Նա, ով գիտեր մարդուն․ Հենրիկ Մալյան մեջբերումներ և հուշեր
Դիտումներ՝ *
17:59 2022-10-04

Սեպտեմբերի 30-ին, հայ մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Անվանի կինոբեմադրիչը կդառնար 97 տարեկան:

Իր մասին Մալյանն ասել է

«Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ:

Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերից ես գլուխ չեմ հանում:

Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն…

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը.

Ես գիտեմ մարդուն:
Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:
Գիտեմ նրա բոլոր ձգտումները:
Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:
Գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը:
Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:
Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:
Գիտեմ, և գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առջև:
Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:
Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:

Ես միշտ նախանձել եմ այն ռեժիսորներին, որոնք ֆիլմի ավարտից հետո հաճույքով մասնակից են լինում իրենց ստեղծագործության քննարկումներին, հաճույքով վիճում են, հաճույքով պաշտպանվում, հաճույքով հարձակվում և կամ էլ… հաճույքով լռում` սեփական ֆիլմի այս կամ այն գնահատության առթիվ:

Ֆիլմի ստեղծման հետ կապված բոլոր փուլերից ինձ համար ամենածանրը հենց այդ շրջանն է:

Ֆիլմի ավարտից ես մի անկասելի ցանկություն եմ ունենում հեռանալու, փախչելու ֆիլմից, նրա տրամադրությունից, նրա ռիթմից, փախչելու` առանց ետ նայելու, առանց վերլուծությունների, առանց հոգեմաշ արդարացումների, առանց բացատրությունների, առանց հաղթողի կամ հաղթվողի կեցվածքի… ցանկություն եմ ունենում թաթախվելու նոր նյութի, նոր տրամադրության, մտքերի նոր ոլորտների մեջ: Սա շատ սուբյեկտիվ զգացում է և, ցավոք, անիրագործելի, քանի որ աշխարհում գոյություն ունի «լռելը համաձայնության նշան է» սպառնալի ասացվածքը, որը հաճախ պարտավորեցնում է չլռել…

____________________________________________

«Ինձ թվում է՝ ես զգացել եմ այն օդը, երբ թատրոնը մեծ մարդկանց մի օջախ էր, երբ թատրոնում ամեն ինչ շնչում էր թատրոնով, երբ դեռ թատրոնի բոլոր դերասանները լոկ թատրոնի դերասաններ էին և ոչ թե տիտղոսներ կրող անձնավորություններ, երբ թատերական գործի միայն ազգը և միայն անունը մի վեհ, մաքուր, վսեմ հասկացություն էր…»

Հատվածներ «Երկխոսություն երրորդի համար» գրքից

Բայց մի բան է կատակամոլությունը, բոլորովին այլ բան՝ հումորի զգացումը: Շատ հաճախ մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է սրախոս և ճարտարախոս մարդկանց, որոնք, այնուամենայնիվ, զուրկ են եղել հումորից…Հումորի առկայության դեպքում դիտողն ավելի շատ ներքին հրճվանք է ապրում, քան միայն ու միմիայն քահ-քահ ծիծաղում:

Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մեկ մարդու, միայն մեկ մարդու, միմիայն մեկ հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ: Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնին:

Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենը՝ ուրիշներին… Ինձ՝ միմիայն մեկ հոգի, մեկ մարդ, մեկ հանդիսատես…Ամեն մի աչք բաղկացած է աչքից և հոգուց… Եվ եթե աչքի «աչքը» կենցաղի ու ֆիզիկականի համար է, նայելու և նկատելու համար, ապա աչքի «հոգին» տեսնելու համար է, ներթափանցման համար …

Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել: