Մեկ գավաթ սուրճ
Դիտումներ՝ *
13:00 2022-11-15

Garçon une Tass de café. մատուցող մեկ գավաթ սուրճ: Օդի մեջ լսվող այս բառերից սովորաբար սկսվում է փարիզյան սրճարանի բացվող առավոտը: Քաղաք, ուր սուրճ խմելը պարզապես արվեստ է:

Փարիզում հազիվ տեսնեք սուրճի թղթե բաժակները ձեռքին փողոցում շտապող կամ վազքի մեջ վերջին կումն անող որևէ մեկին: Այստեղ սուրճ խմել՝ նշանակում է ամեն ումպի հետ վայելել վայրկյանը՝ շփման յուրահատուկ մթնոլորտ ստեղծելով ինքդ քո ու շրջապատի հետ, hաղորդակցվել ու պարզապես գեղեցիկ ապրել՝ ամեն ինչ համեմելով մատուցման յուրահատուկ նրբերանգներով:

Սուրճ խմելու մշակույթի այդ յուրատեսակ ընկալումն էլ թերևս պատճառն է, որ հաճախ զբոսաշրջիկները փարիզյան սրճարանները նույնքան հանրահայտ են համարում, որքան նույնիսկ Էյֆելյան աշտարակն ու Ջոկոնդայի ժպիտը:

Փարիզ. Լոնդոն, Վիեննա, Պրահա…
Եվրոպայում սուրճի հայկական հետքը

Բուրումնավետ ըմպելիքը վայելելու համար հիմա շատերն են գալիս Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասի սրճարաններ: Բայց քչերը գիտեն, որ սովորական ֆրանսիացիները սուրճ համտեսեցին հենց հայի ձեռքից, երբ 1672 թ. Ֆրանսիայի մայրաքաղաք եկավ հայ վաճառական Հարություն-Պասկալը, որը նախ սուրճի վաճառակետ բացեց Սեն Ժերմեն տոնավաճառի մոտ, ապա սրճարան հիմնեց դե լա Մոնե փողոցի անկյունում: Դա Փարիզի առաջին սրճարանն էր։ 1675-ից սկսած՝ Հարությունին հետևեցին նաև այլ հայ վաճառականներ, որոնք Փարիզում արմատավորեցին սուրճի մշակույթը:

Պասկալի հիմնածն այժմ չկա, բայց ճիշտ այդ տեղում հիմա ֆրանսիական մեկ այլ սրճարան է գործում:

Պատմական տվյալները վկայում են, որ մինչ այդ դեռ 1658-ին հենց նա էր, որ Լոնդոնում հիմնեց առաջին սրճարանը: Թեև այնտեղ նրա անունը Պասկալ Ռոսե էր հիշատակվում: Վիեննան էլ եվրոպական այն քաղաքներից էր, որտեղ սուրճը վայելեցին հայկական հյուրասիրությամբ: 1963-ին էր, որ վիեննական Հաարմարկտ փողոցում Հովհաննես Աստվածատրյանը հիմնեց առաջին սրճարանը՝ մատուցելով վիեննական հայտնի սուրճը: Նա այնտեղ հայտնի էր որպես Յոհան Դիոդատո:

Այսօր նույն այդ վայրում կրկին սրճարան է գործում, իսկ մուտքի մոտ Աստվածատրյանի քանդակն է` սկուտեղն ու սրճեփը ձեռքին։

Պրահան եվրոպական մայրաքաղաքներից հերթականն էր, ուր սուրճն առաջինը տարածեցին հայերը: «Ցնցող խմիչքը», ինչպես անվանում էին տեղացիները, այնտեղ տարածեց հայազգի Գեորգիես Դեոդատուսը: Ասում են, որ 1705 թվականին առանց գրպանում մի գրոշի Պրահայի «Հին քաղաք» ժամանած Դեոդատուսը այստեղ հիմնեց իր բիզնեսը։ Քաղաքային իշխանությունների թույլտվությունն ստանալով` նա քայլում էր փողոցներով, փոքր վառարանը ձեռքին, որի վրա ջուր էր տաքացնում և սուրճ եփում, անցորդներին առաջարկելով համտեսել ըմպելիքը փոքր գավաթներով։

