Հանդիպեցին Հայաստանն ու Ռուսաստանը. Էդուարդ Ասադովը՝ Սերգեյ Եսենինի ու Շահանե Տալյանի սիրո մասին
Դիտումներ՝ *
15:21 2022-11-06

1924 թվականի դեկտեմբերին Սերգեյ Եսենինի հանդիպումը Շահանե Տալյանի հետ ոչ միայն ոգեշնչեց բանաստեղծին գրել «Պարսկական մոտիվները», այլև դարձավ հայկական ծագմամբ խորհրդային գրող Էդուարդ Ասադովի (Էդուարդ Արտաշեսի Ասադյան) բանաստեղծություններից մեկի հիմնական թեման՝ եսենինյան ժամանակաշրջանից գրեթե կես դար անց։

Ասադովն ընթերցողին ներկայացնում է հերոսուհու բոլորովին այլ կերպար՝ ոչ թե «սիրելի Շահանե», «պարսկական շորեր հագած հայուհի», այլ Շահանե Ներսեսովնա Տալյան՝ աչքերի շուրջը «կնճիռներով», որը, նայելով Երևանի գիշերային մթությանը, հիշում է Եսենինի հետ անցկացրած ժամանակները։

Սերգեյ Եսենինը ծանոթացել է Շահանե Տալյանի հետ Բաթում կատարած ուղևորության ժամանակ, և դպրոցի ուսուցչուհու հետ ծանոթության շնորհիվ հայտնվել է «Պարսկական մոտիվներ» շարքը, որը գրվել է 1924-1925 թվականներին։ Շատ բանաստեղծություններում առկա է ոչ միայն Շահանեի կերպարը, այլ նաև անունը, և դա հաստատում է՝ Տալյանը դարձել է Եսենինի մուսան:

Եսենինի «Շահանե, օ՛, դու իմ Շահանե» հայտնի ստեղծագործության սկիզբը (1924) դարձել է Ասադովի «Շահանե»-ի (1969) էպիգրաֆը:

Շահանե, օ՛, դու իմ Շահանե

Շահանե, օ՛, դու իմ Շահանե,

Հյուսիսից եմ եկել ես հեռու,

ՈՒ պատրաստ եմ ես քեզ պատմելու,

Արտերից ու լուսնից մեր անեղծ,

Շահանե, օ՛, դու իմ Շահանե.

Հյուսիսից եմ եկել ես հեռու,

Ուր լուսինն այնքան մեծ է ու ջինջ.

Ձեր Շիրազը որքան էլ թովիչ,

Բայց էլի ինձ Ռյազանն է գերում,

Հյուսիսից եմ եկել ես հեռու.

Ես պատրաստ եմ հիմա պատմելու,

Որ մազերն իմ առա արտերից,

Թե կուզես փաթաթիր մատներիդ,

Նրանք նուրբ են այնպես ու հլու,

Ես պատրաստ եմ հիմա պատմելու.

Մեր լուսնի, արտերի մասին լայն

Դու գանգուր մազերից իմ դատիր,

Թանկագինս, ժպտա, կատակիր,

Չարթնացնես իմ հուշերը միայն

Մեր լուսնի, արտերի մասին լայն.

Շահանե, օ՛, դու իմ Շահանե,

Հյուսիսում մի աղջիկ կա նույնպես,

Որ դեմքով քեզ նման է այնպես…

Չի կարող նա մտքից ինձ հանել,

Շահանե, օ՛, դու իմ Շահանե.

Էդուարդ Ասադովի բանաստեղծության քնարական հերոսուհի Շահանե Տալյանը տարեց կին է։ Շահանե Ներսեսովնան չի կարողանում քնել, նա հիշում է այն տողերը ստեղծագործությունից, որը Եսենինը նվիրել է իրեն:

Ասադովը մտածում է՝ իսկ եթե չբաժանվեի՞ն։ Երևի բանաստեղծը երբեք չէր գրի իր «Պարսկական մոտիվները» շարքը: Կամ գուցե եթե հերոսները միասին մնային՝ «երկու ճանապարհը մեկ դառնար», Եսենինը ողջ մնար (բանաստեղծին մահացած են գտել Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցում 1925 թվականի դեկտեմբերին՝ Տալյանի հետ հանդիպումից մեկ տարի անց։ Ըստ վարկածի՝ նա ինքնասպան է եղել)։

Գրողը երկու տարեկան է եղել, երբ Եսենինը մահացել է (Ասադովը ծնվել է 1923 թվականին), հետևաբար նա կարող էր միայն ենթադրություններ անել դպրոցի ուսուցչուհու հանդեպ ռյազանցի բանաստեղծի զգացմունքների մասին՝ հիմնվելով «Պարսկական մոտիվների» և հենց Տալյանի հիշողությունների վրա: