ՀՖՖ-ն պարզաբանում է պահանջել Եղիշե Մելիքյանից. մարզիչը պատասխանել է նոր հարցով
Դիտումներ՝ *
16:25 2022-10-30

ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Սլովանի» հետ խաղի նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր խոսքում հիշեց նաև ՀՖՖ-ին: Մասնավորապես, խոսելով առանց երկրպագուների աջակցության խաղալու մասին, Մելիքյանն ասաց.

«Մեզ համար ծանր է լինելու, բայց մենք այստեղ եկել ենք ու գիտենք, որ մեր ժողովուրդն էկրանից այնկողմ հավատում է մեզ: Ես չեմ խոսում որոշ ֆուտբոլային մարդկանց մասին, որոնք «սիրում» են մեր ֆուտբոլը մեր ֆեդերացիան, ես նրանց մասին չեմ խոսում, խոսում եմ մեր ժողովրդի մասին, որը մեզ հավատում է»:

Երևան վերադառնալուց հետո մարզիչը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որից պարզ է դառնում, որ ՀՖՖ-ն «Սլովանի» հետ խաղից հետո Մելիքյանին հարցում է ուղարկել ասուլիսում ասած խոսքերի վերաբերյալ:

– Պարոն Մելիքյան, «Սլովանի» հետ խաղից հետո հարցում ստացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` նախախաղային ասուլիսին արված Ձեր հայտարարության վերաբերյալ: Կպարզաբանե՞ք Ձեր խոսքերը:

-Ես հարց ունեմ ֆեդերացիային` որտե՞ղ էիք անցած ամիսների ընթացքում, ինչո՞ւ «Փյունիկի» հետ չէիք, ոչ մի խաղին ներկա չեք գտնվել ու չեք աջակցել մեզ: Ես ցանկանում եմ լսել այս հարցի պատասխանը: Իմ միտքն այն էր, որ ֆեդերացիային չեն մտահոգում մեր ապագան ու արդյունքները: Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին, իսկ մենք դա չենք զգում: Առաջինը սպասում ենք պարզաբանման նրանցից: Պետք է հիշեցնեմ, որ ֆեդերացիայի նախագահին, փոխնախագահին ընտրել ենք մենք` ֆուտբոլային մարդիկ, և դա չենք արել, որպեսզի նրանք ինչ-որ մեկին համակրեն, մյուսին` ոչ, այլ, որպեսզի մտածեն հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Մենք նրանց չենք հրավիրում մեր խաղերին, այլ պարտադրում ենք ու պահանջում, որ լինեն հայկական ամեն ակումբի կողքին, որոնք պատմություն են կերտում ու պայքարում հանուն զարգացման և առաջընթացի: Եվ խոսքը միայն «Փյունիկի» մասին չէ: Օրինակ` «Սլովանի» հետ խաղից առաջ, մեր հանդերձարանում են եղել Սլովակիայում Հայաստանի հյուպատոսն ու Ավստրիայում մեր դեսպանը: Նրանք ընդամենը երկու խոսք ասացին, բայց մենք հասկացանք, որ եկել ենք երկիր, որտեղ Հայաստանը պետական մակարդակով ունի ներկայացուցիչներ ու նրանք եկել են մեզ աջակցելու: Մեզ համար դա շատ հաճելի էր: Մեզ պետք չէ սովորեցնել` ինչպես աշխատենք: Նախ իրենք պետք է սովորեն ճիշտ աշխատել:

– Այնուամենայնիվ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջ է գնացել մեր հարցումներին ու հետաձգել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մեր երկու հանդիպում, որպեսզի կարողանանք լավ նախապատրաստվել եվրագավաթային խաղերին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Այսպես ասեմ` իրենք պարտավոր են, այդ կերպ մեզ լավություն չեն անում, քանի որ մեր հաղթանակը, իրենց հաղթանակն է: Իսկ մեկս մեկի համար պետք է հնարավորին չափով օգտակար լինենք: Դա հայկական ֆուտբոլի հաղթանակն է լինելու, ոչ միայն «Փյունիկինը»:

Ֆեդերացիան պարտավոր է հետաձգել հանդիպումները: Մենք խնդրել ենք հետաձգել «Նոայի» հետ հանդիպումը, մերժում ենք ստացել, նույնն էլ Երևանի «Արարատի» հետ խաղը: Ծիծաղելի է, որ ֆեդերացիան աջակցում է մեզ` երկու հանդիպում հետաձգելով: Ցանկացած երկրում, ցանկացած ֆեդերացիա նման իրավիճակում այդպես է վարվում:

Մելիքյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ FCPYUNIK.AM-ում:

football365.am