Ինչով փոխարինել սուրճը. 5 ոչ ակնհայտ տարբերակներ
Դիտումներ՝ *
18:53 2021-11-07

Elle.ru-ն ներկայացնում է ըմպելիքների հետաքրքիր տարբերակներ նրանց համար, ովքեր, չգիտես ինչու, որոշել են կրճատել դասական սուրճի օգտագործումը կամ ամբողջովին հրաժարվել դրանից, բայց ցանկանում են առույգ մնալ:

Ոսկե լատե

Մեկ բաժակ կաթին ավելացրեք կես թեյի գդալ քրքում, մեկ պտղունց կոճապղպեղ, դարչին և հիլ, խառնուրդը հասցրեք եռման և մատուցեք: Սուրճի հիանալի այլընտրանք. ըմպելիքը ոչ միայն աշխուժացնում է, այլ նաև օգնում է հաղթահարել մրսածությունը:

Կանաչ հյութ

Կանաչ հյութի շատ բաղադրատոմսեր կան, բայց բոլորին միավորում են մեծ քանակությամբ կանաչիները: Օրինակ՝ բլենդերի մեջ կարող եք հարել սպանախը, խնձորը, կիտրոնը և համեմել մի փոքր կոճապղպեղով: Այս ըմպելիքը կօգնի մարմնից հեռացնել տոքսինները:

Կոճապղպեղային ըմպելիք

Կոճապղպեղը և կիտրոնը մանրացրեք, ավելացրեք անանուխ և խառնուրդի վրա եռացրած ջուր լցրեք: Որոշ ժամանակ անց դուք կստանաք սուրճի իդեալական այլընտրանք՝ աշխուժացնող և առողջարար ըմպելիք:

Նռան հյութ

Նռան հյութը աշխուժացնում է և պարունակում է շատ օգտակար վիտամիններ: Պարզապես պետք է չչարաշահել նռան հյութը, որպեսզի մարսողական խնդիրներ չառաջանան:

Ընկուզեղենով սմուզի

Սմուզին դիետիկ ըմպելիք չէ, ընդհակառակը: Այնուամենայնիվ, սմուզին կարող է լավ առույգացնել: Հատկապես օգտակար են նուշով կամ ընկույզով սմուզիները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․ am