Եղիսաբեթ II-ի կենսագիրը թագուհու մահվան նոր վարկած է առաջ քաշել
Դիտումներ՝ *
10:31 2022-11-27

Թագավորական ընտանիքի ընկեր եւ կենսագիր Ջայլս Բրանդրեթը իր նոր՝ «Elizabeth: An Intimate Portrait» գրքի թողարկման նախօրեին Daily Mail-ին պատմել է, թե ինչպես են անցել Եղիսաբեթ II-ի կյանքի վերջին օրերը։ Ի լրումն հայտնի իրադարձությունների նոր մանրամասների՝ օրինակ՝ վարչապետ Լիզ Թրուսի հետ հանդիպմանը, նա կիսվել է միապետի մահվան պատճառի մասին իր վարկածով։ «Ես լսել եմ, որ թագուհին ուներ միելոմա՝ ոսկրածուծի քաղցկեղ: Դրանով են բացատրվում նրա հոգնածությունը, քաշի կորուստը եւ «շարժունակության խնդիրները», որոնց մասին մեզ հաճախ էին պատմում նրա կյանքի վերջին տարվա ընթացքում», – պատմել է Բրենդրեթը։ «Միելոմայի ամենատարածված ախտանիշը ոսկրային ցավն է, հատկապես կոնքի եւ մեջքի ստորին հատվածում, եւ այն հաճախ ազդում է տարեցների վրա»: Ներկայումս այս հիվանդությունը բուժում չունի, եւ թերապիան կարող է երկարացնել հիվանդի կյանքը ընդամենը երկու-երեք տարով։

Հեղինակը նաեւ մի հարց է տվել, որն անհանգստացրել է բոլոր բրիտանացիներին․ «Արդյո՞ք թագուհու ձեռքի կապտուկը, որը մենք տեսել ենք Լիզ Թրուսի հետ նրա լուսանկարներում ներերակային կանյուլայի հետք էր: Իսկ դա նշանակո՞ւմ է, որ թագուհուն ստերոիդներ են տվել՝ օգնելու նրան անցնել ծառայության վերջին օրը: Թե՞ դա պարզապես պատահական կապտուկ էր՝ կապված տարիքի հետ։ Ես միայն գիտեմ, որ նրա մահվան վկայականում մահվան պատճառը պարզապես «ծերությունն» է նշված, ճիշտ այնպես, ինչպես Էդինբուրգի դուքսինը», – եզրափակել է Բրեադրեթը: