5 ֆիլմ և սերիալ իրական մոլագարների մասին, որոնց պատմություններն ավելի սարսափելի են, քան ցանկացած սցենար
Դիտումներ՝ *
20:00 2022-10-31

Ռայան Մերֆիի նոր նախագիծը՝ «Հրեշ. Ջեֆրի Դամերի պատմությունը», հոսքային հարթակում ռեկորդներ է սահմանում. այն դարձել է Netflix-ի երկրորդ ամենաշատ դիտված անգլալեզու նախագիծը:

Ներկայացնում ենք այս և այլ նախագծեր, որոնք պատմում են պատմության ամենաբարդ ու վտանգավոր մոլագարների մասին:

1. Հրեշ. Ջեֆրի Դամերի պատմությունը / Monster: The Jeffrey Dahmer Story

Չնայած իր ժողովրդականությանը՝ ԱՄՆ պատմության ամենասարսափելի և դաժան մոլագարներից մեկի մասին սերիալն առանց սկանդալի չի անցել։ Դամերի զոհերի հարազատները շոուի հեղինակներին մեղադրել են փաստերը խեղաթյուրելու և մահացածներին վատ լույսի ներքո ներկայացնելու համար։ Նախագծին ոչ միանշանակ են արձագանքել նաև սոցիալական ցանցերում. թողարկումից հետո հենց առաջին օրերին հանդիսատեսի մի մասը սկսեց ապրումակցել Դամերին՝ կենտրոնանալով, ի թիվս այլնի, նրա գրավիչ արտաքինի վրա։ Այդ պատճառով կինոքննադատները շոուի հեղինակներին մեղադրեցին մոլագարի կերպարը ռոմանտիկացնելու համար։

Ամեն դեպքում, նախագծի վերաբերյալ սեփական զգացողությունները որոշելու համար արժե դիտել՝ չնայած հակասություններին։ Եթե ​​գեղարվեստական ձևաչափն այնքան էլ հետաքրքիր չի թվում, ապա նույն Netflix-ն ունի «Զրույցներ մարդասպանի հետ․ Ջեֆրի Դամերի գրառումները» կոչվող վավերագրական սերիալը: Այն ոչ մի կերպ չի զիջում Մերֆիի նախագծին և գուցե նույնիսկ ինչ-որ կերպ գերազանցում է այն, քանի որ սերիալի գլխավոր հերոսները մարդիկ են, որոնք կարողացել են բռնել և դատապարտել մոլագարին․ էկրանավորման մեծ մասը նվիրված է նրանց տիտանական աշխատանքին և հնարամտությանը:

2. Անհնար է հավատալ / Unbelievable

Սեռական բռնության ենթարկված 18-ամյա Մարի Ադլերը (Քեյթլին Դիվեր), դետեկտիվների ճնշման տակ, հետ է վերցնում իր դիմումը և կատարվածն անվանում հորինվածք: Արդյունքում, դա միանգամից մի քանի կյանք է ոչնչացնում:

Միայն մի քանի տարի անց երկու կին դետեկտիվներ (Թոնի Քոլլեթը և Մերիտ Ուիվերը) կարողացան հասնել ճշմարտությանը, բռնել հանցագործին և օգնել Մարիին:

Նախագիծը հիմնված է Քրիստիան Միլլերի և Քեն Արմսթրոնգի «Բռնաբարության անհավանական պատմությունը» հոդվածի վրա, որը 2016 թվականին արժանացավ Պուլիտցերյան մրցանակի և հետագայում վերածվեց գրքի՝ «Հանցագործության պատմություն, որին ոչ ոք չէր հավատում» (A True Story of Rape in America):

3. Ձեռքերը հեռու կատուներից: Ինտերնետ մարդասպանների որս / Don’t F**k with Cats: Hunting an Internet Killer

Netflix-ի վերջին տարիների լավագույն վավերագրական նախագծերից մեկը։ Սերիալի սյուժեն սկզբում այնքան անհավատալի էր թվում հանդիսատեսին, որ սթրիմինգային ծառայությունը կասկածվում էր կեղծիքի համար․ենթադրում էին, թե այն նախագիծ է, որը միայն ձևացնում է, թե վավերագրական պատմություն է: Բայց ո՛չ, այն ամենը, ինչ տեղի է ունենում էկրանին, իսկապես տեղի է ունեցել իրական կյանքում:

Պատմությունը սկսվում է աննշան թվացող հանգամանքով. անհանգստացած առցանց օգտատերերը գտնում են կատուների նկատմամբ ծաղրի տեսանյութ: Ցանկանալով գտնել տանջողին՝ նրանք միավորվում են և սկսում իրենց սեփական հետաքննությունը։ Պարզվում է, որ առեղծվածային հանցագործը կենդանիներին տանջելուց անցել է մարդկանց սպանության։ Էնտուզիաստների էստաֆետը վերցնում են միանգամից մի քանի երկրների ոստիկանություններ՝ մոլագարին գտնելու մտադրությամբ։

4. Սպանության մասին հիշողություններ / Memories of Murder

Փոն Ջուն Հոյի ֆիլմի գործողությունը տեղի է ունենում կորեական հեռավոր նահանգում, որտեղ ոստիկանությունը մոռացել է, թե ինչպես է պետք բռնել հանցագործներին։ Սովորական կյանքը խաթարվում է մի շարք դաժան սպանությունների պատճառով: Հետաքննության համար մայրաքաղաքից ժամանում է փորձառու հետախույզ Թհե-Յունը՝ թերևս միակ մարդը, որն անկեղծորեն ցանկանում է գտնել մարդասպանին:

Ֆիլմը թողարկվել է 2003 թվականին և դարձել իրադարձություն (Քվենտին Տարանտինոն բազմիցս սեր է խոստովանել ֆիլմին)։ Մինչ ֆիլմի թողարկումն իսկական մոլագարին դեռ չէին բռնել։ Սակայն Ջուն Հոյի կինոժապավենի հաջողությունը ստիպեց Հարավային Կորեայի իշխանություններին վերսկսել հետաքննությունը, որն, ի վերջո, հանգեցրեց սերիական մարդասպանի հայտնաբերմանը (2019 թվականին):

5. Մտքի որսորդ / Mindhunter

Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը վերադարձավ իրական հանցագործության թեմային՝ այս անգամ փորձելով պարզել, թե ինչպես է առաջացել պրոֆայլինգը: Նրա «Մտքի որսորդը» մանրամասն ցույց է տալիս ՀԴԲ-ի հատուկ ստորաբաժանման ստեղծման գործընթացը, որը հետագայում զբաղվում է սերիական սպանությունների վերլուծությամբ:

Սերիալի կենտրոնում իրականում գոյություն ունեցած 10 մոլագարներ են՝ Ռիչարդ Սփեկից մինչև Չառլի Մենսոն: Նախագիծը նաև ուսումնասիրում է բռնության սահմաններն ու դրա ձևերը: Օրինակ, առաջին սեզոնի ամենահետաքրքիր դրվագներից մեկն այն է, երբ երիտասարդ հետախույզն իմանում է դպրոցի տնօրենի տարօրինակ պահվածքի մասին։ Երիտասարդ հետախույզը ստանձնում է գործը՝ փորձելով պարզել՝ արդյոք այս տարօրինակ և անվնաս թվացող պատմությունը կարո՞ղ է վերածվել իրական բռնության: