9 մոգական-ռեալիստիկ փաստ «100 տարվա մենություն» գրքի մասին
Դիտումներ՝ *
18:56 2022-11-03

Netflix-ը սերիալ կնկարահանի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» կուլտային վեպի հիման վրա։ Նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում։ Սերիալի ստեղծման աշխատանքներում ներգրավված են գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան և Գոնսալո Գարսիա Բարչան:

Գաբրիել Գարսիա Մարկեսին «գրականության լուսատու» անվանելն անգամ կլինի թերագնահատում: Երբ նա մահացավ 2014 թվականին 87 տարեկանում, նրա հայրենի Կոլումբիայում եռօրյա սուգ հայտարարվեց գրական մեծության համար, որին ժողովուրդն անվանում էր «Գաբո»:

Նա ունի բազմաթիվ հրաշալի գործեր, բայց դրանցից ամենահայտնին թերևս «Հարյուր տարվա մենությունն» է, որը պատմում է մի դժբախտ, ինցեստի համար մեղավոր, բայց միշտ հետաքրքրաշարժ ընտանիքի կյանքը՝ ​​Մակոնդո հորինված գյուղից:

Ներկայացնում ենք 9 փաստ այս բացառիկ գլուխգործոցի մասին․

1. «Հարյուր տարվա մենությունը» հրատարակվելուց անմիջապես հետո դարձավ բեսթսելլեր

Գարսիա Մարկեսը «Հարյուր տարվա մենությունն» ավարտեց 1966-ի վերջին: Այդ ժամանակվանից ի վեր վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակ՝ 25 լեզուներով։ Վեպը դարձավ ամենավաճառվող իսպանալեզու գիրքը, բացառությամբ Աստվածաշնչի։ «Եթե ինքս գրած չլինեի այն՝ երբեք չէի կարդա», – խոստովանել է Գարսիա Մարկեսը 1973 թվականին The Atlantic գրական ամսագրին տված հարցազրույցում։ «Ես բեսթսելլերներ չեմ կարդում»,- հավելել էր նա:

2. Այս գիրքը գուցե երբեք գոյություն չունենար․․․

«Հարյուր տարվա մենությունից» առաջ Գարսիա Մարկեսը չորս գիրք էր հրատարակել իսպաներենով, բայց այնքան հիասթափված էր դրանցից, որ հինգ տարի հրաժարվում է գրելուց։ Այնուամենայնիվ, նա չկարողացավ մի միտք հանել իր գլխից… իսկ երբ որոշեց նորից փորձել, կինը դարձավ ընտանիքի միակ կերակրողը, և այդ ընթացքում ինքն էլ սուզվեց աշխատանքի մեջ՝ գաղափար չունենալով, թե ուր կբերի նրան այդ սյուժեն: «Ես 18 ամիս անընդմեջ՝ ամեն օր գրում էի, մինչև ավարտեցի գիրքը», – ասել է նա հարցազրույցներից մեկում: Ձեռագիրն այնքան ծավալուն էր, իսկ իր ընտանիքի խնայողությունները՝ այնքան չնչին, որ նա կարող էր թույլ տալ միայն դրա կեսն ուղարկել հնարավոր հրատարակչին։ Զուտ պատահականությամբ նա փոստով ուղարկում է նաև մյուս կեսը։ Հրատարակիչն այնքան է ցանկանում կարդալ առաջին մասը, որ վճարում է փոստային ծախսերը:

3. Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն մարդը, որը Մարկեսի գիրքն անգլերեն է թարգմանել

Կուբա-ամերիկյան գրականության պրոֆեսոր Գրեգորի Ռաբասան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես կրիպտոգրաֆ: Բացի ծածկագրերը վերծանելուց, նա աչքի է ընկել նաև Սպիտակ տուն այցելելով և Մառլեն Դիտրիխի հետ պարելով։ Վարպետորեն տիրապետելով առնվազն յոթ լեզուների՝ հարցաքննում էր նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած բանտարկյալներին։ Մարկեսը մի ամբողջ տարի սպասեց, մինչև Ռաբասան իր խիտ գրաֆիկում ազատ ժամանակ ունեցավ։ Երբ 1970-ին անգլիախոս աշխարհում թողարկվեց «Հարյուր տարվա մենությունը», հեղինակն այնքան գոհ էր արդյունքից, որ իր թարգմանչին ասաց, որ անգլերեն տարբերակն ավելի լավն է, քան բնօրինակը:

Գրամեքենան, որի վրա տպվել է վեպը, ցուցադրված է Բոգոտայի Կոլումբիայի ազգային գրադարանում

4. Չնայած մոգական ռեալիստի հռչակին՝ Գարսիա Մարկեսը սկսել է կարիերան որպես լրագրող

Նրա ամենամեծ հոդվածներից մեկը կոլումբիական էսկադրային ականակրի հետ կապված միջադեպի հետաքննությունն էր: Միակ փրկվածի հետ զրույցի ժամանակ Մարկեսը պարզում է, որ նավի խորտակման պաշտոնական վարկածը, իբր ռազմանավն անսպասելիորեն հայտնվել է փոթորկի մեջ, ճշգրիտ չէ: Անձնակազմի անդամներն իրականում ծով էին դուրս եկել վատ ամրացված մաքսանենգ բեռով, որը տեղափոխվում էր բռնապետին մոտ գեներալի հրամանով։ Բռնապետ Գուստավո Ռոխաս Պինիլյան այնքան է զայրանում հրապարակված պատմությունից, որ թերթի հրատարակչի նկատմամբ ճնշումն ի վերջո հանգեցնում է թերթի փակմանը․․․

Գրողն իր ամբողջ կյանքում հետաքրքրվել է քաղաքականությամբ և մեկ անգամ չէ, որ իր գրիչն ուղղել է կապիտալիզմի դրսևորումների դեմ։ «Հարյուր տարվա մենություն» գրքում նկարագրված գաղութային բանանային ընկերությունը բացահայտ հիմնված էր հսկայական «United Fruit» կորպորացիայի վրա, որին Մարկեսը մեղադրում էր իր հայրենի քաղաքի ապրելակերպը ոչնչացնելու համար։ Եվ գիրքը պատճառներից մեկն էր, որ ընկերությունն ի վերջո ստիպված եղավ վերաբրենդավորվել՝ դառնալով «Chiquita»։

 

 

5. Գարսիա Մարկեսը պատահաբար անդրադառնում է մեկ այլ ժանրի՝ բժշկական ռեալիզմին

Գարսիա Մարկեսն ուներ մոգական ռեալիզմի իր ըմբռնումը, բայց երբեմն այն, ինչ, նրա կարծիքով, հորինվածք էր, պարզվում էր՝ իրական է: «Հարյուր տարվա մենություն» գրքի սկզբում Մակոնդոյին հարվածում է անքնության ժանտախտը: Գյուղացիները սկսում են մոռանալ իրերի անունները։ Գլխավոր հերոս Խոսե Արկադիո Բուենդիան նույնիսկ պիտակներ է կպցնում յուրաքանչյուր կենցաղային իրի վրա: Նման ճանաչողական խանգարումն իրականում առաջին անգամ նկարագրվել է բժշկական գրականության մեջ միայն 1975 թվականին՝ գրքի հրատարակումից ութ տարի անց: Այն կոչվում է «իմաստային դեմենսիա», և Գարսիա Մարկեսը ճշգրիտ նկարագրում է գլխուղեղի դեգեներացիայի որոշ տեսակների ախտանիշները։

6. Գրքի հաջողությունը մի փոքր նման էր Բիթլամանիային

«Հարյուր տարվա մենություն» գրքի հրատարակումից երկու օր անց The Beatles լեգենդար խումբը թողարկեց ալբոմ, որը կոչվում էր «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»: Այս երկու թողարկումները կարող են ժամանակի ոգին արտացոլող օրինակ ծառայել: Գարսիա Մարկեսը մղվեց լատինաամերիկյան գրական շարժման առաջին պլան: Բոլորը՝ մտավորականներից մինչև սեքս-արդյունաբերության ոլորտի աշխատողներ, գնում էին այս գիրքը, կարդում ու խոսում դրա մասին: Նրա անդասակարգ գրավչությունը սնվում էր քաղաքական և մշակութային ցնցումների արբեցնող ժամանակաշրջանից: «Այս գիրքն առաջինն էր, որ միավորեց իսպանալեզու գրքի մշակույթը, որը երկար ժամանակ բաժանված էր Իսպանիայի և Լատինական Ամերիկայի, քաղաքների և գյուղերի, գաղութարարների և գաղութացվածների միջև», – գրել է Փոլ Էլին՝ Vanity Fair-ում:

7. Գարսիա Մարկեսը որոշեց, որ ոչ ոք երբեք չի էկրանավորի «Հարյուր տարվա մենությունը»

Գիրքն ինքնին ծավալուն է, խիտ հագեցած իրադարձություններով, իսկ սյուժեն՝ միտումնավոր խճճված (շատ քննադատներ նշել են, որ այն լիովին համապատասխանում է Աստվածաշնչի սյուժեին), բայց դա չխանգարեց այն էկրանավորել ցանկացողներին: Նրա մեկ այլ ստեղծագործություն՝ «Սերը ժանտախտի օրերին» վեպը վերածվեց հոլիվուդյան ֆիլմի՝ Խավիեր Բարդեմի և Բենջամին Բրեթի մասնակցությամբ։ Բայց երբ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Գարսիա Մարկեսին դիմեց «Հարյուր տարվա մենության» էկրանավորման համար՝ գրողն առաջ քաշեց հետևյալ պայմանները. «Մենք պետք է գիրքն ամբողջությամբ էկրանավորենք, բայց թողարկենք տարեկան միայն մեկական գլուխ՝ 2 րոպե տևողությամբ՝ 100 տարվա ընթացքում»։

Գարսիա Մարկեսը 2006 թվականին

8. Մոգական ռեալիզմը քաղաքական ակտ էր ինչպես Գարսիա Մարկեսի, այնպես էլ նրա հետևորդների համար

Դոմինիկյան ծագմամբ ամերիկացի գրող Ջունո Դիասն այն անվանել է գործիք, «որը թույլ է տալիս Կարիբյան ավազանի բնակիչներին ավելի պարզ տեսնել իրերն իրենց աշխարհում, սյուրռեալիստական ​​աշխարհում, որտեղ ավելի շատ մահացածներ կան, քան ողջեր»: Անգլո-հնդիկ գրող Սալման Ռուշդին Գարսիա Մարկեսի ներկայացրած Լատինական Ամերիկայից սովորել է իր սեփական փորձը: Գանացի բանաստեղծ Նիի Պարկեսն ասում է, որ գրողը «սովորեցրել է Արևմուտքին կարդալ այլընտրանքային իրականության մասին, որն իր հերթին ճանապարհ է հարթել ոչ արևմտյան գրողների համար, ինչպիսին ես եմ, և այլ գրողների՝ Աֆրիկայից և Ասիայից»:

9. Գարսիա Մարկեսը գիրքը մոգական չէր համարում

Այն, ինչ մյուսները համարում են «մոգական ռեալիզմ», Գարսիա Մարկեսն անվանում էր պարզապես «կյանքի փորձ»: Մի անգամ նա ասել է, որ այն ամենը, ինչ գրել է, իրականում սովորել, ապրել կամ լսել է դեռ 8 ​​տարեկանը չբոլորած։ «Երբ թերթ ես բացում, տեսնում ես, որ մեզ հետ ամեն օր տարօրինակ բաներ են պատահում»,- ասել է նա 1988թ.։ «Իմ վեպերում չկա ոչ մի տող, որը հիմնված չէ իրականության վրա»: