4 հետաքրքիր փաստ առաջին Mercedes ավտոմեքենայի ստեղծողի՝ Վիլհելմ Մայբախի մասին
Դիտումներ՝ *
16:58 2022-10-26

Վիլհելմ Մայբախ անունն ընդմիշտ մտավ համաշխարհային պատմության մեջ՝ մեքենաշինության ոլորտում իր գյուտերի շնորհիվ։

Մինչ այժմ նրա անունը կրում են Mercedes-Maybach լյուքսային ապրանքանիշի գերմանական շքեղ մեքենաները, որոնք հայտնի են հարմարավետության բարձր մակարդակով և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ։

Վիլհելմ Մայբախը 10 տարեկանում որբացել է

Վիլհելմ Մայբախը ծնվել է Հեյլբրոն քաղաքում (Գերմանիա), 1846 թվականին, ատաղձագործի ընտանիքում: Հանգամանքների բերումով տղան 10 տարեկանում որբանում է։ Երեխայի ճակատագրով հետաքրքրվում է բարեգործական կազմակերպություն, և տղան հայտնվում է Bruderhaus Reutlingen մանկատանը: Վիլհելմը ցերեկն աշխատում էր գործարանի արտադրամասում, իսկ երեկոյան հաճախում էր քաղաքային դպրոցում անցկացվող նկարչության և մաթեմատիկայի դասերի։ Սովորում էր անգլերեն, իսկ ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր՝ կարդալով «Տեխնիկական մեխանիկայի» հեղինակ Յուլիուս Վեյսբախի ստեղծագործությունները։ Վիլհելմի ակնառու ունակությունները բարձր է գնահատում Գուստավ Վերները՝ դպրոցի տնօրենը։

Ճակատագրական հանդիպումը Գոթլիբ Դայմլերի հետ

Գերմանացի ինժեներ, դիզայներ և արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը մի անգամ այցելում է այն գործարանը, որտեղ աշխատում էր Վիլհելմը: Դայմլերը նշանակվում է գործարանի տեխնիկական տնօրենի պաշտոնում և սկսում զբաղվել ձեռնարկության զարգացմամբ։ Վիլհելմն անմիջապես գրավում է ինժեների ուշադրությունն իր տարիքից ավելի խելացի ու հնարամիտ լինելու շնորհիվ։ Մայբախը նույնպես տպավորվում է իր նոր ուսուցչով և նրա գաղափարներով։

1866 թվականին Դայմլերին առաջարկվում է տեղափոխվել Doiz՝ ներքին այրման ստացիոնար շարժիչներ արտադրող ընկերություն։ Նա համաձայնում է, բայց մի պայմանով. նրա օգնականը՝ Վիլհելմ Մայբախը, նույնպես պետք է աշխատանքի ընդունվեր ընկերությունում։ Doiz-ի ներկայացուցիչներն ընդունում են Դայմլերի պահանջը, և պայմանագիրը կնքվում է։ Նոր ձեռնարկությունում Մայբախն ու Դայմլերը կատարելագործում են շարժիչները՝ նպատակ ունենալով դրանք դարձնել ավելի կոմպակտ ու թեթև: Սակայն որոշ ժամանակ անց գյուտարարները տարաձայնություններ են ունենում Doiz-ի ղեկավարության հետ՝ արդյունքում լքելով ընկերությունն ու հիմնելով իրենց բիզնեսը։

Նոր սերնդի շարժիչներն ու պատմության մեջ առաջին մոտոցիկլետը

Հիմնելով սեփական ըկերությունը՝ Վիլհելմ Մայբախն ու Գոթլիբ Դայմլերը հնարավորություն են ստանում աշխատելու իրենց գյուտերի վրա՝ առանց ղեկավարության ճնշումների: Հաջորդ 3 տարվա ընթացքում նրանք միանգամից մի քանի նորամուծություն են ներկայացնում, որոնցից յուրաքանչյուրն առաջընթաց էր արդյունաբերության ոլորտում: 1883 թվականին Վիլհելմ Մայբախը ստացիոնար շարժիչ է պատրաստում, որը, բենզինով աշխատելով, կշռում էր ընդամենը 40 կիլոգրամ։ Նույն տարում Դայլմլերի հետ բռնկման նոր համակարգ է հայտնաբերում: Այդ տարիներին ստացիոնար շարժիչներում խառնուրդը բռնկվում էր բաց կրակից:

Գործընկերները սկսեցին օգտագործել շիկացած լամպ, որը տաքացվում էր շիկացած այրիչով: Ամբողջ գործընթացը վերահսկվում էր այրման խցիկի հատուկ փականի միջոցով: Այսպիսով՝ գյուտարարներին հաջողվեց հասնել շարժիչի կայուն աշխատանքի՝ նույնիսկ ցածր արագության դեպքում:

1885 թվականին Մայբախն ու Դայմլերը ներկայացնում են ներքին այրման շարժիչով առաջին մոտոցիկլետն աշխարհում։ Սա իսկական հեղափոխություն էր մեքենաշինության ոլորտում։ Լեգենդար մոտոցիկլետի պատճենները կարելի է տեսնել Շտուտգարտում գտնվող Mercedes-Benz և Մյունխենի գիտության և տեխնիկայի թանգարաններում:

Մրցակցությունը Կառլ Բենցի հետ և առաջին Mercedes մեքենայի ստեղծումը

1880-ականների կեսերին Մայբախը և Դայմլերն ունեին լուրջ մրցակից՝ Կառլ Բենցը, որը 1886 թվականին հայտնագործել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենան աշխարհում։ 1888 թվականին գյուտարար ընկերները փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին ներկայացրին իրենց առաջին «լուրջ» Daimler մեքենան։ Ի տարբերություն այլ գյուտարարների, Մայբախն ու Դայլմերն իրենց մեքենան նախագծել էին զրոյից:

1890 թվականին նրանց ընկերությունը փոխեց իր անվանումը Daimler Motoren Gesellschaft-ի (DMG)՝ ձեռք բերելով նոր լոգոտիպ, որը մինչ օրս Mercedes-ի խորհրդանիշն է։ Լոգոն նախատեսված էր ընկերության հիմնական գաղափարը մարմնավորելու համար՝ «Հզոր շարժիչներ ցամաքում, ջրում և օդում»:

1900 թվականին Ավստրո-Հունգարիայի հայտնի ձեռներեց և հյուպատոս Էմիլ Ելինեկը դիմում է DMG-ին՝ իր հատուկ պատվերով նոր մեքենա ստեղծելու խնդրանքով։ Մեքենայի ստեղծման գործընթացով զբաղվում է Վիլհելմ Մայբախը՝ մեկ տարի անց աշխարհին ներկայացնելով Mercedes 35 PS-ը: Մեքենան անվանակոչվում է հաճախորդի դստեր պատվին՝ գերազանցելով ինչպես Էմիլ Ելինեկի, այնպես էլ DMG-ի ամենահամարձակ սպասումները:

Մինչ օրս մոդելը համարվում է լեգենդար ստեղծագործություն՝ դնելով ավտոմեքենաների ճարտարապետության հիմնարար հիմքերը։