SPRING PR-ի հիմնադիրներն արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին
Դիտումներ՝ *
19:50 2022-11-03

Հայաստանյան առաջատար SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքոնյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։

Exchange4media-ի կողմից Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող միջոցառումը համախմբում է առաջատար մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու ոլորտի զարգացումներն ու մեծարելու կանանց հսկայական դերն ու ներդրումը համաշխարհային հաղորդակցության ոլորտում։

«Տարվա համաշխարհային PR առաջնորդ» անվանակարգում մրցանակի են արժանացել նաև Ruder Finn ընկերության գործադիր տնօրեն Քեթի Բլումգարդենը, Curzon PR ընկերության գործադիր տնօրեն Ֆարզանա Բադուելը, METIA, Hill+Knowlton Strategies-ի գործադիր տնօրեն Լիզա Ուելշը, Pinch Point Communications-ի գործադիր տնօրեն Սառա Փինչը։

«Ամեն անգամ նման մրցանակները հնարավորություն են տալիս վերաարժևորել անցած ուղին ու ջանքերը, որ թե՛ որպես անհատ, թե՛ որպես թիմ ներդրել ենք Հայաստանում հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի ոլորտի կայացման համար։ Պետք է խոստովանեմ՝ այդ «ճամփորդությունը» հարթ ու անխոչընդոտ չէր, բայց փաստը, որ հենց ուսանողներիս հետ հիմնեցինք ու կայացրինք SPRING PR ընկերությունը, որն այսօր դաշտի առաջատարներից է, ավելի քան խոսուն է»,- նշել է SPRING PR ընկերության համահիմնադիր ու խորհրդի նախագահ Նվարդ Մելքոնյանը։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս բարձր մակարդակի ճանաչմանն արժանանալը և ընդգրկվելը «50 կին առաջնորդների ցանկում»՝ PR-ի և հաղորդակցության ոլորտի պրոֆեսիոնալ այլ կին առաջնորդների հետ միասին: Women Achievers Awards-ը մեր ամբողջ թիմի հաղթանակն է, ու մենք հպարտ ենք, որ մեր ջանքերի շնորհիվ Հայաստանն իր պատվավոր տեղն է զբաղեցնում միջազգային PR համայնքում՝ որպես գրագետ և մրցակցային PR արշավներ իրականացող ակտիվ դերակատար և համաշխարհային հաղորդակցությունների ոլորտում ազդեցություն ունեցող երկիր»,- ասել է SPRING PR-ի հաղորդակցության և միջազգային կապերի գծով ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ C4F Davos-ի, Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) և «Համաշխարհային հաղորդակցության ֆորումի ասոցիացիա»-ի (WCFA) կողմից մրցանակներին լրացնելու է գալիս նաև ճանաչումը PR ոլորտի ամենակարևոր իրադարձության՝ ասիական ամենախոշոր մրցանակաբաշխություններից մեկից։ Սիմոնյանը հավելել է, որ Հնդկաստանն անչափ կարևոր ուղղություն է ընկերության համար, և ապագայում նախատեսվում են համատեղ ծրագրեր Հնդկաստանի գործընկերների հետ։

Տաթևիկ Սիմոնյանը e4m PR & Corp Comm Women Achievers Summit-ում հանդես է եկել որպես հիմնական բանախոս և «PR-ի նոր աշխարհ. ինքնության որոնում. փոփոխությունների շրջան» խորագրով ելույթում անդրադարձել PR մասնագիտության առջև ծառացած մարտահրավերներին, փոխակերպումներին ու զարգացման հեռանկարներին, ներկայացրել հայաստանյան փորձն ու գիտելիքը։