Եվ Գեորգիեսի սուրճն այնքան տարածում ստացավ, որ նա, 1707 թվականին ստանալով Յոզեֆ 1–ին կայսեր թույլտվությունը, 1708 թվականին այսօրվա Պրահայի հին քաղաքի հատվածում՝ Կառլովի կամրջի մոտ, հիմնեց «Ոսկե օձի մոտ» անվանումով առաջին սրճարան-խանութը։

Սեփականատիրոջ մահից հետո սրճարանը փակվեց։ Այդ վայրում այժմ գործում է համանուն մեկ այլ սրճարան, որի սեփականատեր տիկին Կրալովան բոլոր այցելուներին պատմում է հաստատության նախապատմությունը:

Սուրճը հայ մտավորականների կյանքում

Տարիներ առաջ, երբ Հովհաննես Թումանյանի թանգարանում որոշել էին այցելուներին ներկայացնել Թումանյանին ոչ միայն որպես գրող, այլև որպես մարդկային կերպար, նրա սովորությունների մեջ սուրճին առնչվող մի քանի դրվագների էին հանդիպել:

Մասնավորապես, 1915 թ-ին Հայոց ցեղասպանության օրերին, երբ Թումանյանը Էջմիածում էր ու որբերի խնամքով էր զբաղված, նրա այդ օրերի մասին նրա դուստրը՝ Նվարդը, որոշ մանրամասներ էր պատմել: Ըստ Նվարդի՝ այդ օրերի զբաղվածության մեջ միակ սնունդ-ըմպելիքը սուրճն էր, որին Թումանյանը կոնյակ էր ավելացնում: Այս խառնուրդը ծառայում էր թե՛ էներգիայի աղբյուր, թե՛ հակաբորբոքային միջոց:

Մեկ այլ դրվագ էլ սուրճի սեղանի շուրջ հետաքրքիր զրույցներն էին, ինչպիսին Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Աղայանի զրույցները:

Թումանյանի թանգարանի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով՝ Կոմիտասն, օրինակ, ինքն էր սիրում հյուրերի համար սուրճ պատրաստել և հաճույքով հրամցնում էր։ Թումանյանը մեծ էսթետ էր և առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում իր սպասքին։

Անդրանիկը մոլի սուրճ խմող ու սիգարետ ծխող էր, և անգամ հայ բժիշկները երբեմն վախենում էին ասել, որ սուրճն ու սիգարետը նրան արգելված են։ Եվ միայն Փարիզում արտասահմանցի բժիշկներն էին փոքր-ինչ համարձակություն հավաքում ու խոսում այդ մասին։ Այս շարքում են Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Հրաչյա Աճառյան, Հովհաննես Շիրազ և այլք:

Սուրճը մեր առօրյայում. Ինչպես կողմնորոշվել բազմազանության մեջ

Սուրճն այսօր նախընտրելի ըմպելիք է աշխարհի գրեթե բոլոր կողմերում: Թվային տվյալներն արդեն իսկ բավական են իրական պատկերացում ունենալու համար: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն օր աշխարհում սպառվում է 2, 5 մլրդ բաժակ սուրճ: Օրինական վաճառքի ծավալներով այն աշխարհում որպես արտադրանք երկրորդն է նավթից հետո:

Տարածվածության պատճառը ոչ միայն համային յուրահատկություններն են, այլև ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:

Какой кофе самый крепкий и от чего зависит крепость кофе?
Այն առույգացնող է, խթանում է գլխուղեղի աշխատանքը, շատերն առանձնացում են դրա հատկանիշները նաև որպես հակաբորբոքիչ ու հակաօքսիդանտներ պարունակող ըմպելիք: Միայն թե մասնագետները խորհուրդ են տալիս սուրճերի բազմազանության մեջ լավ մտածել ընտրություն կատարելուց առաջ՝ ստանալով մի քանի հարցերի պատասխաններ՝ այդ թվում թարմության ու սուրճը պահպանելու պայմանների մասին: Սուրճի վաճառքով զբաղվող ընկերությունները սուրճի տեսակների մեծ բազմազանություն են առաջարկում՝ ցանկացած ճաշակի ու նախընտրության համար:

Իսկ որակի, համի, բույրի ու այն մատուցելու նրբաշաճակության համադրությունն է, որ լիարժեք է դարձնում սուրճի զգայական ազդեցությունը: