Ուրիշը. Փարաջանով. տխուրի և հանճարեղ-շատի մասին
Դիտումներ՝ *
14:18 2021-10-27

1924 թվականի հունվարի 9-ին է ծնվել Սարգիս Հովսեփի Փարաջանյանը: Աշխարհին հայտնի հայազգի ռեժիսորը 20-րդ դարի ամենահետաքրքիր դեմքերից մեկ էր: Նրա բազմազանությունը, տաղանդի տարօրինակ ու անընկալելի յուրահատկությունն ու քաղցրությունը անտարբեր թողնել չեն կարող ոչ ոքի:

Հնավաճառություն և մարմնավաճառություն

Սերգեյի հայրը Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից էր: Նա հնավաճառ էր և քաղաքում հասարակաց տուն ուներ՝ «Ընտանեկան տուն» անվամբ: Այս տան համար մարմնավաճառներ էին բերում աշխարհի ամենատարբեր քաղաքներից, իսկ նրանց ընտրում և ընդունում էր Փարաջանովի մայրը:

Սակայն շուտով Իոսիֆին՝ Սերգեյի հորը ձերբակալում են, ունեցվածքը՝ բռնագրավում, գործունեությունը՝ որակում հանցավոր: Նման մանկություն ունեցած Սերգեյը երբեք չուզեց հոր ուղին բռնել՝ հնավաճառությամբ զբաղվել: Հայրն էլ երբեք որդուն չներեց դրա համար:

Հնավաճառություն՝ ոչ

Հնավաճառություն՝ ո՞չ: Բա ի՞նչ: Նախ երկաթուղային տրանսպորտի ինստիտուտ, դա էլ չէ, հետո միանգամից երկու մասնագիտություն՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ ֆակուլտետ և պարարվեստի ուսումնարան, դա էլ չէ… Մոսկվա է պետք գնալ, Մոսկվա: Մոսկվայի կոնսերվատորիա, չէ, ավելի լավ է՝ Մոսկվայի կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ։ Այո՛:

Առաջին սերը միշտ կուտ է գնում

Առաջին սերը Մոսկվայում հանդիպած թաթարուհին էր՝ Նիգյարը: Հանրախանութում պատահական հանդիպում՝ ճակատագրական, սեր, ամուսնություն՝ անթույլատրելի: Նիգյարի ծնողները մեծ փրկագին են պահանջում իրենց աղջկա համար. թաթարական ավանդույթ էր: Փարաջանովը հարուստ չէր, փող տալ չէր կարող: Սակայն գուցե հա՞յրը օգներ: նա հորն աղերսալի նամակ գրեց և փող խնդրեց: Սակայն Իոսիֆի համար սա հայրական վիրավորված ինքնասիրության վրեժը լուծելու առիթ էր՝ վերջապես: Նա մերժեց. հայրական ավանդույթ էր: Թող որդին չհրաժարվեր ընտանեկան ավանդական գործից և փող ուներար, թող հոր մասնագիտությունը շարունակեր և ինքը կօգներ…

Թաթարները փրկագնի բացակայությունը ներել չկարողացան: Նիգյարի եղբայրներն իրենց քրոջը Փարաջանովի հետ այդպես երջանիկ տեսնել չէին ուզում. ավելի լավ է՝ սպանեն սեփական քրոջը. նրանք Նիգյարին գնացքի տակ նետեցին և խնդիրը փակվեց: Վերջ: Ինչպե՞ս վերապրել այս ցավը, այս անարդարությունը: Ի՞նչ անել…

1955 թվականին Սերգեյը «Անդրիեշ» ֆիլմն է նկարում՝ ի հիշատակ կնոջ։ Նկարում է և անցնում առաջ:

Սվետլանան՝ նոր սեր

Մոսկվայից՝ Կիև: Սվետլանա Շչերբատյուկ, ամուսնություն, որդի՝ Սուրենը, որը այնքան նման էր ուկրաինուհի մորը, և այնքան նման չէր հայ հորը: Կարծես բոլորը երջանիկ են, բայց…

