Apple-ի երկրորդ մատակարարը սկսում է iPhone 14-ի արտադրությունը Հնդկաստանում
Դիտումներ՝ *
20:24 2022-11-07

Թայվանական Pegatron ընկերությունը՝ ամերիկյան Apple-ի պայմանագրային մատակարարը, սկսել է iPhone 14-ի հավաքումը Հնդկաստանում, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։ Այս քայլը Pegatron-ին դարձնում է ընկերության երկրորդ մատակարարը, որն արտադրում է վերջին iPhone-ը երկրում:

Հնդկաստանում նոր արտադրության գործարկումը տեղի է ունեցել Չինաստանի Չժենչժոու քաղաքում Apple-ի հիմնական մատակարարի (Թայվանի Foxconn) աշխատանքի դադարեցման ֆոնին՝ Չինաստանի իշխանությունների կողմից սահմանված կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Այս հանգամանքն ընդգծեց կորպորացիայի խորը կախվածությունը Չինաստանից, չնայած վերջին տարիներին Apple-ը փորձում էր դիվերսիֆիկացնել արտադրությունը՝ ի հաշիվ այլ երկրների։

Foxconn-ը սկսել է iPhone 14-ի արտադրությունը Հնդկաստանում սեպտեմբերին՝ Apple-ի նոր արտադրանքի գիծը ներկայացնելուց ամիսներ անց: Կորպորացիան կրճատել է iPhone 14-ի թողարկման ժամկետը Չինաստանի և Հնդկաստանի միջև մինչև մի քանի շաբաթ: Foxconn-ը պահպանում է բացառիկ իրավունքները iPhone Pro մոդելների նկատմամբ, որոնք Apple-ի գլխավոր արտադրող գործընկերը հավաքում է Չժենչժոուում:
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում գտնվող Pegatron գործարանում սեպտեմբերի վերջին աշխատել է ավելի քան 7000 մարդ։ Գործարանը սկսել է iPhone 12-ի արտադրությունը 2022 թվականի սկզբին։ Սովորաբար Pegatron-ը ստանում է iPhone-ի սկզբնական մակարդակի մոդելների պատվերներ:

Apple-ը ստիպված է այլընտրանքային արտադրական կենտրոններ փնտրել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական իրավիճակի սրման, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարում Պեկինի ռազմավարության պատճառով։ Հնդկաստանի իշխանությունները երկիրը դիրքավորում են որպես Չինաստանի մրցակից՝ արտադրական հզորությամբ։ Apple-ի տեղական Redington-ի վերավաճառողի արժեքը բարձրացել է Foxconn-ի գործարանում կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով խնդիրների մասին հաղորդումներից հետո։

Չինաստանում iPhone-ի բաղադրիչների մեծ մասի արտադրությունը դժվարացնում է սմարթֆոնների արտադրությունը երկրից դուրս տեղափոխելը, ասում է Counterpoint-ի ավագ վերլուծաբան Իվան Լամը:
Apple-ի խոշորագույն մատակարարներ Foxconn-ը, Pegatron-ը և Wistron-ը ընդլայնել են iPhone-ների հավաքումը Հնդկաստանում՝ վարչապետ Նարենդրա Մոդիի ֆինանսական խթանման ծրագրի շնորհիվ: Սա նպաստեց Հնդկաստանից ապրանքների արտահանման ավելացմանը։ 2017 թվականին Wistron-ն առաջին անգամ սկսեց iPhone-ի հավաքումը Հնդկաստանում։

2022 թվականի ապրիլից օգոստոս Հնդկաստանից iPhone-ի արտահանումը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, հաղորդում է Bloomberg-ը։ Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2023 թվականի մարտն այդ արժեքը կհասնի 2,5 միլիարդ դոլարի՝ Հնդկաստանում արտադրված սմարթֆոնները վաճառվում են Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շուկաներում։

Հոկտեմբերին Nikkei-ը հայտնել էր, որ Apple-ը խնդրել է իր մատակարարներին տեղափոխել AirPods-ի և Beats ականջակալների արտադրությունը Հնդկաստան:

Սիրարփի Աղաբաբյան

168.am