Աշնանային 5 ֆիլմեր, որոնք կստիպեն աշունն ավելի գեղեցիկ զգալ
Դիտումներ՝ *
20:13 2022-10-20

Ըստ հետազոտությունների՝ մարդկանց մեծամասնությունն աշունը համարում է տարվա ամենահիասքանչ եղանակը, և չնայած ցուրտ ու մոխրագույն երկնքին՝ այս սեզոնը հիշվում է իր ջերմությամբ և հոգևորությամբ: Սերիալների դիտում անձրևի ձայնի տակ, երեկոյան զրույցներ տաք թեյի շուրջ, զբոսանք այգու ծառուղիներով՝ թափված տերևների խշշոցի ներքո… Այս բոլոր աշնանային ուրախությունները լրացվում են ֆիլմեր դիտելով: Ներկայացնում ենք լավագույն ֆիլմերը, որոնք արժե դիտել աշնանը:

1. «Մոնա Լիզայի ժպիտը» / Mona Lisa Smile, 2003

Ֆիլմը, որը դիտումների ռեկորդ սահմանեց ԱՄՆ-ում և Ջուլյա Ռոբերթսին բերեց աննախադեպ հոնորար (25 միլիոն դոլար), գերեց հանրությանը սյուժեի խորությամբ։ Ֆիլմի անվանումը հղում է անում ֆլորենտացի կնոջ հայտնի դիմանկարին, որի կերպարը մարմնավորում է հիսունականների ամերիկացի տնային տնտեսուհին, որը շիֆոնե կիսաշրջազգեստով պտտվում է խոհանոցում` անփոփոխ ժպիտը դեմքին: Ֆիլմը պատմում է դպրոցի ուսուցչուհու մասին, որն իր աշակերտներին սովորեցնում էր ներքին ազատություն և կյանքի հանդեպ սեր։ Գլխավոր հերոսների հարմարավետ վանդակավոր վերարկուներով, ինչպես նաև կանանց ճակատագրի մասին անկեղծ երկխոսություններով ֆիլմի մթնոլորտն աշնանային զով օրվա աննկարագրելի տրամադրություն է հաղորդում։

2. «Տուն լճի մոտ» / The Lake House, 2006

Աշնանային ամենագեղագիտական ​​ֆիլմերից մեկը պատմում է տարբեր ժամանակային տարածություններում գտնվող, բայց նույն տանը՝ լճի ափին ապրող հերոսների սիրո մասին։

Քեյթ Ֆորսթերն ընկերոջից բաժանվելուց հետո որոշում է տեղափոխվել, որպեսզի ամեն ինչ զրոյից սկսի և, միևնույն ժամանակ, ավելի մոտ լինի աշխատանքին։ Նա փոստարկղում նամակ է թողնում հաջորդ վարձակալի համար՝ բացատրելով որոշ նրբերանգներ: Պարզվում է, որ նոր վարձակալը Ալեքս Ուայլերն է՝ միայնակ ճարտարապետ, որի հայրը կառուցել է այս գեղեցիկ տունը: Նա կարդում է հաղորդագրությունը, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչու Քեյթի նկարագրածը չի համապատասխանում իրականությանը։ Սա Ալեքսին հուշում է, որ պետք է պատասխան նամակ գրել:

Մի քանի օրվա նամակագրությունից հետո հերոսները հասկանում են, որ ապրում են տարբեր ժամանակներում՝ Ալեքսը՝ 2004 թվականին, Քեյթը՝ 2006 թվականին։ Եվ միայն առեղծվածային փոստարկղն է նրանց համար կապող կամուրջ ծառայում։

3. «Թեթևամիտ պահվածք» / Easy Virtue, 2008

Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը՝ երիտասարդ անգլիացի Ջոն Ուիթեքերը, կրքոտ սիրահարվում է սեքսուալ ամերիկուհի Լարիտային։ Բուռն սիրավեպն ավարտվում է ամուսնությամբ և մեղրամսով, որից հետո զույգը մեկնում է Ջոնի ծնողների կալվածք։ Դասական անգլիական տանը գտնվելով՝ երես առած գեղեցկուհին պետք է հարաբերություններ հաստատի իր սկեսրոջ հետ, որը ոչ մի կերպ չի համակերպվում իր հարսի թեթևամիտ պահվածքին: Ֆիլմը հագեցած է արիստոկրատական ​​Անգլիայի գեղեցիկ կադրերով և բնապատկերներով, ինչպես նաև բրիտանական հիանալի հումորով։

4. «Պենելոպե» / Penelope, 2006

Լոնդոնյան արիստոկրատ Պենելոպեի մասին ժամանակակից կինոհեքիաթը դարձավ Ռիզ Ուիզերսփունի առաջին պրոդյուսերական աշխատանքներից մեկը։

Սյուժեի կենտրոնում անձի փնտրտուքն է, առաջին սերն ու հասունացումը, որին բախվում է յուրաքանչյուր աղջիկ։ Ֆիլմի գործողությունները, որոնք տեղի են ունենում լոնդոնյան փողոցների ֆոնին, ձեզ սուզում են մառախլապատ Ալբիոնի անձրևոտ աշնան մթնոլորտում։

5. «Գործնական մոգություն» / Practical Magic, 1998

Նիկոլ Քիդմանի և Սանդրա Բուլոքի մասնակցությամբ ֆիլմը հիմնված է ամերիկացի ամենահայտնի ֆանտաստ գրողներից մեկի՝ Էլիս Հոֆմանի վեպի վրա։ Օուենսների ընտանիքը և նրանց տունը մարդիկ շրջանցում են, քանի որ ըստ լեգենդի՝ այս ընտանիքի կանայք իսկական կախարդներ են։ Ֆիլմի ընթացքում հանդիսատեսը բառացիորեն սիրահարվում է քույրերին, որոնք, ինչպես բոլոր կանայք, փնտրում են իրենց երջանկությունն ու սերը։ Սեպտեմբերյան առեղծվածային ռոմանտիզմով և զովությամբ լի գեղեցիկ կադրերը ձեզ տանում են աշնանային մթնոլորտ: