Zoom-ը գործարկում է սեփական փոստային ծառայությունն ու օրացույցը
Դիտումներ՝ *
11:55 2022-11-15

Այժմ ամբողջ աշխատանքը կարելի է կազմակերպել Zoom-ի աշխատանքային տարածքում՝ առանց Google-ի և Microsoft-ի լուծումների:

Zoom-ի մշակողներն ամենամյա Zoomtopia միջոցառման ժամանակ ներկայացրել են փոստային և օրացույցային նոր ծառայություններ՝ Zoom Mail-ը և Calendar-ը, որոնք համատեղ աշխատանքի համար միասնական Zoom One ինտերֆեյսի մի մասն են լինելու:

Ծառայությունները նման են Microsoft-ի Outlook-ին և առաջարկում են նմանատիպ գործառույթներ: Սակայն Zoom-ի հետ լիարժեք համաժամացման շնորհիվ, հենց օրացույցում օգտատերերը կտեսնեն բոլոր նախատեսված հանդիպումները և մասնակիցներին, ովքեր արդեն սենյակում են: Այնտեղ կհայտնվեն նաև գրառումների և իրադարձությունների կարգավիճակի հղումները:

Zoom Mail-ը կօգտագործի ծայրից ծայր կոդավորումը՝ ապահովելու բոլոր տվյալների անվտանգությունը: Օգտատերերը կկարողանան օգտագործել @zmail.com տիրույթը իրենց հաշիվների համար, իսկ Zoom One բիզնես պլանի հաճախորդները կարող են ստեղծել իրենց սեփականը:

Zoom-ն իր միջոցառման ժամանակ կիսվել է նաև մի քանի այլ նոր հնարավորություններով: Դրանցից մեկը կոչվում է Zoom Spots, որն օգնում է «ապահովել անխափան անձնական փոխազդեցություն»՝ միացված պահելով թիմի անդամների տեսախցիկները վիրտուալ տարածքում: Zoom Spots-ը կգործարկվի 2023 թվականի սկզբին, իսկ Օրացույցը և Փոստը դեռ բետա փուլում են:

Սիրարփի Աղաբաբյան

168.am