Ումբերտո Էկոն այս նամակը գրել է իր դպրոցական թոռնիկին: Անպայման կարդացեք այն, եթե ունեք երեխաներ, որոնք ծնվել են համացանցի դարաշրջանում և չգիտեն, թե ինչպես էին նախկինում ապրում առանց համաշխարհային ցանցի:
«Իմ սիրելի թոռնիկ,
Ես չէի ցանկանա, որ այս սուրբծննդյան նամակը չափազանց խրատական հնչեր, Դե Ամիչիսի ոգով (Էդմոնդո դե Ամիչիս – իտալացի գրող), և քարոզեր սեր մեր մերձավորների, հայրենիքի, մարդկության և նման բաների հանդեպ: Դու դա չէիր լսի (դու արդեն չափահաս ես, իսկ ես՝ շատ մեծ), քանի որ արժեքային համակարգն այնքան է փոխվել, որ իմ առաջարկությունները կարող են տեղին չլինել։
Այսպիսով, ես ուզում եմ ընդամենը մեկ խորհուրդ տալ, որը կարող է օգտակար լինել քեզ հիմա, երբ դու պլանշետ ես օգտագործում: Ես քեզ խորհուրդ չեմ տա չզբաղվել դրանով՝ հիմար ծերուկ չթվալու վախից դրդված։ Ես ինքս էլ օգտագործում եմ այն:
Ես կցանկանայի քեզ հետ խոսել այն հիվանդության մասին, որը քեզ և քեզ նախորդող՝ արդեն համալսարաններում սովորող սերնդին է վարակել: Ես խոսում եմ հիշողության կորստի մասին:
Եթե ցանկանում ես իմանալ, թե ով է Կառլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լումպուրը, կարող ես սեղմել կոճակը և անմիջապես պարզել ամեն ինչ ինտերնետի միջոցով: Արա՛ դա, եթե ունես դրա կարիքը, բայց պատասխանն իմանալուց հետո փորձիր հիշել դրա բովանդակությունը, որպեսզի այն նորից չփնտրես, երբ, օրինակ, նույն գիտելիքն անհրաժեշտ լինի դպրոցում: Վատն այն է, որ փաստը, որ համակարգիչը ցանկացած պահի կարող է պատասխանել քո հարցին, խլում է տեղեկատվությունը հիշելու ցանկությունը: Այս երևույթը նման համեմատությամբ կարելի է հասկանալ՝ իմանալով, որ մի փողոցից մյուսը կարելի է հասնել ավտոբուսով կամ մետրոյով, ինչը շատ հարմար տարբերակ է շտապելու դեպքում, մարդը որոշում է, որ այլևս քայլելու կարիք չունի։
Բայց եթե դադարես քայլել, կվերածվես մարդու, որը ստիպված է տեղաշարժվել անվասայլակով։
Օ՜, ես գիտեմ, որ դու սպորտով ես զբաղվում և գիտես, թե ինչպես կառավարել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղիդ:
Հիշողությունը նման է ոտքի մկաններին: Եթե դադարես մարզել, նա կդառնա թույլ, իսկ դու կվերածվես հիմարի։ Բացի այդ, մենք բոլորս էլ մեծ տարիքում Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգի տակ ենք, և այս անախորժությունից խուսափելու միջոցներից մեկը մեր հիշողության անընդհատ մարզումն է:
Ահա իմ բաղադրատոմսը. Ամեն առավոտ ինչ-որ կարճ բանաստեղծություն անգիր արա, ճիշտ այնպես, ինչպես մեզ ստիպում էին անել մանուկ ժամանակ: Ընկերներիդ հետ կարող ես հիշողության մրցույթ կազմակերպել: Եթե պոեզիա չես սիրում, ապա կարող ես մտապահել ֆուտբոլային թիմերի կազմերը, բայց դու պետք է իմանաս ոչ միայն Հռոմի ակումբի խաղացողներին, այլ նաև այլ թիմերի խաղացողներին, ինչպես նաև նրանց նախկին կազմերը (պատկերացրու, որ հիշում եմ Թուրինյան ակումբի խաղացողների անունները… Բաչիգալուպո, Բալլարին, Մարոսո և այլն): Մրցեք, թե ով է ավելի լավ հիշում կարդացած գրքերի բովանդակությունը. արդյոք ընկերներդ հիշո՞ւմ են «Երեք հրացանակիրների» և դ’Արտանյանի սպասավորների անունները (Գրիմո, Բազեն, Մուշկետոն և Պլանշե) … Իսկ եթե չես ուզում կարդալ «Երեք հրացանակիրները» (չնայած չգիտես, թե ինչ ես կորցնում), ապա դա արա քո կարդացած գրքերից մեկի վերաբերյալ:
Սա խաղ է թվում, և, այո, այն իսկապես խաղ է, բայց կտեսնես, թե ինչպես է գլուխդ լցվում կերպարներով, պատմություններով և հիշողություններով: Դու կհարցնես՝ ինչո՞ւ էր համակարգիչը ժամանակին կոչվում էլեկտրոնային ուղեղ: Քանի որ այն նախագծվել է քո (մեր) ուղեղի մոդելով, սակայն մարդու ուղեղն ավելի շատ կապեր ունի, քան համակարգիչը:
Ուղեղն այնպիսի համակարգիչ է, որը միշտ քեզ հետ է, նրա հնարավորություններն ընդլայնվում են վարժությունների արդյունքում, մինչդեռ աշխատասեղանիդ համակարգիչը երկար ժամանակ օգտագործելուց հետո կորցնում է արագությունը և մի քանի տարի հետո անհրաժեշտ է փոխարինել: Իսկ ուղեղդ քեզ կծառայի մինչև 90 տարեկան, և նաև 90 տարեկանում, եթե այն մարզես, ավելի շատ կհիշես, քան հիմա ես հիշում։ Բացի այդ, այն նաև անվճար է:
Այսօր կինոթատրոն պետք է գնալ ֆիլմը սկսվելուց առաջ: Այնպիսի տպավորություն է, կարծես ձեռքիցդ բռնած տանում են՝ բացատրելով, թե ինչ է կատարվում: Իմ ժամանակներում կարող էինք ցանկացած պահի մտնել կինոդահլիճ, նույնիսկ կինոյի կեսից: Մինչև քո կինոթատրոն գալը շատ իրադարձություններ են կատարվել, պետք է մտածեիր, թե ինչ է տեղի ունեցել նախքան գո գալը: Ֆիլմի սկսվելուց հետո կարող էիր ստուգել՝ արդյոք քո պատկերացրածը ճիշտ էր: Կյանքը նման է իմ օրերում ֆիլմ դիտելուն։ Մենք ծնվել ենք այն ժամանակ, երբ բազմաթիվ իրադարձություններ արդեն տեղի են ունեցել հարյուր հազարավոր տարիների ընթացքում, և կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեր ծննդից առաջ: Սա անհրաժեշտ է, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչու են այսօր այդքան շատ նոր իրադարձություններ տեղի ունենում։
Այսօր դպրոցը (բացի ձեր ընտրած ընթերցանության շրջանակից) պետք է սովորեցնի ձեզ հիշել այն, ինչ տեղի է ունեցել նախքան ձեր ծնվելը, բայց նրա մոտ կարծես թե դա լավ չի ստացվում: Տարբեր հարցումները ցույց են տալիս, որ այսօրվա երիտասարդությունը, նույնիսկ 1990 թվականին ծնված համալսարանականները, չգիտեն, կամ գուցե չեն ուզում իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 1980 թվականին, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ է եղել 50 տարի առաջ: Վիճակագրությունը փաստում է, որ երբ երիտասարդներին հարցնում են, թե ով է Ալդո Մորոն, նրանք պատասխանում են, որ նա ղեկավարել է «Կարմիր բրիգադները», սակայն նա սպանվել է հենց ա՛յս ընդհատակյա ձախ ծայրահեղական կազմակերպության անդամների կողմից։
«Կարմիր բրիգադների» գործունեությունը շատերի համար առեղծված է, սակայն նրանք քաղաքական ասպարեզում են եղել ընդամենը 30 տարի առաջ։ Ես ծնվել եմ 1932 թվականին՝ նացիստների իշխանության գալուց 10 տարի անց, բայց ես գիտեի, թե ով է եղել վարչապետ Հռոմի երթի ժամանակ։ Երևի ֆաշիստական դպրոցում ինձ պատմել են նրա մասին, որպեսզի բացատրեն, թե որքան հիմար ու վատն է եղել այս նախարարը: Թեկուզ այդպես, բայց ես գիտեի դրա մասին։
Բայց արի դպրոցը մի կողմ թողնենք: Այսօրվա երիտասարդությունը չի ճանաչում քսան տարի առաջվա կինոդերասանուհիներին, իսկ ես գիտեի, թե ով է Ֆրանչեսկա Բերտինին, որն իմ ծննդից 20 տարի առաջ նկարահանվել է համր ֆիլմերում։ Գուցե դա այն պատճառով էր, որ ես թերթում էի մեր տան առանձնասենյակում կուտակված հին ամսագրերը։ Առաջարկում եմ նայել նաև հին ամսագրերը, քանի որ դա օգնում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել քո ծնվելուց առաջ:
Բայց ինչո՞ւ է այդքան կարևոր իմանալ հեռավոր անցյալի իրադարձությունների մասին: Որովհետև հաճախ նման գիտելիքներն օգնում են հասկանալ այսօրվա իրադարձությունների ընթացքը և ամեն դեպքում, ինչպես ֆուտբոլային թիմերի կազմերն իմանալը, օգնում են հարստացնել մեր հիշողությունը։
Հիշիր, որ կարող ես մարզել հիշողությունդ ոչ միայն գրքերի ու ամսագրերի, այլ նաև ինտերնետի օգնությամբ։ Այն հարմար է ոչ միայն ընկերների հետ զրուցելու, այլև համաշխարհային պատմությունն ուսումնասիրելու համար։ Ովքե՞ր են խեթերն ու կամիզարները: Ինչպե՞ս էին Կոլումբոսի երեք նավերի անունները: Ե՞րբ են անհետացել դինոզավրերը: Արդյոք Նոյյան տապանի վրա ղեկ կար: Ո՞րն էր ցլի նախնին: Հարյուր տարի առաջ ավելի՞ շատ վագրեր կային, քան հիմա: Ի՞նչ գիտես Մալիի կայսրության մասին: Ո՞վ է պատմել դրա մասին: Ո՞վ է եղել պատմության մեջ երկրորդ պապը: Ե՞րբ է ստեղծվել Միկի Մկնիկը:
Ես կարող եմ շարունակել անվերջ հարցեր տալ, և դրանք հիանալի հետազոտական թեմաներ կլինեն: Այս ամենը պետք է հիշել. Կգա օրը, և դու կծերանաս, բայց կզգաս, որ հազար կյանք ես ապրել, ասես մասնակցել ես Վաթեռլոոյի ճակատամարտին, ներկա ես եղել Հուլիոս Կեսարի սպանությանը, այցելել այն վայրը, որտեղ Բերթոլդ Շվարցը, փորձելով ոսկի ձեռք բերել, խառնեց տարբեր նյութեր, պատահաբար վառոդ հորինեց ու թռավ օդ․․․ Իսկ քո մյուս ընկերները, որոնք չեն ձգտում հարստացնել իրենց հիշողությունը, կապրեն միայն մեկ՝ իրենց կյանքը՝ միապաղաղ ու զուրկ մեծ հույզերից։
Այսպիսով, հարստացրո՛ւ հիշողությունդ և վաղը անգիր սովորիր «La Vispa Teresa»-ն (Իտալիայի ամենահայտնի մանկական ոտանավորներից մեկը):
– Ումբերտո Էկո
Իտալացի նշանավոր գրող Ումբերտո Էկոն (1932 – 2016) իր գրական կարիերան բավականին ուշ է սկսել. նրան ամաշխարհային համբավ և ճանաչում բերած դեբյուտային «Վարդի անունը» վեպը լույս է տեսել, երբ հեղինակը 48 տարեկան էր: Վեպը տարիներ շարունակ բեսթսելլերների ցանկում էր: Նա դասախոսություններ է կարդացել և սեմինարներ վարել նաև Խորհրդային Միության և Ռուսաստանի, Թունիսի, Չեխոսլովակիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Լեհաստանի և Ճապոնիայի համալսարաններում։ Գրողի յոթերորդ վեպը՝ «Զրո համարը», լույս է տեսել 2015 թվականին՝ նրա ծննդյան 84-ամյակին՝ մահից մեկ տարի առաջ։ Ումբերտո Էկոյի մահով մի ամբողջ դարաշրջան է ավարտվել։ Նրա ստեղծագործությունները վաղուց դասական են համարվում:
vnews.am