Հոգեբանը նշել է՝ ինչպես կարելի է պաշտպանել երեխաներին սթրեսից
Դիտումներ՝ *
17:45 2022-10-13

Մեծահասակները պետք է հիշեցնեն երեխային, որ ցանկացած իրավիճակից ելք կա: Այս փաստի գիտակցումը կօգնի փոքրիկին ավելի քիչ կախված լինել սթրեսից: Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է ընտանեկան հոգեբան Նատալյա Նաումովան։

«Ծնողները պետք է սկսեն իրենցից՝ ցույց տալով երեխային՝ ինչպես կարելի է հաղթահարել կյանքի ցանկացած իրավիճակ: Պետք է բացատրել, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչպես թուլացնել ու ոչնչացնել, այնպես էլ ավելի ուժեղացնել։ Եթե մենք դրական ենք ընկալում իրավիճակը, ուրեմն ավելի ենք ուժեղանում և ի հայտ են գալիս ուժ ու կարողություններ խնդիրը լուծելու համար»,- նշել է հոգեբանը։

Նրա խոսքով՝ երեխաներին պետք է սովորեցնել հանգստացնել մարմինը և շեղել ուշադրությունը։ Օրինակ՝ կարելի է առաջարկել փոքրիկին ֆիլմ դիտել կամ որևէ խաղ խաղալ։

«Եթե երեխան սթրեսի մեջ է և զսպում է իր հույզերը, ապա ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Կարևոր է, որ երեխան չամաչի իր զգացմունքներից։ Նա պետք է տուն գա և ասի, որ իրեն լավ չի զգում ու տխուր է, որպեսզի ծնողները կիսեն այդ հույզերը»,- ընդգծել է Նաումովան։

Ինչպես հավելել է հոգեբանը, հաճախ մանկական սթրեսի պատճառ է դառնում ցածր ինքնագնահատականը, ինչն էլ տեղ է գտնում, երբ ծնողները համեմատում են իրենց երեխաներին նրանց հասակակիցների հետ:

«Ծնողները պետք է վերանայեն այս համակարգը, և այդ դեպքում ինքնագնահատականը համարժեք կլինի»,- պարզաբանել է մասնագետը: