Շատ ժամանակակից երեխաներ և դեռահասներ նախընտրում են ընդհանրապես չնախաճաշել, կամ նրանց օրվա առաջին սննդընդունումը տեղի է ունենում այգում կամ դպրոցում:
Նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել երեխաներին և դեռահասներին առողջ նախաճաշով ապահովելու կարևորությունը, սակայն սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ տանը նախաճաշելը կարող է մեծ դրական ազդեցություն ունենալ:
Գիտնականների միջազգային թիմն ուսումնասիրել է 2017 թվականի Իսպանիայի առողջապահության ազգային հետազոտության տվյալները: Պարզվել է, որ տանը նախաճաշելը կապված է երեխաների և երիտասարդների մոտ ավելի քիչ խնդիրների հետ:
Հարցման շրջանակներում հավաքվել են նախաճաշի հետ կապված սովորությունների վերաբերյալ տվյալներ: Հետազոտողները նաև 4-14 տարեկան 3772 երեխաների ծնողներին կամ խնամակալներին հարցրել են երեխաների հոգեսոցիալական առողջության մասին, այսինքն՝ որոշել են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են ինքնագնահատականը, տրամադրությունը և անհանգստությունը:
Թիմը պարզել է, որ տնից դուրս նախաճաշը գրեթե նույնքան վնասակար է, որքան առավոտյան կերակուրն ամբողջությամբ բաց թողնելը: Թերևս, այն պատճառով, որ տնից դուրս պատրաստված սնունդը հաճախ ավելի քիչ սննդարար է (և ավելի մշակված), քան տանը պատրաստվածը:
Արդյունքները նաև ցույց են տվել, որ սուրճը, կաթը, թեյը, շոկոլադը, կակաոն, մածունը, հացը, տոստը և տարբեր հացահատիկները կապված են երեխաների և դեռահասների վարքագծային խնդիրների ավելի ցածր հավանականության հետ:
Չնայած այս ուսումնասիրությունը սահմանափակվում է միայն Իսպանիայում, այս արդյունքները համահունչ են աշխարհի այլ մասերի արդյունքներին:
Բացի այդ, գիտնականները մատնանշում են այն փաստը, որ տանը նախաճաշի ժամանակ երիտասարդ սերունդը կարող է ստանալ որոշ կարևոր տեղեկատվություն կամ պարզապես աջակցություն հարազատներից՝ քննարկելով գալիք օրը։ Սա, սակայն, ճիշտ է միայն այն դեպքում, երբ ընտանիքը չի օգտագործում գաջեթներ:
«Մեր արդյունքները հաստատում են ոչ միայն նախաճաշը որպես առողջ ապրելակերպի մաս քարոզելու անհրաժեշտությունը, այլև այն, որ նախաճաշը պետք է ուտել տանը:
Բացի այդ, հոգեսոցիալական առողջական խնդիրների կանխարգելման համար պետք է ընտրել նախաճաշ, որը ներառում է կաթնամթերք և/կամ հացահատիկ, և նվազագույնի հասցնել կենդանական ծագման որոշ ապրանքների օգտագործումը, որոնք հարուստ են ճարպերով կամ խոլեստերինով:
Սա կարող է օգնել նվազեցնել երիտասարդների մոտ առկա հոգեսոցիալական առողջական խնդիրները»,- ասել է աշխատանքի առաջին հեղինակ դոկտոր Խոսե Ֆրանցիսկո Լոպես-Գիլը Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանից:
Գիտնականների հոդվածը հրապարակվել է Frontiers in Nutrition-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ @therachelstory, unsplash-ի
168.am