Twitter-ի աշխատակիցները դատի են տվել ընկերությանը՝ զանգվածային կրճատումների համար
Դիտումներ՝ *
19:58 2022-11-07

Ընկերության աշխատակիցները, որին պատկանում է Twitter համանուն սոցիալական ցանցը, խմբակային հայց են ներկայացրել գործատուի դեմ՝ զանգվածային կրճատումների պատճառով։ Ավելի վաղ հարթակի նոր ղեկավար Իլոն Մասկը ներկայացրել էր ծրագիր, որը նախատեսում է մոտ 3,7 հազար աշխատատեղերի կրճատում։ Աշխատակիցները Twitter-ին մեղադրել են դաշնային և Կալիֆոռնիայի օրենքները խախտելու մեջ։

Նոյեմբերի 4-ին ընկերությունը զանգվածային կրճատման նախազգուշացում է ուղարկել աշխատակիցներին, ղեկավարությունը արգելափակել է լրիվ դրույքով աշխատողների անցագրերն ու հաշիվները: Մասկը նախատեսում է կրճատել Twitter-ի անձնակազմի կեսը, որպեսզի կրճատի ծախսերը պլատֆորմի վրա, որը նա գնել էր անցյալ ամիս 44 միլիարդ դոլարով:

Twitter-ի դեմ դատական ​​հայցերում աշխատակիցները վկայակոչում են Աշխատողների ճշգրտման և վերապատրաստման ծանուցման դաշնային օրենքը (WARN), որն արգելում է ավելի քան 100 աշխատակից ունեցող ընկերություններին զանգվածային կրճատումներ իրականացնել առանց առնվազն 60 օր առաջ ծանուցման:

Աշխատողները պնդում են, որ օրենքն արգելում է Twitter-ին ստիպել ստորագրել փաստաթղթեր, որոնք աշխատակիցներին զրկում են դատական ​​գործընթացներին մասնակցելու իրավունքից։

Աշխատակիցներին ներկայացնում է փաստաբան Շենոն Լիս-Ռիորդանը, որը հունիսին նմանատիպ հայց է ներկայացրել Մասկի մյուս ընկերության՝ Tesla-ի դեմ։ Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունը նախօրեին աշխատանքից ազատել է իր աշխատողների 10%-ին։ Օսթինի դատարանը որոշել է, որ աշխատակիցները պետք է իրենց պահանջները ներկայացնեն փակ արբիտրաժում։ Լիս-Ռիորդանը կարծում է, որ Մասկը Twitter-ի դեպքում մտադիր է կրկնել նույն սցենարը, ինչ Tesla-ի դեպքում։

Սիրարփի Աղաբաբյան

168.am