Զոմբիացման զինանոցը կամ զանգվածների կառավարման 10 հնարքները՝ ըստ Նոամ Չոմսկու
Դիտումներ՝ *
00:35 2022-10-15

Աբրամ Նոամ Չոմսկին (ծնվ. 1928) ամերիկացի լեզվաբան է, քաղաքական մեկնաբան ու հրապարակախոս, փիլիսոփա և տեսաբան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում լեզվաբանության պրոֆեսոր: «Arts and Humanities Citation Index»-ի տվյալների համաձայն՝ 1980-1992 թթ. նրան ամենից շատ էին հղում անում և նա ութերորդն էր ողջ գիտնակաների մեջ նրանից արված մեջբերումները որպես աղբյուր օգտագործելու հաճախականությամբ:

Մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Իհարկե գիտենք, որ պետությունը ստեղծում են նրա քաղաքացիները՝ համաձայնության գալով, ելնելով սեփական շահերից, բայց պետական կամ քաղաքական իշխանությունը միշտ էլ սեփական շահերն ունի, և ինքնապահպանման նպատակով նրա առաջնահերթ խնդիրն է դառնում կառավարել նրանց, ովքեր ընտրել են իրեն: Եթե մարդիկ սկսում են դժգոհել ընթացիկ քաղաքականությունից, որը բխում է իշխանական վերնախավի և նրա վստահելի անձանց նեղ կորպորատիվ շահերից, ապա ժողովրդի նկատմամբ ուժ գործադրելուց խուսափելու համար մնում է դրան դիմակայելու մի միջոց՝ քարոզչությունը, որի գործիքի դերում հանդես են գալիս ԶԼՄ-ները:

Ահավասիկ այն 10 հնարքները, որոնցով, ըստ Չոմսկու, ամենուրեք բանական մարդուն դարձնում են խամաճիկ և ծառայեցնում սեփական շահերին:

Հնարք 1. Ուշադրության շեղումը

Հասարակությունը կառավարելու հիմնական միջոցը մարդկանց ուշադրությունը շեղելն է կարևոր խնդիրներից և քաղաքական ու տնտեսական իշխող շրջանակների որոշումներից՝ մշտապես տեղեկատվական դաշտը լցնելով աննշան իրադարձություններով: Ուշադրության շեղման հնարքը էական է մանավանդ այն նպատակով, որ քաղաքացիներին կարևոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն չտրվի արդի փիլիսոփայական հոսանքների, առաջատար գիտության, տնտեսության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի ոլորտներում: Դրա փոխարեն տեղեկատվական դաշտը լցվում է սպորտի, շոու բիզնեսի, միստիկայի և տեղեկատվության այլ բաղադրիչների մասին լուրերով՝ հիմնված մարդու վերապրուկային բնազդների վրա՝ էրոտիկայից մինչև ծայրահեղ պոռնոգրաֆիան և կենցաղային մելոդրամատիկ սյուժեներից մինչև հեշտ ու արագ հարստանալու կասկածելի միջոցները:

«…Անընդհատ շեղել քաղաքացիների ուշադրությունը իսկական սոցիալական խնդիրներից՝ առաջ բերելով թեմաներ, որոնք իրական նշանակություն չունեն: Հասնել նրան, որ քաղաքացիներն անընդհատ ինչ-որ բանով զբաղված լինեն և մտածելու ժամանակ չունենան. արոտավայրից քշել անասնագոմ, ինչպես մնացած բոլոր անասուններին» (մեջբերում Չոմսկու «Անաղմուկ զենք հանգիստ պատերազմների համար» գրքից):

Հնարք 2. Խնդիրներ ստեղծել, այնուհետև դրանց լուծման միջոցներ առաջարկել

Այս մեթոդը կոչվում է նաև «խնդիր-արձագանք-լուծում»: Ստեղծվում է խնդիր՝ ինչ-որ «իրավիճակ», որպեսզի արձագանք առաջացնի բնակչության շրջանում այնպես, որ հենց այդ բնակչությունը պահանջի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են իշխող շրջանակներին: Օրինակ՝ թույլ տալ քաղաքներում շղթայական բռնության գործողություններ կամ կազմակերպել արյունահեղ ահաբեկչություններ, որպեսզի քաղաքացիները անվտանգության միջոցների խստացման մասին օրենքների և քաղաքացիական ազատությունները ոտնահարող քաղաքականություն վարելու պահանջներ դնեն: Կամ ինչ-որ տնտեսական, ահաբեկչական կամ տեխնոլոգիական ճգնաժամ հրահրել, որը կստիպի մարդկանց իրենց մտքում դրա հետևանքների վերացման միջոցներ գտնել, թեկուզ իրենց սոցիալական իրավունքների խախտման գնով, որպես «անհրաժեշտ չարիք»: Բայց կարևոր է հասկանալ, որ ճգնաժամերն ինքնաբերաբար չեն առաջանում:

