Apple-ի ղեկավարը նշել է այն լեզուն, որը պետք է իմանա յուրաքանչյուր երեխա
Դիտումներ՝ *
18:43 2022-10-03

«Երեխաներին պետք է ոչ թե օտար լեզուներ սովորեցնել, այլ ծրագրավորման լեզուներ»․ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկ

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկն ասել է, որ երեխաներին պետք է ծրագրավորման լեզուներ սովորեցնել տարրական դպրոցից։ Այդ մասին նա հայտարարել է հոլանդական Bright գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Կարծում եմ՝ բոլորը պետք է սովորեն ծրագրավորում նախքան դպրոցն ավարտելը: Ծրագրավորման լեզուներ պետք է դասավանդել տարրական դպրոցում»,- ասել է Քուկը։

Կուպերտինոյից ընկերության ղեկավարը վստահ է, որ ծրագրավորումը «միակ ունիվերսալ լեզուն» է՝ ի տարբերություն օտար լեզուների։
«Դա ամենակարևոր լեզուն է, որը կարող ես սովորել: Իհարկե, ձեր մայրենի լեզուն ավելի կարևոր է հաղորդակցության համար, բայց ծրագրավորման լեզուն ձեր ստեղծագործական ունակություններն օգտագործելու միջոց է»,- հավելել է նա:

Քուկը երկար տարիներ պաշտպանում է ԱՄՆ-ի նախադպրոցական կրթության ուսումնական ծրագրում ծրագրավորումը ներառելու գաղափարը՝ առարկան համարելով նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան և պատմությունը։