց երգել։ Նրա ձայնի մեջ առանձնահատուկ բան չկար, բայց նա այնպիսի արտիստիզմով էր երգում և այնքան գեղեցիկ էր, որ սկզբում կարողացավ ավելացնել իր եկամուտը, իսկ հետո սկսեց ելույթ ունենալ սրճարանում։

Շուտով նա հայտնաբերեց մեկ այլ ասպարեզ, որտեղ կանայք չգիտեն՝ ինչ է հոգնածությունը: Եվրոպայում սկսեցին անցկացնել գեղեցկության մրցույթներ: 14 տարեկանում Լինան առաջին անգամ մասնակցեց նման մրցույթի։

Իտալիայում թույլ ձայնով երգչուհին, նույնիսկ Կավալիերիի պես գեղեցկուհին, չէր կարողանա լուրջ կարիերա անել՝ ո՛չ երաժշտական, ո՛չ էլ կուրտիզանական, հետևաբար նրա շահերից էր բխում հովանավոր գտնելը:

22 տարեկանում, իտալական բեմերում կարճատև աշխատանքից հետո, Կավալիերին մեկնում է Փարիզը նվաճելու։ Այնտեղ գնահատում էին գեղեցկությունը, բայց երաժշտությունից գլուխ չէին հանում: Փարիզում Լինան ելույթ էր ունենում կանանց երաժշտական ​​անսամբլի հետ՝ ուրախացնելով հանդիսատեսին իր առոգանությամբ և անսովոր պարային ոճով։

Բայց Փարիզը նույնպես տարանցիկ կետ էր Լինայի հավակնությունների քարտեզի վրա։ Հիմնական գումարը շրջանառվում էր Ռուսաստանում, և Կավալիերին հնարավորություններ էր փնտրում ռուս ձեռնարկատերերի հետ պայմանագիր կնքելու համար։ Ընդամենը 23 տարեկանում դա նրան հաջողվեց:

Ֆրանսիայից Սանկտ Պետերբուրգ

Կավալիերին հրաժեշտ տվեց ֆրանսիական հանրությանը՝ խոստանալով վերադառնալ, և գնաց ելույթ ունենալու Սանկտ Պետերբուրգում՝ հույս ունենալով, որ նրանք էլ գլուխ չեն հանում երաժշտությունից:

Այնտեղ էլ գտնվեց հովանավոր տղամարդը:

Իշխան Բարյատինսկին կարողացավ գնահատել իտալացի գեղեցկուհու կենսական ուժը։ Իսկ շուտով նաև ներդրումներ կատարեց նրա պրոֆեսիոնալ վոկալի դասերի համար, իսկ Կավալիերին նույնիսկ չէր էլ մտածում, որ պետք է սովորեր երգել:

Իտալիայում բոլորը երգում էին առանց դասերի։ Կամ միգուցե նա էր այդպես կարծում: Բայց Բարյատինսկին չէր կարող թույլ տալ, որ ծիծաղեն իր վրա՝ ասելով, թե նա տարվել է անտաղանդ, բայց գեղեցիկ կնոջով… Եվ Լինան ստիպված համաձայնեց մասնակցել դասերին: Հետագայում նա չզղջաց այդ որոշման համար:

Վեց տարի անընդմեջ Կավալիերին ապրում էր Փարիզի և Սանկտ Պետերբուրգի միջև՝ Եվրոպայի ամենաշքեղ մայրաքաղաքներից երկուսում: Դասերը նրան հնարավորություն տվեցին իր դեբյուտն ունենալ օպերային բեմում։ Դեբյուտը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, Կավալիերին անմիջապես դարձավ օպերային աստղերից մեկը, թեև ոչ ամենապայծառը, և Բարյատինսկին կարծում էր, որ արդեն կարող է ամուսնանալ նրա հետ: Ավաղ, կայսրը չթույլատրեց․․․

Նախքան բաժանվելը, Բարյատինսկին իր սիրելիին պատեց թանկարժեք զարդերով ու ադամանդներով: Կավալիերիի բենեֆիսի ժամանակ նա նույնիսկ նրան 150.000 ռուբլի արժողությամբ զմրուխտյա զարդեր նվիրեց, ինչպես նաև ռուբիններ:

1906 թվականին արդեն Լինան շրջել էր ամբողջ Եվրոպայի օպերաներով: Ֆրանսիայում նա երգել է անգամ Կարուզոյի հետ: Երբ Կարուզոն իր փայլուն ձայնով գնաց Նյու Յորքը նվաճելու, Կավալիերին պատրաստակամորեն միացավ նրան։

Քսաներորդ դարում սպառողի երջանիկ դեմքը, կամ այն ​​հայտնիի դեմքը, որն ապրանքն առաջարկում էր սպառողին, դարձավ գովազդի հիմնական ատրիբուտը: Մեծապես՝ շնորհիվ Լինա Կավալիերիի:

Լինան սկսեց նկարահանվել տարբեր գովազդային ընկերությունների համար։ Նախկինում գովազդում օգտագործվում էին նկարված պատկերներ, որպես կանոն՝ իդեալականացված և անբնական։ Այժմ ամսագրի ընթերցողի հայացքը կառչել էր կենդանի օպերային աստղի լուսանկարին: Կավալիերիի լուսանկարները գրավեցին ոչ միայն գնորդներին. ամսագրերը սկսեցին պարզապես զարդարել իրենց էջերը նրա նկարներով, փոստային բաժանմունքներում կարելի էր գնել և ուղարկել Կավալիերիի լուսանկարով բացիկ, և շուտով նրա դեմքով բացիկներ հայտնվեցին նաև այլ երկրներում:

Սանկտ Պետերբուրգում վաճառողներից մեկի պնդմամբ՝ նա վաճառել է Կավալիերիի պատկերով առնվազն մեկ միլիոն բացիկ։

34 տարեկանում Կավալիերին վերջապես ամուսնացավ։ Տղամարդը բնականաբար հարուստ էր, նաև 2 տարի մեծ Լինայից, տաղանդավոր նկարիչ և դիզայներ: Լինան լքեց ամուսնուն հարսանիքից 8 օր անց: Ոչ ոք չիմացավ պատճառը:

Լինան ևս 2 անգամ ամուսնացավ: Մեկը՝ օպերային տենոր Լյուսիեն Մուրատորեի հետ, որից դուստր ունեցավ, մյուսը՝ հայտնի մրցարշավորդ Ջովանի Կամպարիի հետ:

Կավալիերին գրել է գեղեցկության բաղադրատոմսերի մասին գիրք։ Չնայած այն հանգամանքին, որ Առաջին համաշխարհային պատերազմը գրեթե անմիջապես հետին պլան մղեց գեղեցկության խնդիրները, գիրքը դարձավ բեսթսելլեր և մեծ քանակությամբ վաճառվեց եվրոպական մի քանի լեզուներով:

Խորհուրդներ Կավալիերիից՝

Լինան կարծում էր, որ կնոջ համար ամենակարևորը, առաջին հերթին, երիտասարդության պահպանումն է, երկրորդը՝ կզակը, երրորդը՝ ոտնաթաթերը:
Իսկ բառացիորեն ամեն ինչ պահպանելու հիմնական միջոցներից մեկը հանգիստն էր։ Օրական առնվազն 10 ժամ քունը պարտադիր է, 30 տարեկանից հետո՝ նաև ցերեկը։ Եթե ​​ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս հայելու մեջ, անմիջապես հանգստացեք: Նույնիսկ կարդալով մի ծանրաբեռնեք ձեզ:
Չի կարելի կարդալ վատ լուսավորության պայմաններում, քնել վատ օդափոխվող սենյակում, կրել նույն կոշիկը երկու օր անընդմեջ:
Որպեսզի մազերը լինեն գեղեցիկ, լվացեք դրանք շաբաթական առնվազն մեկ անգամ։ Որպեսզի նիհարելիս մաշկը չկնճռոտվի, հատուկ քսուք օգտագործեք։ Ամեն օր լոգանք ընդունեք։ Նաև քայլեք ամեն օր։

Հետաքրքիր փաստ

1955 թվականին իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան մարմնավորել է Լինա Կավալիերիին «Աշխարհի ամենագեղեցիկ կինը» ֆիլմում՝ արժանանալով «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակին։