Ինչպես անգլերենի ուսուցչուհին դարձավ ՌԴ ամենահարուստ կինը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի հաջողության պատմությունը
Դիտումներ՝ *
17:32 2022-10-13

Անցյալ տարի Forbes ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կին է ճանաչվել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը։ Նրա կարողությունը գնահատվում է 13 միլիարդ դոլար։

Հաջողության ուղին


Բակալչուկն իր բիզնեսը սկսել է ընդամենը 700 դոլարով` գտնվելով մայրության առաջին արձակուրդում: Նա սկսեց հագուստներ վաճառել Otto և Quelle կատալոգներից և 2004 թվականին ամուսնու՝ Վլադիսլավի օգնությամբ ստեղծեց Wildberries առցանց առևտրային կայքը։

Այն ժամանակ առցանց գնումներն այնքան էլ տարածված չէին, որքան հիմա, հետևաբար շատերը թերահավատորեն էին վերաբերվում ամուսինների ստարտափին։ Այնուամենայնիվ, արդյունքները սպասեցնել չտվեցին. պատվերները հայտնվեցին նախագծի մեկնարկից հետո, և ընկերությունը սկսեց արագ զարգանալ:

Սկզբում որպես պահեստ օգտագործվում էր ամուսինների բնակարանը, իսկ ծանրոցները հաճախորդներին անձամբ Տատյանան էր ուղարկում: Սակայն մեկ տարի անց զույգն առանձին շինություն և լրացուցիչ աշխատակիցներ վարձեց:

Երեք տարի անց ընկերությունը սկսեց համագործակցել հայտնի ապրանքանիշերի և խանութների հետ, Wildberries-ի տեսականին զգալիորեն ընդլայնվեց։ Բացվեցին ինքնասպասարկման կետեր՝ ապրանքը փորձելու հնարավորությամբ։

«Ես միշտ ցանկություն եմ ունեցել ապացուցելու, որ կարող եմ դա անել»,- ասել է Բակալչուկը։ Սկզբում խոսքը Մոսկվա տեղափոխվելու և համալսարան ընդունվելու մասին էր։ Հետո ծագեց բիզնես սկսելու գաղափարը։

«Մենք երեխա ունեցանք, նա մոտ մեկ ամսական էր, երբ ես ցանկացա վերադառնալ աշխատանքի»,- պատմել է ձեռներեցը։

Բայց Բակալչուկին չհաջողվեց վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ որպես անգլերենի ուսուցչուհի։Երեխաների դաստիարակության հետ աշխատանքի գրաֆիկն անհամատեղելի էր, և նա ստիպված եղավ ստեղծել ամենամեծ առցանց խանութն ԱՊՀ-ում:

Wildberries-ը սկզբում բացառապես ընտանեկան բիզնես էր։ Հաշվապահական հաշվառումը վարում էր Տատյանայի հայրը, իսկ Տատյանան այդ ընթացքում հաճախորդների հետ էր շփվում, պատվերներ ընդունում։ Իհարկե, ամուսնու հետ միասին, որն այս ամբողջ ընթացքում երբեք չի կասկածել կնոջ հաջողության վրա։

«Երբ ես անհաջողություններ էի ունենում, քանի որ բիզնեսի փորձ չունեի, նա ինձ միշտ օգնում էր։ Դասական դարձած «ես քեզ ասում էի, չէ՞» չկար։ Ոչ, դա երբեք չի եղել», – խոստովանել է Բակալչուկը:

15 տարի անց Բակալչուկի ընտանեկան բիզնեսը զբաղեցրեց չորրորդ տեղը համացանցային ամենաթանկ ընկերությունների վարկանիշում։

Wildberries-ի առանձնահատկությունը

«Wildberries-ն ունի մի մեծ տարբերություն, որը մեծապես ազդում է շուկայի վրա՝ փոխգործակցությունը գործընկերների հետ, փաստացի ճնշումը նրանց վրա»,- ասում է առցանց առևտրի շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը։

«Նրանց մեթոդները՝ զեղչերի ժամանակաշրջանում զեղչեր պարտադրելը, անցումը բրենդային ապրանքներին, համագործակցության պայմանների կտրուկ փոփոխությունները, երբ գործընկերները պարզապես չեն հասցնում պատրաստվել. այս ամենը գործընկերների համար ցավոտ է: Տեղեկատվական տարածքում սա թյուր պատկերացում է առաջացնում, որ շուկաները կարող են զարգանալ բացառապես փոքր գործընկերների համար ճճնշումների հաշվին», – ասել է բիզնես լեդին Forbes-ին:

Կորոնավիրուսն ու բիզնեսը

Հենց կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ ընկերությունը զգալիորեն ավելացրեց իր կապիտալը։ Լոքդաունի ժամանակահատվածում մարդիկ հնարավորություն չունեին գնումներ կատարելու և, զգալով առցանց շոփինգի առավելությունները, պատվերներ կատարեցին համացանցի միջոցով։

2019-ին Բակալչուկը հայտնվեց ամենանշանավոր նոր միլիարդատերերի ցուցակում` ըստ ամերիկյան Forbes-ի, իսկ մի քանի ամիս անց հրատարակության ռուսական տարբերակը նրան Ռուսաստանի ամենահարուստ կին ճանաչեց: Մինչև 2021 թվականը գործարար կնոջը հաջողվել է 1200%-ով ավելացնել իր կարողությունը. Forbes-ն այն գնահատել է 13 միլիարդ դոլար:

Պանդեմիայի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի ընթացքում Wildberries-ն աշխատանքի է վերցրել 15.000 մարդու՝ 7.500-ը բաշխիչ կենտրոններում, 5.500-ը՝ առաքման ծառայություններում, 1500-ը՝ պատվերների կետերում և մոտ 500 մարդ` ընկերության այլ ստորաբաժանումներում։ Այս տարվա մայիսի վերջին Wildberries-ում աշխատում էր 53.000 մարդ:

Շուկաները

Wildberries-ը գործում է Ռուսաստանում և 19 այլ երկրում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլն։ Գնորդների ընդհանուր թիվը 2021 թվականին հասել է ամսական 113 միլիոն մարդու։ 2021 թվականի հունվարին ընկերությունը հայտարարեց Գերմանիայում վաճառքի մեկնարկի մասին։ De.wildberries.eu կայքը և բջջային հավելվածները հասանելի են գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Մայիսի վերջին առցանց մանրածախ վաճառողը գործարկել է նոր ֆինտեխ ծառայություն հաճախորդների համար. այժմ նրանք կարող են ապրանքներ գնել նաև ապառիկ տարբերակով:

Անձնական կյանքը

46-ամյա Տատյանան չի հրապարակայնացնում իր անձնական կյանքը. հայտնի է միայն, որ ամուսնու հետ 7 երեխա է մեծացնում։ Ձեռնարկատիրոջ ամուսինը մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է։ Բակալչուկը հազվադեպ է հարցազրույցներ տալիս։ Նա փորձում է ամբողջ ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի և երեխաների հետ։

Վերաբերմունքը գումարի հանդեպ

Չնայած տպավորիչ եկամուտներին, Տատյանան գումարն անիմաստ չի վատնում։ Նա կարծում է, որ նյութական հարստության մեջ ներդրումներ անելն անհեռատեսություն է։

«Ինձ թվում է, որ մեքենաներ, մուշտակներ և զբոսանավեր ցանկանալն այլևս նորաձև չէ։ Նորմալ մարդիկ վաղուց են հասկացել, որ դրանք ոչ ակնհայտ արժեքներ են»,- ասել է գործարար կինը Marie Claire-ին տված հարցազրույցում։

Հետևաբար, նա գումար է ծախսում ճանապարհորդությունների և տպավորությունների վրա: Բացի այդ, ընտանիքը գումար չի խնայում երեխաների կրթության համար։

Տատյանան ասում է, որ իր բիզնեսի հիմնական նպատակը ոչ թե անձնական հարստությունն է, այլ ավելի գլոբալ մի բան.

«Մենք փորձում ենք Ռուսաստանում «տնտեսական հրաշք» անել, եթե նպաստենք բյուջետային հումքային տնտեսությունը ձեռնարկատիրականի փոխելուն։ Իսկ եթե ամեն դեպքում ինչ-որ բան «սխալ» ընթանա, և ես ստիպված լինեմ տեղափոխվել ծնողներիս ամառանոց՝ կարտոֆիլ աճեցնելու, ապա միայն կզղջամ, որ չեմ կարող անել այն, ինչ սիրում եմ։ Ես հաստատ չեմ տխրի, որ չեմ գնել բնակարաններ, տներ և մեքենաներ», – խոստովանել է նա: