Այսօր Մայա Պլիսեցկայայի ծննդյան օրն է․ 5 հետաքրքիր փաստեր պարուհու մասին
Դիտումներ՝ *
11:29 2022-11-20

Մայա Միխայլովնա Պլիսեցկայան ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում, հյուպատոսի ընտանիքում։

Մենք հետաքրքիր փաստեր ենք հավաքել խորհրդային ամենահայտնի բալերինաներից մեկի՝ Մայա Պլիսեցկայայի կյանքից։ Ստորեւ պատմում ենք Կոկո Շանելի եւ Պիեռ Կարդենի հետ ծանոթության, ֆիլմերում նկարահանվելու ու արտասահմանյան հյուրախաղերի մասին։

Պիեռ Կարդենը բալետի պարուհուն համարում էր իր մուսան

Մայա Պլիսեցկայան միշտ հետեւել է ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան նորաձեւությանը։ Բալերինան անձամբ ծանոթ էր Կոկո Շանելի հետ, իսկ Պիեռ Կարդենը նրան իր մուսան էր համարում։ Դիզայները բազմիցս կոստյումներ է կարել ներկայացումների համար, որոնցում մասնակցում էր Մայան։

Իսկ Մոսկվայում Պլիսեցկայան սեւ շուկայի վաճառողներից գնում էր նորաձեւ հագուստ: Պարուհին գրեթե ամբողջ աշխատավարձը ծախսել է հանդերձանքների վրա։

Պլիսեցկայան նկարահանվել է ֆիլմերում եւ «Աննա Կարենինա» ֆիլմում մարմնավորել Բետսի Տվերսկայային

Պլիսեցկայան նկարահանվել է Մեծ թատրոնի հայտնի բալետների հեռուստատեսային ադապտացիաներում։ 1967 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Զախրին արտիստուհուն հրավիրել է խաղալ Բեթսի Տվերսկայայի դերը Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի կինոադապտացիայի մեջ։

Աննա Կարենինայից հետո Պլիսեցկայան կինոյում բազում դերեր ստացավ։ Իսկ 1976 թվականին բալերինան նույնիսկ գրել է Իվան Տուրգենեւի «Գարնանային ջրեր» պատմվածքի սցենարը։

Բալերինան ամուսնու հետ ծանոթացել է Լիլի Բրիկին հյուրընկալվելիս

Մայակովսկու սիրելի Լիլյա Բրիկը Մեծ թատրոնում փորձել է բաց չթողնել Մայա Պլիսեցկայայի մասնակցությամբ ոչ մի ներկայացում։ Յուրաքանչյուր ելույթից հետո նա բալերինային ծաղիկներ էր նվիրում գրառումներով. «Մայինկա։ Սիրելիս։ Գուշակիր, թե ումից են այս ծաղիկները… Գրկում, համբուրում ենք»։

Բրիկը հաճախ էր Պլիսեցկայային հրավիրում իր տուն։ Հենց նրա տանը կազմակերպված երեկոներից մեկի ժամանակ բալետի պարուհին հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին։

Նույնիսկ 75 տարեկանում Մայա Պլիսեցկայան հանդես էր գալիս պարային համարներով

Մեծ թատրոնում Պլիսեցկայան վերջին անգամ հանդես է եկել 1990 թվականի հունվարի 4-ին «Տիկինը շան հետ» ներկայացման մեջ։ Բայց նա չդադարեց պարել։ Երեք տարի անց նա նշեց բեմում իր աշխատանքի 50-ամյակը։

Պլիսեցկայան իր ծննդյան 70-ամյակի օրը՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին, բեմ է բարձրացել «Ավե Մայա» համարով, որը հատուկ նրա համար բեմադրել է պարուսույց Մորիս Բեժարը։ Իսկ 2000 թվականին Ճապոնիայում տեղի ունեցավ «Կիմոնոյի թեւերը» ներկայացման պրեմիերան, որում բալերինան խաղում էր Երկնային փերուն։

Պետական անվտանգության կոմիտեն Մայա Պլիսեցկայային համարում էր լրտես

1950-ականների կեսերին, մինչ Մեծ թատրոնի թատերախումբը հյուրախաղերով մեկնում էր Շվեյցարիա, Ֆրանսիա, Չինաստան եւ այլ երկրներ, Մայա Պլիսեցկայան մնաց Մոսկվայում։ ԿԳԲ-ն նույնիսկ գործ է քննել․ նրանք կարծում էին, որ բալերինան շատ է խոսում օտարերկրացիների հետ եւ կարող է բրիտանական հետախուզության լրտես լինել։ Պլիսեցկայան մի քանի անգամ նամակներ է գրել խորհրդային պաշտոնյաներին. «Իմ երկու՝ «աղաչական» հեռագրերը Խրուշչովին, նամակները նրան, Բուլգանինին, Շեպիլովին, մնացին անպատասխան… Ղեկավարներից ոչ ոք չցանկացավ խոսել ինձ հետ: Ոչ մի բառ չլսեցի»: Խրուշչովն անձամբ թույլ է տվել բալերինային 1959 թվականին կրկին հյուրախաղերի մեկնել արտասահման։