Warner Bros. TV-ի ղեկավար Չեննինգ Դանգին հայտնել է, որ ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարի Փոթերի ֆիլմաշարի հիման վրա սփին-օֆֆ ստեղծելու հարցում: Նրա խոսքերը հայտնում է Variety-ն։
Դանգին հայտարարել է, որ այս պահին մի շարք բանակցություններ են ընթանում առաջիկա սերիալի վերաբերյալ։ «Մենք լուրջ մտադրություններ ունենք (սփին-օֆֆ ստեղծելու) և այժմ բանակցություններ ենք վարում այս թեմայով»,- ասել է պրոդյուսերը՝ խոսելով նախագծի վրա աշխատանքի կարգավիճակի մասին։
Դանգին ընդգծել է, որ երկրպագուները պատրաստ են հրաշագործի մասին ֆրանշիզայի շարունակությանը։ «Հանդիսատեսը պատրաստ է, նրանք ցանկանում են առաջ շարժվել, ուստի հիմա մենք միայն պետք է պարզենք, թե որն է հաջորդ ճիշտ քայլը»,- ավելացրել է Դանգին:
Warner Bros. TV-ի թիմը նախկինում աշխատել է «Վերադարձ Հոգվարթս» հատուկ նախագծի վրա, որը թողարկվել է «Հարի Փոթերի և փիլիսոփայական քարի» 20-ամյակի կապակցությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am