ԱԲ-ի կողմից ստեղծված նկարը հաղթել Է գեղարվեստական մրցույթում
Դիտումներ՝ *
17:33 2022-10-19

Արհեստական ​​բանականությունն օրեցօր դառնում է ավելի ու ավելի հզոր և ընդգրկում ավելի շատ ոլորտներ։ Վերջերս Կոլորադոյում (ԱՄՆ) կայացած գեղարվեստական մրցույթի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա․ ԱԲ-ի կողմից ստեղծած կտավը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ թվային անվանակարգում։ «Տիեզերական օպերային թատրոն» (Théâtre D’opéra Spatial) անվամբ կտավը մրցույթին ներկայացրել էր Ջեյսոն Ալենը։

Ժյուրիի որոշումը արվեստագետների կողմից ընդունվել է ոչ միանշանակ, որոշները իրավիճակը բնութագրել են որպես անհեթեթ, իսկ ժյուրիի անդամներն արդարացել են՝ պնդելով, որ իրենց քվեն պայմանավորված էր օբյեկտիվությամբ։

Կտավի ստեղծման համար Ջեյսոն Ալենն օգտագործել է պատկերների՝ ամենաարդիական և արդյունավետ գեներատորներից մեկը՝ AI Midjourney ծրագիրը։ Դա անելու համար անհրաժեշտ էր համակարգում ներբեռնել ցանկալի նկարի տեքստային նկարագրությունը։ Գործընթացը տևել է մի քանի շաբաթ և այնքան էլ հեշտ չի եղել, որքան կարող է թվալ: Ալենը ծրագիր է ներբեռնել տեքստի մի քանի տարբերակ, և մրցույթին ներկայացրել է ԱԲ-ի կողմից ստեղծած ամենատպավորիչ նկարը։ Նման աշխատանքը շատ ժամանակ և ջանք է պահանջում, և այն կարելի է համեմատել նկարիչների կատարած աշխատանքի հետ․ սա Ալենի և տեխնոլոգիայի սիրահարների տեսանկյունից, սակայն պրոֆեսիոնալ նկարիչները չեն կիսում այս տեսակետը։

Սոցցանցերն արդեն լի են զայրացած գրառումներով․ մարդիկ նշում են, որ կրեատիվությունն այժմ ոչ մի կերպ պաշտպանված չէ մեքենաներից և կարող է հեշտությամբ արժեզրկվել դրանց կողմից: Կարելի է հանդիպել նույնիսկ այնպիսի կարծիքի, որ մենք այժմ ականատես ենք «ստեղծարարության մահվան»։

Մեծ վտանգ կա, որ նման տեխնոլոգիաների զարգացումը ոչ թե օգտակար կլինի մարդկության համար, այլ զուտ կհարստացնի նրանց, ովքեր պատրաստ են դրանցում ներդրումներ կատարել։ Ի վերջո, դա կարող է հանգեցնել նրան, որ մարդը կկորցնի իր այն հատկանիշներից մեկը, որն իրեն մարդ է դարձնում։

ita.am