Հնարք 3. Աստիճանաբար կիրառման միջոցը

Որևէ համընդհանուր հավանություն չվայելող միջոցի մասին որոշմանը հասնելու համար բավական է այն աստիճանաբար ներդնել, օրեցօր, տարեցտարի: Հենց այդ կերպ են աշխարհով մեկ պարտադրվել սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները (նեոլիբերալիզմ) անցյալ դարի 80-ական և 90-ական թվականներին: Պետության նվազագույն գործառույթներ, մասնավորեցում, անվստահություն, անկայունություն, զանգվածային գործազրկություն, աշխատավարձ, որն արդեն արժանապատիվ կյանք չի ապահովում: Եթե այս ամենը տեղի ունենար միաժամանակ, ապա հավանաբար կհանգեցներ հեղափոխության:

Հնարք 4. Կատարումը հետաձգելը

Անհաճո որոշումն առաջ տանելու ևս մի միջոց. այն ներկայացնել որպես «ցավոտ և անհրաժեշտ» և տվյալ պահին հասնել քաղաքացիների՝ այն ապագայում իրականացնելու համաձայնությանը: Շատ ավելի հեշտ է համաձայնել ինչ-ինչ զոհողությունների ապագայում, քան ներկայում: Նախ՝ որովհետև դա տեղի չի ունենա անմիջապես: Երկրորդ՝ որովհետև ժողովուրդը միշտ էլ հակված է փայփայելու միամիտ հույսեր, թե «վաղն ամեն ինչ կփոխվի դեպի լավը» և կհաջողվի խուսափել այն զոհողությունից, որ պահանջում են իրենից: Դա քաղաքացիներին ավելի շատ ժամանակ է տրամադրում, որպեսզի ընտելանան փոփոխությունների մտքին և հլու-հնազանդ ընդունեն դրանք, երբ ժամանակը գա:

5. ժողովրդի հետ հաղորդակցվել ինչպես երեխաների հետ

Քարոզչական ելույթների մեծ մասում, ուղղված լայն հասարակությանը, օգտագործվում են այնպիսի փաստարկներ, կերպարներ, բառեր և հնչերանգ, կարծես խոսքը դպրոցական հասակի թերզարգացած երեխաների կամ մտավոր հետամնաց անհատների մասին է: Որքան ջանասիրաբար է մարդը ձգտում հնարավորինս շատ մոլորության մեջ գցել ունկնդրին, այնքան ավելի մեծ չափով է կիրառում մանկամիտ խոսքի դարձվածքներ: Ինչո՞ւ: Եթե որևէ մեկը մարդուն վերաբերվում է այնպես, կարծես նա 12 տարեկան է կամ ավելի փոքր, ներշնչման ուժով այդ մարդու պատասխանում կամ արձագանքում նույնպես, ամենայն հավանականությամբ, կբացակայի քննադատական գնահատականը, ինչը բնորոշ է 12 տարեկան կամ ավելի փոքր երեխաներին: Քաղաքական ելույթներում միամիտ դատողությունները և հանրահայտ ճշմարտությունները ներդրվում են լայն լսարանին ընկալելի լինելու նկատառումով, որի նկատմամբ արդեն իսկ կիրառվում են նրա գիտակցության վրա ներգործելու վերը և ստորև նկարագրված մեթոդները:

 

Հնարք 6. Ավելի շատ ազդել զգացմունքների վրա, քան դատողությունների

Զգացմունքների վրա ազդելը նեյրոլեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է և ուղղված է նրան, որ արգելափակի մարդկանց բանական վերլուծության կարողությունը և դրա շնորհիվ առհասարակ տեղի ունեցող երևույթների քննական իմաստավորման կարողությունները: Մյուս կողմից՝ հուզական գործոնի կիրառումը հնարավորություն է տալիս դուռ բացելու դեպի ենթագիտակցականը, որպեսզի այնտեղ ներդրվեն մտքեր, ցանկություններ, վախեր, մտահոգություններ, հարկադրանքներ կամ վարքագծի որոշակի մոդելներ: Նզովքները, թե որքան դաժան է ահաբեկչությունը, որքան անարդար են իշխանությունները, ինչպես են մարդիկ տառապում սովից ու նվաստացումից, «կադրի հետևում» են թողնում տեղի ունեցողի իրական պատճառները: Հույզերը տրամաբանության թշնամին են:

