Պուշկին, Դոստոևսկի, Էկո. որ հանգամանքներն են «ստիպել» համաշխարհային դասականներին ստեղծել իրենց գլուխգործոցները
Դիտումներ՝ *
22:44 2022-10-18

Կարծրատիպ կա, որ բոլոր հանճարեղ գրողներն իրենց գրքերը գրել են ոգեշնչման վիճակում: Իրականում, ոմանց ստիպել է կարիքը, մյուսները՝ գրազի արդյունքում, իսկ մի մասն էլ, ընդհանուր առմամբ, կատարել է Աստծուն տված ուխտը:

Ներկայացնում ենք ամենատարօրինակ պատճառները, թե ինչու և ինչերի հետևանքով են գրվել համաշխարհային գրականության գլուխգործոցները։

Պարտք մոլախաղերի համար

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին շատ էր սիրում ռուլետկա (ռուսական պտտախաղ) խաղալ։ Ճիշտ է, անհաջողակ էր։ Պարտվելով՝ նա տարվում էր իր սեփական ունեցվածքը և նույնիսկ սիրելիի՝ Աննա Սնիտկինայի իրերը, օրինակ՝ նրա ամուսնական մատանին։ Բայց, տարօրինակ կերպով, նրա կործանարար նախասիրությունը մեծ օգուտ բերեց ռուս գրականությանը:

«1865 թ.-ին Վիսբադենում պարտվելով՝ ընկերներից պարտքով վերցրած փողով նա վերադառնում է Ռուսաստան», – պատմում է բանասեր, գրականագետ, Դոստոևսկու ստեղծագործության հետազոտող Քրիստինա Դավիդովան: «Կնքում է ծայրահեղ անշահավետ պայմանագիր հրատարակիչ Ֆյոդոր Ստելլովսկու հետ. նոր վեպի 10-12 տպագիր թերթ մեկ ամսում: Շահույթի մասին խոսք չկար, պետք էր պարտքերը վճարել պարտատերերին, հակառակ դեպքում Ստելլովսկին կարող էր ինը տարի անվճար հրատարակել Դոստոևսկու գործերը»:

Ֆյոդոր Միխայլովիչը 26 օրում գրում է «Խաղամոլը» վեպը՝ ազարտային խաղերի վնասակար հետևանքների և դրանց հանդեպ անզուսպ կրքի մասին։ Եվ դրա համար ստանում 7 հազար ռուբլի։

Խաղային պարտքերի ճնշման տակ են ստեղծվել նաև «Հավերժական ամուսինը» պատմվածքը և «Դևեր» վեպը։ Արդյունքում գրողի կինը՝ Աննան, ընտանիքի ֆինանսների կառավարումը վերցնում է իր ձեռքը։ Իսկ Դոստոևսկին, ի վերջո, կարողանում է հրաժարվել ռուլետկայից։

Վիճաբանություն ընկերների հետ

1816 թվականի ամռանը Շվեյցարիայում Ժնևի լճի ափին գտնվող Դիոդատի վիլլայում հավաքվեցին երեք անգլիացիներ՝ պոետներ Ջորջ Բայրոնը, Պերսի Շելլին և նրա հարսնացուն՝ Մերի Գոդվինը։ Նրանց ուղեկցում էր Բայրոնի բժիշկը՝ իտալացի Ջոն Պոլիդորին։

Եղանակը զզվելի էր, անելու բան չկար, և Բայրոնը, տպավորված Արևելյան Եվրոպայի սարսափելի լեգենդներով, առաջարկեց՝ ով ավելի արագ ու լավ կգրի սարսափելի պատմություն։ Ինքը՝ բանաստեղծը և նրա ընկեր Պերսին արագ կորցրին հետաքրքրությունը «խաղի» նկատմամբ, իսկ ահա Մերին և Պոլիդորին լուրջ վերաբերվեցին մրցույթին։ Աղջիկը նախօրեին երազ էր տեսել, որում բժիշկները փորձում էին վերակենդանացնել դիակը։

Նա գրեց «Ֆրանկենշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպը՝ մահացածների մասերից ստեղծված հրեշի մասին, որը հուսահատորեն ցանկանում է մարդ դառնալ։ Գիրքը դարձավ անգլիական գրականության դասական։ Իսկ Ջոն Պոլիդորիի «Վամպիրը» պատմվածքը պատմության մեջ առաջին ստեղծագործությունն է, որտեղ արնախումը հայտնվում է ոչ թե որպես այլանդակ քայլող դի, այլ որպես գլամուրային գեղեցիկ տղամարդ։ Ի դեպ, դոկտոր Պոլիդորին վամպիրի կերպարն անամոթաբար «վերցրել» է լորդ Բայրոնից։

Գործընկերների թրոլլինգը

Ոչ միայն Ջոն Պոլիդորին կարողացավ հայտնի գրողներին գրքերի հերոսներ դարձնել, այլև իտալացի արձակագիր Ումբերտո Էկոն։

«Էկոն սեմիոտիկայի պրոֆեսոր է և էքստրավագանտ գրող, որը գրականություն է մտել 49 տարեկանում»,- ասում է տեքստերի հետազոտող Արտյոմ Կաշուբան: «Լեգենդ կա, որ նա իր վեպերն ավարտում էր մինչ ծննդյան օրը: Դա ճիշտ է, թե ոչ՝ մենք չենք իմանա, հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ գրում է միայն հանգստյան օրերին, և ոչ համակարգչով»,- հավելել է նա։

«Վարդի անունը» վեպը լույս է տեսել 1980 թվականին։ Չնայած բարդ աստվածաբանական և պատմական երանգին, գիրքը մեծ տարածում գտավ: Սա դետեկտիվ պատմություն է հին աբբայությունում առեղծվածային սպանությունների մասին, որոնք հետաքննում են Ուիլյամ Բասկերվիլցին և նրա երիտասարդ օգնական Ադսոնը: Ամենատպավորիչ պատկերներն են սարսափելի լաբիրինթոս գրադարանը և նրա պահապանը` կույր ու խիստ Խորխեն:

«Ուշադիր ընթերցողներն անմիջապես հղում տեսան Խորխե Լուիս Բորխեսին,- նշում է Կաշուբան:- Արգենտինացի այս գրողը երկար ժամանակ գրադարանավար էր աշխատում և պաշտում էր իր աշխատանքը: «Բաբելոնի գրադարանը» պատմվածքում նա նկարագրում է գրքեր, որոնք կարող են պարունակել ամբողջ մարդկության կողմից ստեղծված և չստեղծված տեքստեր: Եվ, վերջապես, իր կյանքի վերջում Բորխեսը նույնպես կուրացավ»:

«Չորս ցիկլ» էսսեում Բորխեսը պնդում է, որ ամբողջ համաշխարհային գրականությունը կառուցվել է միայն չորս հիմնական սյուժեի վրա։ Այս տեսությունը հանգեցրել է Ումբերտո Էկոյի վրդովմունքին. իտալացին կարծում էր, որ կարող են լինել անսահման շատ պատմություններ: Ուստի նա արգենտինացու հետ վիճել է իր վեպի էջերում կերպարների՝ Վիլհելմի և Խորխեի միջոցով։

Բորխեսն այդպես էլ չկարդաց գիրքը. նա մահացավ գրքի հրատարակվելուց վեց տարի անց:

Հեգնանք նորաձևության նկատմամբ

 

Ալեքսանդր Պուշկինի «Բելկինի վիպակներն» այսօր ընկալվում են որպես սիրո, ճակատագրի շրջադարձերի և հաջող զուգադիպությունների մասին գեղեցիկ պատմություններ: Առաջին ընթերցողը բանաստեղծ Եվգենի Բարատինսկին էր, և նրա արձագանքը կարող է տարօրինակ թվալ։

«Ես գրել եմ հինգ արձակ պատմվածք,- պատմել է Ալեքսանդր Սերգեևիչն ընկերոջն ուղղված նամակում,- որոնցից Բարատինսկին կչկչում ու հռհռում էր»:

Բայց ի՞նչն էր նրան այդպես զվարճացրել։

Ալեքսանդր Սերգեևիչը ծաղրում էր ռոմանտիզմը` այն ժամանակվա ամենանորաձև գեղարվեստական ​​ուղղությունը: Վերցնենք «Ձնաբուք»-ը, որն ունի ռոմանտիկ պատմության բոլոր ատրիբուտները՝ փակ եկեղեցի, գիշեր, ձնաբուք: Բայց հետո սյուժեն սկսում է նմանվել անեկդոտի՝ աղջիկն ամուսնանում է ոչ թե իր սիրելիի, այլ պատահական անցորդի հետ, որին, կրկին պատահաբար, սիրահարվում է երկար տարիներ անց։ Պատմության վերջը լի է միտումնավոր պաթոսով։ Կամ «Հուղարկավորը» պատմվածքը, որտեղ ծեր այրին իր տուն է հրավիրում մեռելներին, միստիցիզմի բացահայտ ծաղր է:

Բայց, այնուամենայնիվ, «Բելկինի վիպակները» պարզապես ծաղրերգություն չէ, նշում է պուշկինագետ Գալինա Սեդովան։ Նրա խոսքով՝ ժողովածուի ամենաարդար գնահատականը տվել է Յուրի Լոտմանը. նա դա գնահատել է որպես ռեալիզմի գծերով առաջին ռուսական ստեղծագործությունը։

Երազ

Գրքի գաղափարները երազում են եկել և՛ Սթիվեն Քինգին, և՛ Ստեֆանի Մայերին, և՛ վերոհիշյալ Մերի Շելլիին (Գոդվին): Առաջին երազ տեսնողներից մեկը «Գանձերի կղզին» գրքի հեղինակ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնն էր: Հիվանդ ժամանակ գրողը տեսավ մի պատմություն հրեշի և նրա հայելային հակադրության՝ ջենթլմենի մասին։ Այսպես հայտնվեց «Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ դեպքը»՝ պարկեշտ անգլիացու մասին, որը երբեմն վերածվում էր սրիկայի և մարդասպանի։

Սթիվենսոնի վրա մեծ ազդեցություն է թողել Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը. Հենրի Ջեքիլի կերպարը փոխկապակցված է Ռոդիոն Ռասկոլնիկովի հետ, որտեղ պարկեշտ մարդն ու մարդասպանը նույնպես գոյակցում են։

«Դոկտոր Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ դեպքը» համարվում է սարսափ գրականության դասական և հետաքրքրում է անհատականության խանգարումների բազմաթիվ հետազոտողներին: