Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. 5 սերիալ, որ կարելի է դիտել 2 օրում
Դիտումներ՝ *
19:23 2022-10-07

Սերիալները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում: Մարդիկ ամիսներ շարունակ ապրում են իրենց սիրելի սերիալի հերոսների հետ, երբեմն անգամ տարիներ շարունակ՝ սպասելով նոր եթերաշրջանների և զարգացումների: Բայց լինում են օրեր, երբ կա սերիալ դիտելու ցանկություն, բայց չկա ժամանակ: Նման պարագայում օգնության են գալիս մինի-սերիալները, որոնք կարելի է դիտել հանգստյան օրերին և որոնցից 5 փալյուն օրինակ ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ֆլիբեգ»

Բրիտանական տրագիկոմեդիա, որը նկարահանվել է բրիտանացի դերասանուհի և սցենարիստ Ֆիբի Ուոլեր-Բրիջի կողմից, պատմում է դրամատիկ և անկայուն կյանքով ապրող երիտասարդ կնոջ մասին, ում սերիալում մարմնավորել է հենց ինքը՝ Ուոլեր-Բրիջը:

Սերիալն ունի երկու եթերաշրջան: Առաջինի ընթացքում ծանոթանում ենք գլխավոր հերոսուհու կյանքի դրամատիկ կողմերին, բացահայտում ենք նրա գլխավոր գաղտնիքը, իսկ երկրորդ եթերաշրջանում ականատես ենք լինում փայլուն սիրո պատմության: Գլխավոր հերոսուհու ինքնահեգնանքը և քահանայի հմայքը «Ֆլիբեգ» սերիալը դարձնում են մինի-սերիալների փալյուն օրինակ:

«Բրիջերթոն»

Պատմական դրամաների սիրահարները կգնահատեն 2020 թվականին նկարահանված «Բրիջերթոն» սերիալը: Թեև դրաման ոչ մի ակնարկ չունի պատմության հետ, դուքսերի և դքսուհիների սիրային ինտրիգաները այն կդարձնեն գրավիչ հեռուստադիտողի համար: Դեռևս մեկ եթերաշրջան ունեցող սերիալը պատմում է դուքս Սայմոնի (Ռեգե Փեյջ) և Դաֆնիի (Ֆիբի Դեյնեվոր) հարաբերությունների մասին, որոնք պայմանավորված սիրեկաններից վերածվում են միմյանց համար «այրվող» ամուսինների:

«Բլրի վրա գտնվող տան ուրվականը»

Թրիլլերի սիրահարները կգնահատեն 2018 թվականի «Բլրի վրա գտնվող տան ուրվականը» սերիալը: Ընտանիքը, որը տեղափոխվում է ապրելու իրենց երազանքների տանը, պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ փորձություններ են սպասվում տանը, որն արդեն ուներ բնակիչներ…

«Ժամանակակից սեր»

«Ժամանակակից սեր» հեռուստասերիալի 8 սերիաներից յուրաքանչյուրը ներկայացնում է իրական պատմություն, որոնք հրապարակվել են The New York Times-ում: Մեկի հերոսները ծանոթանում են աշխատավայրում, մյուսները միմյանց չեն տեսել տասը տարուց ավելի: Մեկ բան է ընդհանուր՝ սերը…

«Նորմալ մարդիկ»

Սիրո թեման շարունակում ենք «Նորմալ մարդիկ» սերիալով: Ավագ դպրոցի աշակերտներ Մերիենի և Քոնելի բարդ ու բազմափուլ հարաբերությունները ցուցադրող հեռուստասերիալը պարզապես չի ներկայացնում պատմությունը գլխավոր հերոսների սիրո, այլ տալիս է հետազոտելու հնարավորություն և ազատ տարածություն՝ տեսնելու, թե սերը ինչ ձևեր կարող է ընդունել և որքան խորը կարող է ազդեցություն թողնել մարդկանց վրա, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպով:

Հեղինակ՝ Անի Գաբուզյան

168.am