Մասկը «խոստումնալից» բանակցություններ է վարել Apple-ի հետ արբանյակային կապի շուրջ
Դիտումներ՝ *
13:58 2022-09-12

Հնարավոր է, որ ապագայում մենք ունենանք գլոբալ համագործակցություն SpaceX-ի և Apple-ի միջև։

iPhone 14-ի հայտարարության ժամանակ Apple-ը ներկայացրել է արբանյակի միջոցով SOS ազդանշանի փոխանցման գործառույթը։ Այս տարբերակը թույլ է տալիս iPhone-ի սեփականատերերին շտապ օգնություն ստանալ այն վայրերում, որտեղ բջջային կամ Wi-Fi կապերը հասանելի չեն: Այս և այլ նորամուծությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։ 

Ներկայումս Apple-ն այդ նպատակով օգտագործում է Globalstar արբանյակները, սակայն SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունը «խոստումնալից բանակցություններ է վարել Apple-ի հետ՝ Starlink-ին միացնելու համար»: Հիշեցնենք, որ Starlink-ը SpaceX-ի գլոբալ արբանյակային համակարգն է:

Նոր թվիթում Մասկը նաև գովաբանել է Apple-ի մշակողներին և կիսվել իր մտքերով, թե ինչպես է աշխատում նոր տարբերակը. «Մենք Apple-ի հետ մի քանի խոստումնալից խոսակցություններ ունեցանք Starlink կապի վերաբերյալ: iPhone-ի թիմն ակնհայտորեն գերխելացի է: Իհարկե, տվյալների փոխանցումը հեռախոսին լավագույնս կաշխատի, եթե հեռախոսի ծրագրակազմն ու սարքավորումը հարմարվեն տիեզերական ազդանշաններին, այլ ոչ թե պարզապես նմանակեն Starlink բջջային աշտարակը»:

Apple-ը չի նշել SpaceX-ի հետ որևէ քննարկում, և դեռևս հստակ չէ, թե արդյո՞ք ընկերությունը նախատեսում է ապագայում համագործակցել նրա հետ Starlink տեխնոլոգիան օգտագործելու համար։

Հիշեցնենք, որ Apple արբանյակի ֆունկցիան նախատեսված է արտակարգ իրավիճակների համար և օգտագործվում է շտապ օգնության անձնակազմին կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու համար, այսինքն՝ պարզապես ընկերոջ հետ այս տարբերակով զրուցելը չի ​​աշխատի։ Բացի այդ, համակարգն աշխատում է միայն ԱՄՆ-ում և Կանադայում (առայժմ) և այն ունի սահմանափակ անվճար ժամկետ՝ երկու տարի iPhone 14-ը գնելուց հետո, որից հետո դուք պետք է վճարեք տարբերակի համար։

Սիրարփի Աղաբաբյան

168.am