Ինչ է տեղի ունենում ատամների հետ, երբ հրաժարվում եք շաքարից
Դիտումներ՝ *
13:56 2022-10-29

Սննդակարգից շաքարի բացառումը ճիշտ որոշում է: Բացի քաշի կորստից, մաշկի վիճակի բարելավումից, դրական փոփոխությունները կզգան նաև Ձեր ատամները։ Սա, իհարկե, նորություն չէ: Թե ինչ դրական ազդեցություն է ունենում շաքարից հրաժարումը, ներկայացնում է Elle.ru-ն:

Դուք ավելի քիչ կտառապեք կարիեսից

Յուրաքանչյուր մարդու բերանում բակտերիաներ են բնակվում, և դա անխուսափելի է։ Բայց երբ մենք շաքար ենք ուտում, իրականում կերակրում ենք այդ բակտերիաներին: Դրանք խառնվում են շաքարի հետ և թթու արտադրում, որն ի վերջո վնասում է մեր ատամները։
Ավելի քիչ կարիես՝ նշանակում է անցքերի առաջացման ավելի քիչ հավանականություն: Սա արդեն բավական է շաքարի քանակը նվազեցնելու համար։

Ձեր ատամները կպահպանեն գույնը

 

Կարիեսը կարող է ատամը սպիտակից դարձնել սև: Ամենամյա այցելություններն ատամնաբույժին, ժամանակին կանխարգելիչ խնամքը, մանրակրկիտ տնային խնամքը և կանոնավոր պրոֆեսիոնալ մաքրումը երաշխիքն են, որ Ձեր ատամները կպահպանեն իրենց սպիտակ գույնը:

Դուք կունենաք թարմ շնչառություն

Պարզ ասած՝ որքան քիչ շաքար ուտեք, այնքան ավելի թարմ կմնա շնչառությունը։ Այս ամենը պայմանավորված է նույն բակտերիաներով, որոնք սնվում են շաքարով: Որոշ ատամնաբույժներ խորհուրդ են տալիս սովորական մաստակը փոխարինել առանց շաքարի տարբերակներով: Շաքարով հարուստ մաստակը խնդրի միայն կարճաժամկետ քողարկում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am