Հայտնի է աշխարհում ամենաերկարակյաց և ամենաերկար կառավարող միապետի անունը
Դիտումներ՝ *
13:03 2022-09-11

Եղիսաբեթ II-ի մահից հետո Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը դարձել է ամենաերկարակյաց և ամենաերկար կառավարող միապետը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բոլկիախը ծնվել է 1946 թվականի հուլիսի 15-ին, նա սովորել ու ավարտել է Մեծ Բրիտանիայի Սանդխերստ քաղաքի թագավորական ռազմական ակադեմիան։ Նրա հայրը՝ Օմար Ալի Սայֆուդդին III-ը գահից հրաժարվել է 1967թ-ին, և նույն թվականի հոկտեմբերի 5-ին Բոլկիախը գահ է բարձրացել։ Բացի նրանից, որ 76 ամյա Բոլկիախը հանդիսանում է սուլթան և Բրունեյի բացարձակ միապետը, նա նաև զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը 1984-ից, երբ երկիրն անկախացավ Մեծ Բրիտանիայից։

Սուլթանը Եղիսաբեթ II-ի հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել։ Միապետը Բրունեյում բացարձակ իշխանություն ունի։ Քանի որ նա նաև երկրի վարչապետն է, հետևաբար, համարվում է կառավարության ղեկավարը, արտաքին գործերի նախարարն ու ֆինանսների նախարարը։

Բոլկիախը նաև կրոնական հարցերի նախարարությունն է գլխավորում։ 2014-ին նա հանդես է եկել շարիաթի պատիժներն ընդունելու օգտին։ Այն ենթադրում է մահապատիժ քարերով խփելու միջոցով, վերջույթների անդամահատում, մտրակում՝ հղիությունը արհեստական ընդհատելու, ամուսնական դավաճանության և միասեռականության համար։

2010-ին Բոլկիախի կարողությունը գնահատվել է 20 մլրդ դոլար։ Նա սեփական Boeing 747 ինքնաթիռ ունի, որը գնահատվում է 400 մլն դոլար։ Նրա կարողության մասն է կազմում նաև 7 հազար ավտոմեքենաներից բաղկացած ավտոպարկը։