Նեյրոնային ցանցերի և ռենտգենի միջոցով վերականգնվել է Վան Գոգի նկարը
Դիտումներ՝ *
16:18 2022-09-07

«Երկու ըմբիշներն» իրենց ամենապտեհ ժամին էին սպասում գրեթե մեկուկես դար։

Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցները նկարիչ Ջեսպեր Էրիկսոնի մասնակցությամբ վերականգնել են Վինսենթ Վան Գոգի «Երկու ըմբիշներ» կտավը, որը նա նկարել է ավելի քան 135 տարի առաջ՝ մոտ 1886 թվականին։

Հետազոտողները ոչնչացվող աշխատանքները վերստեղծելու տեխնոլոգիա են կիրառել, որն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ։ Այն թույլ է տալիս ապամոնտաժել ներկի յուրաքանչյուր շերտ: Հաջորդը գալիս է նեյրոնային ցանցը, որը վերականգնում է նկարչի ձեռագիրը, իսկ 3D տպագրության տեխնոլոգիան՝ ստեղծելով պատրաստի կտավն, ավարտում է ամեն ինչ։ Այս համակարգը գտնվում է հետազոտողների NeoMasters նախագծի հիմքում, որը գործում է 2019 թվականից և օգնում է վերականգնել արվեստի անհետացող գործերը։

Մասնագետների կարծիքով՝ նկարի ռեստավրացիան դժվար է գնահատել, սակայն «Երկու ըմբիշները» վերցրել է հնարավոր ամեն ինչ գոյություն ունեցող տեխնոլոգիաներից, և կտավը «համոզիչ» է ստացվել։

Նկարում պատկերված են երկու տղամարդիկ՝ մերկացած մինչև գոտկատեղը։ Այդ կտավի գոյության մասին հայտնի է դարձել 2012 թվականին, երբ բելգիացի արվեստաբանները ստուգել են Վան Գոգի «Նատյուրմորտ՝ մարգագետնային ծաղիկներով և վարդերով» կտավը։ Ռենտգենյան անալիզը ցույց է տվել, որ ներկի շերտերի տակ երևում են մարդկային երկու ուրվագծեր։

Կտավի՝ օրիգինալ լինելու հավաստիքը հեղինակի նամակներից մեկն է եղբորը, որտեղ նա խոսում է «Երկու ըմբիշների» մասին։ Բացի այդ, Անտվերպենի Արվեստների ակադեմիայի նկարչական կուրսում, որտեղ Վան Գոգը սովորել է 1886 թվականին, մեկ անգամ չէ, որ նա ստիպված է եղել նույն դիրքով պատկերել երկու կիսամերկ ուրվագծեր։