Փարաջանովի՝ օրեցօր ավելի սուր արտահայտվող տարօրինակությունները տանջում էին ուկրաինուհի կնոջը: Սերգեյի ուտելիքը, օրինակ, պետք է հատուկ դասավորություն ունենար ափսեի մեջ, սեղանի բաժակը՝ նույնպես, նա կարող էր միանգամից 50 մարդ տուն հրավիրել, խնջույքներ կազմակերպել օրուգիշեր, թանկ նվերներ գնել հյուրերի համար, ապա ետ վերցնել… Մի խոսքով դիմանալը դժվար էր, Սվետլանան վերցնում է որդուն և հեռանում 1961 թվականին:

Մոռացված նախնիների ստվերները

Անձնական կյանքը թերևս չէր ստացվում, իսկ ռեժիսորական կարիերան՝ հրաշալի: «Մոռացված նախնիների ստվերները» 1964 թվականին Փարաջանովին միանգամից հայտնի դարձրեց: Այն բազում միջազգային մրցանակների արժանացավ:

«Մոռացված նախնիների ստվերներ ֆիլմի» առաջին ոսկե մրցանակը, 1965 թ.  

Նորարարությունն ու համարձակությունը արգելված են

Հասկանալով, որ Կիևում իրեն այլևս ազատ աշխատել չեն թողնում, Փարաջանովը որոշեց Երևան գալ: Այստեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968-ին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

Նռան գույնը

Պետկինոյի ղեկավարները «Նռան գույնը» բնականաբար չհանավեցին. դա ի՞նչ է, ֆի՞լմ: Ֆիլմը ցուցադրվելու իրավունք ստացավ միայն 4 տարի անց՝ 1973-ին։ Փարաջանովին պարտադրեցին մոնտաժել ֆիլմը: Նա մերժեց: Դու մերժում ես, ուրիշը կանի՝ ասացին: «Նռան գույնը» մոնտաժեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը:

Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել և որը գտնվում է Հայֆիլմի արխիվում և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի: Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս, որից հետո հանվեց. տարօրինակ և վտանգավոր ֆիլմ: Ավելի լավ է՝ չցուցադրվի առհասարակ:

Բանտարկություն, թույլ առողջություն և ուժեղ երևակայություն 

Ռեժիսորի սիրտը հիվանդ էր, շաքարախտ ուներ, արյուն էր թքում։ Նա բանտում հավաքարար էր աշխատում… Սակայն չստեղծագործել անհնար էր:

Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրում է Պուշկինի դիմանկարը։ Տարիներ անց այդ կափարիչը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի մոտ, նա էլ այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերին։

Ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, բայց նա մոտ 20 սցենար էր գրել: «Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել: Այժմյան կյանքս անիմաստ է: Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը: Թակել եմ բոլոր դռները: Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում: Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ: Արձակուրդն անտանելի է ինձ համար: Չեմ կարող ապրել առանց աշխատանք: Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել: Պետք է հապճեպ հեռանամ այստեղից: Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ: Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ: Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել: Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ: Պետք է հեռանամ այստեղից․․․»:

Հուսալքված հանճարը անգործ նստել չէր կարող, դա մահվանից վատ էր: Ներսում փոթորիկներ էինք, հանճարեղ ու կոնծանարար-ստեղծող փոթորիկներ, որոնք հանդարտվել կարող էին միայն դուրս գալու, ինչ-որ բան դառնալու միջոցով: Փակել սիրտը, հոգին, միտքը, բերանը, ականջները, փակել ու խեղդվել սեփական օվկիանոսի փոթորիկներում:

Մահը վերջը չէ

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ 1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ ղարիբը», որը ցուցադրվեց Վենետիկի կինոփոռատոնում:

1989-ին Փարաջանովը սկսեց աշխատել հերթական ֆիլմի վրա՝ «Խոստովանանք»՝ ինքնակենսագրական։ Սակայն նկարահանել չկարողացավ: Ծանր հիվանդ էր. թոքի քաղցկեղ, վիրահատություններ, բուժումներ՝ ապարդյուն:

1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան: 3 օր անց մահացավ։

Աղբյուր՝ vnews.am