Հնարք 7. Մարդկանց պահել տգիտության մեջ՝ բուծելով միջակությունը

Հասնել նրան, որ մարդիկ ի վիճակի չլինեն հասկանալու այն հնարքներն ու մեթոդները, որոնք օգտագործվում են իրենց կառավարելու և դիմացինի կամքին ենթարկվելու համար:

Հասարակության ստորին դասերին մատուցվող կրթության որակը պետք է հնարավորինս սուղ և միջակ լինի, որպեսզի նրանց վերևներից բաժանող տգիտությունը մնա մի մակարդակում, որը ստորին դասերը չեն կարող հաղթահարել: Դա վերաբերում է նաև այսպես կոչված «ժամանակակից արվեստի» քարոզչությանը, որը հանրաճանաչության հավակնող միջակությունների սնապարծություն է, բայց ոչ օժտվածների, որոնք ունակ են իրականությունն արտացոլել մանրամասն մեկնաբանություններ չպահանջող և իրենց «հանճարեղության» գովազդի կարիքը չունեցող ստեղծագործություններով: Նրանք, ովքեր չեն ընդունում նորը, հայտարարվում են հետամնաց ու բութ, և նրանց կարծիքը լայն տարածման ենթակա չէ:

Հնարք 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ

Բնաչությանը ներշնչել այն միտքը, որ շահեկան է բութ, գռեհիկ և անդաստիարակ լինելը: Այս հնարքն անբաժան է նախորդից, քանի որ ամեն տեսակ միջակությունը արդի աշխարհում ահռելի քանակությամբ երևան է գալիս յուրաքանչյուր սոցիալական ոլորտում՝ սկսած կրոնից ու գիտությունից մինչև արվեստ ու քաղաքականություն: Սկանդալները, դեղին թերթերը, հմայությունն ու մագիան, տափակ հումորը և պոպուլիստական ցույցերը նպաստում են հասնելու մի նպատիկի. չթողնել, որ մարդիկ իրենց գիտակցությունը մինչև իրական աշխարհի անսահման հորիզոններն ընդլայնելու հնարավորություն ունենան:

Հնարք 9. Սերմանել մեղքի զգացում

Ստիպել մարդուն հավատալ, որ միայն ինքն է մեղավոր իր ձախորդությունների համար, որոնք տեղի են ունենում իր մտավոր հնարավորությունների, կարողությունների և գործադրած ջանքերի անբավարարության պատճառով: Փաստորեն փոխանակ ընդվզելու տնտեսական համակարգի դեմ, մարդը սկսում է զբաղվել ինքնախարազանմամբ՝ ամեն ինչի համար մեղադրելով իրեն, ինչը ճնշվածության վիճակ է առաջացնում՝ հանգեցնելով, ի թիվս այլոց, անգործության: Իսկ անգործությամբ ի՞նչ հեղափոխության մասին կարող է խոսք լինել: Ե՛վ քաղաքական գործիչները, և՛ գիտնականները (հատկապե հոգեթերապևտները), և՛ հոգևորականները բավական արդյունավետ դոկտրիններ են կիրառում բուժառուի և հոտի ինքնախարազանման արդյունքին հասնելու համար, որպեսզի կառավարեն նրանց կենսական հետաքրքրությունները՝ ուղղելով դրանք անհրաժեշտ հուն:

Հնարք 10. Մարդկանց մասին իմանալ ավելին, քան նրանք գիտեն իրենց մասին

Վերջին 50 տարիներին գիտության ոլորտի հաջողությունները հանգեցրել են հասարակ մարդկանց գիտելիքների և այն տեղեկությունների հարաճուն խզմանը, որոնց տիրապետում են և որոնցից օգտվում են իշխող դասերը:

Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» առաջավոր գիտելիքներ է ձեռք բերել մարդու մասին թե՛ ֆիզիոլոգիայի, թե՛ հոգեբանության բնագավառում: Համակարգին հաջողվել է սովորական մարդու մասին իմանալ ավելի շատ, քան նա գիտի իր մասին:

Դա նշանակում է, որ համակարգը հիմնականում ավելի մեծ իշխանություն ունի և ավելի մեծ չափով է կառավարում մարդկանց: