Մարդ, ում սիրտը լեռներում էր. այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
Դիտումներ՝ *
16:05 2022-08-31

«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։

Ծնունդը

Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ 37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում երեխաներին՝ Հենրիին , Զաբելին, Կոզեթին ու Վիլյամին, տեղափոխեցին որբանոց։ Այդ ժամանակ Վիլյամը 3 տարեկան էր, և հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը ծանր փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար:

«Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով` դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս: Ես դադարեցի լաց լինել» :

Այդ ժամանակ մայրը նրան Coon Jiger անունով մի տիկնիկ էր նվիրել։ Տիկնիկ, որը երկար տարիներ լինելու էր Վիլյամի անբաժան ընկերը և այդ տիկնիկով էր փորձելու փարատել մոր բացակայությունը:

Վերադարձ դեպի տուն

Մոտ 10 տարի ապրելով մանկատանը՝ նույն ճանապարհով Վիլյամն իր քույր-եղբայրների հետ մի օր վերադարձավ տուն: Սակայն վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի անհոգ կյանք: Աշխատանք հեռագրատանը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը: 13-ամյա երեխայի համար դա դժվար փորձություն էր:

«Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս:

Հանկարծ լսեցի մորս ձայնը՝ ինչո՞վ ես զբաղված: Ես խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ ես տարբեր եմ մյուս երեխաներից»:

Փողոցը՝ որպես դպրոց

Թե’ որբանոցում, թե’ հետո արդեն տանը, Վիլյամը այդպես էլ կանոնավոր կրթություն չստացավ։ Կրթությունն ու աշխատանքը համատեղելը դժվար էր տղայի համար: Իսկ երրորդ դասարանում դպրոցում հայտնի էր որպես ամենաչար տղան, ում հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերը, ականջները… Այդպես մինչև մի օր հայտարարեցին՝ Վիլյամ Սարոյանը վռնդված է դպրոցից…

Ծանոթությունը հոր հետ

Վիլյամը հորը չէր հիշում ու հորից շատ բան չէր պատմում մայրը: Սակայն 1922 թվականին, երբ Վիլյամը 14 տարեկան էր, մայրը նրան հանձնեց հոր թղթերի ու տետրերի մի կապոց: Դա Վիլյամի համար իր և հոր առաջին հանդիպումն էր՝ հասունության հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ էր, որ Վիլյամը իմացավ իր հոր ով լինելը:

Հայրը բանաստեղծ էր, բանաստեղծություններ ու պոեմներ էր գրել «հին հայրենիքի» լեզվով։ Օրեր շարունակ նա կարդում էր հոր գրվածքները, հետո ուրիշ գրողների, հետո էլի ու էլի, և վերջում հասկացավ, որ չգրել չի կարող:

«Ես գրում եմ փոքր տարիքից, թեպետ այն ժամանակ ոչ մեկին չէի խոստովանում, որ ուզում եմ գրող դառնալ։ Մերոնք՝ բիթլիսցիները, հատկապես նրանք, ովքեր հիմնավորվել էին Ամերիկայում, գրողներին լուրջ չէին վերաբերվում։ Նրանց համար կարևորն այն էր՝ կարո՞ղ ես փող աշխատել, թե՞ ոչ։ Իմ հորեղբայր Արամն ասում էր.«Դու այդ հիմարությունը թո՛ղ»։ Բայց ես չէի լսում…»։

Աշխատանքային տարեգրություն

1926 թվական: 18 տարեկան Վիլյամն արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր և սեզոնային մշակ Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, բացահայտել էր Ֆրեզնոն այնքան, որքան հնարավոր էր:

Եվ ահա, ամեն տեսակ աշխատանքից գլուխ հանող Վիլյամը որոշում է նոր բացահայտումների գնալ: Թողնելով հարազատ Ֆրեզնոն՝ նա ճանապարհ է ընկնում դեպի Սան Ֆրանցիսկո: Սան Ֆրանցիսկոյում նրան նոր աշխատանքներ էին սպասում՝ հեռագրատան ծառայող, ապա՝ սպորտային ապրանքների վաճառող, պահեստի բանվոր, և էլի ուրիշ աշխատանքներ: Սակայն ոչ մի աշխատանք իր սրտով չէր, ու նա ոչ մի տեղ երկար չէր մնում՝ կարևորը հասցներ սենյակի վարձը տալ:

Սիրակ Գորյան

1933 թվական, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթ: Վիլյամ Սարոյանի առաջին ստեղծագործությունը` Սիրակ Գորյան կեղծանունով, արդեն իրականություն էր` հետո ինչ, որ ոչ իր անուն-ազգանունով:

Մեկնարկը տրված էր, շարունակությունը՝ սպասված: Եվ չուշացավ առաջին գիրքը՝ 1934թ․, «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ»: Հետագայում այս գրքի մասին ամերիկացի քննադատ Բ. Ռասկոն պիտի գրեր.

«Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար` որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։

Ընթերցողը սիրեց գիրքը, գրախանութներում այն երկար չմնաց դարակներին և դատարկվող դարակները Վիլյամին ստիպեցին մտածել շարունակության մասին:

«1935թ․-ին, երբ լույս տեսավ իմ առաջին գիրքը, ես կյանքում առաջին անգամ ինձ զգացի գրեթե հարուստ։ Եվ այդ ժամանակ որոշեցի ուղևորվել Հայաստան։ Ուզում էի տեսնել իմ ժողովրդին, իմանալ, թե ինչի մասին են խոսում իմ հայրենակիցները։ Ինչպես են նրանք քայլում փողոցներով, ինչ են սիրում։ Ուզում էի նայել Բիթլիսի ուղղությամբ»։

«Քո կյանքի ժամերը»

1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը» պիեսը:

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

…. Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերյան և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ Սակայն Սարոյանը հրաժարվեց առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ

«Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:

Զինակոչիկը

1942 թվականին Սարոյանը զորակոչվեց բանակ, հետո իր տեսած ու ապրած պատերազմը պիտի դառնային ստեղծագործություններ՝ «Մարդկային կատակերգություն», «Վեսլի Ջեկսոնի արկածները»։ Նույն թվականին՝ մինչև զորակոչվելը, հիմնեց սեփական թատրոնը, որը, սակայն, կարճ կյանք ունեցավ:

«Երբ իմ «Մարդկային կատակերգությունը» թարգմանվեց հայերեն, մայրս կարդաց այն։ Մի անգամ ես նստել և ուտում էի նրա պատրաստած թանապուրը։ Հանկարծ նա մտավ սենյակ և ասաց. «Երեկ գիշեր կարդացի քո գրածը։ Լավ էր»։ Եթե մայրիկն ասաց՝ «լավ էր», նշանակում է՝ այդպես էլ կա։ Նշանակում է՝ թարգմանությունն էլ լավն է»։

Դեպի աշխարհ

Միշտ ու մշտապես, ուր էլ լիներ ու ինչ էլ աշխատելիս լիներ, Վիլյամի միտքը միշտ թռչում էր նոր երկրներ, ուրիշ երկրներ` նոր բացահայտումների ու նոր զգացողությունների ետևից: Եվ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1950-60-ական թթ․-ին, Սարոյանն անդադար շրջագայում էր: Եվրոպա ու ոչ միայն Եվրոպա, մինչև հասավ հայրենիք` Հայաստան:

Սարոյանի Հայաստանը

«Օտարության մեջ ապրող հայերի մեջ մեծ է Հայրենիքի հանդեպ կարոտը։ Բայց դա հիվանդություն չէ։ Դա ուժ է։ Եվ այն օգնում է ճանաչել ինքդ քեզ։ Ես՝ Ուիլյամ Սարոյանս, Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ երեխան եմ, և իմ արժեքն այն է, որ ես հայ եմ, գրող։ Ես չեմ կարող ինքս իմ մասին այլ կերպ մտածել։ Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել։ Եթե դավաճանեմ, չեմ կարողանա գրել, և այն ամենը, ինչ կգրեմ, կլինի կեղծ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու առաջին իսկ վաստակածս գումարով եկա Հայաստան»:

Առաջին անգամ 1935թ․-ն էր, երբ նա ընդամենը 27 տարեկան էր: Հաջորդ անգամ Հայաստան այցելեց 1960-ին, ապա՝ 1976թ․-ին և 1978թ․-ին, որ նշեր իր 70-ամյակը:

«Ես հայ եմ արյունով, ամերիկացի` միջավայրով: Հայաստանը ես սիրեցի միանգամից: Այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»:

Եվ պատահական չէ, որ Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը, հայկականը՝ օտար միջավայրում:

«Համարձակեցեք բնաջնջել Հայաստանը: Տեսեք, թե կրնա՞ք: Աքսորեցեք դեպի անապատները առանց հացի ու ջրի: Այրեցեք անոնց տունն ու եկեղեցիները: Հետո տեսեք, թե անոնք արդյոք կրկին չեն խնդա, երգե կամ աղօթե… Որովհետև, երբ անոնց երկուսը աշխարհի որևէ մասում կհանդիպեն, տեսեք, թե անոնք արդյոք մի Նոր Հայաստան չեն ստեղծե…»:

Սարոյանի երազանքը Բիթլիսում լինելն էր և այդ միտքը գրողին հանգիստ չէր տալիս, մինչև…

«Ես 56 տարեկան էի, երբ ուղևորվեցի Բիթլիս։ Ստամբուլում թուրք լրագրողներն ինձ հարցրեցին՝ ինչ եմ ուզում տեսնել, ուր եմ ցանկանում գնալ։ Ասացի՝ Բիթլիս։ Ասացին՝ դժվար է, բայց տեսնենք, գուցեև հաջողվի։ Հաջողվեց։ Ավտոմեքենայով ուղևորվեցինք Ադաբազար, այնտեղից՝ Սամսուն, Տրապիզոն և, ի վերջո, հասանք Վանա լճի մոտ։ Այնտեղ ես առաջին անգամ կռունկ տեսա։ Գեղեցիկ թռչուն է… Երբ մոտեցանք Բիթլիսին, ես ամբողջովին քրտնեցի։ Ուղեկիցներիս հարցրեցի՝ իրենք չե՞ն շոգում։ Ասացին՝ ոչ։ «Ինչո՞ւ»,- զարմացա,- «ես հո լրիվ քրտնել եմ»։ «Մենք Բիթլիսից չենք»,- ժպտացին նրանք,- «մենք այլ վայրերից ենք»։

Սարոյանական ձեռագիրը

«Ափսոս, որ չեն հորինել այնպիսի մի մրցանակ այն գրողների համար, ովքեր կարողանում են խուսափել աշխարհին ևս մեկ անպետք գիրք նվիրելու գայթակղությունից»:

Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը հասցրեց գրել մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասը տեղ գտավ տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանին կարելի է գտնել իր բոլոր գործերում, բոլոր կերպարների մեջ: Մի առիթով նա նույնիսկ ասել է

«Այստեղ՝ Երևանում, ինձ հարցրեցին, թե «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հերոսներն ունե՞ն նախատիպեր։ Նախատիպն այստեղ մեկն է՝ ես ինքս։ Ես և՛ Ջոնին եմ, և՛ ՄըքԳրեգորը։ Ես տատիկն եմ, ես նպարավաճառի դուստրն եմ։ Ես շատ եմ սիրում «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ես հպարտ եմ, որ այն բեմադրվել է Երևանում… Որքա՜ն լավ է բեմադրել պիեսը Վարդան Աճեմյանը։ Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մինչև հիմա հնչում է ականջներումս…»։

Վիլյամ Սարոյան տեսակը

«Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ»:

Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սարոյանը Սևանի ափից մի ծանր քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:

– Ամերիկա՝ Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

– Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…-հարցնում է ուղեկցորդը:

– Ինքնաթիռով պիտի տանիմ…

– Ինչո՞ւ…

– Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Սարոյանական հումորը միայն առօրյա խոսակցություններով չէր սահմանափակվում: 1948 թվականին Վիլյամ Սարոյանը թերթում այսպիսի մի հայտարարություն տպագրեց.

«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը՝ 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:

Նույնանման ձևակերպում ուներ նաև այգու վաճառքի հայտարարությունը:

«Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:

Եվ որքան էլ զարմանալի է, այգին վաճառվեց ու վաճառվեց հենց հաջորդ օրը: Ավելին, գնորդների հերթ էր գոյացել, բայց սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

Չառլին և Վիլյամը

«Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»։

Սարոյանը Ամերիկայում սիրում էր հանդիպել հայերի հետ: Բայց Սարոյանի հուշերում ճակատագրական էր հատկապես ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ ընկերությունը: 1936 թվականի հոկտեմբերին Մամուլյանի հետ հերթական հանդիպումը պատճառ դարձավ մեկ այլ ճակատագրական հանդիպման: Հանդիպում, որ սկիզբ էր դնելու Չապլին և Սարոյան բարեկամությանը:

Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում տեսնելով Չարլի Չապլինին՝ Սարոյանը նախ՝ շփոթվեց: Հետո՝ պիտի իմանար, որ Նյու Յորքի այն համեստ կացարանը, որտեղ բնակվում էր Չապլինը, իր կացարանի հարևանությամբ է: Հետո արդեն ամեն երեկո Սարոյանն ու Չապլինը պիտի միասին զբոսնեին, թափառեին փողոցից փողոց: Չապլինը պիտի ազդեր նաև Սարոյանի ձեռագրի վրա՝ նրան արձակից տանելով դեպի դրամատուրգիա:

Իսկ երբ 1952 թվականին Չապլինին վտարեցին ԱՄՆ-­ից իր նկարահանած «Մսյո Վերդու», «Բեմի լույսերը» ֆիլմերի համար, Սարոյանի համար դա հավասար էր սեփական անձի վտարմանը: Այդպես նրանց բարեկամությունն ընդհատվեց 23 տարով: Վերջին հանդիպումը 1975 թ. մայիսին էր, Փարիզում:

Այդ հանդիպումից 2 տարի անց Սարոյանը կարդաց Չապլինի մահվան մասին… Իրենց չդադարող բարեկամության մասին երբ էլ հարցնեին, միշտ նույն պատասխանն էր տալիս․

«Մեզ կապում է բարությունը և կրկին բարությունը, բարի կամեցողությունը»:

Սերը

Սարոյանն իր կյանքի ընթացքում ամուսնացել է երկու անգամ, երկու անգամ էլ` նույն կնոջ հետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչու է նորից ամուսնացել նույն կնոջ հետ, նա իրեն բնորոշ անկրկնելի հումորով պատասխանել է.

«Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի»։

Իսկ երբ հարցրել են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է.

«Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալը գործեցի»։

Սիրո այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Սարոյանը 34 տարեկան էր: 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում նա ծանոթացավ իր ապագա կնոջ` Քերոլ Մարքուսի հետ: Քերոլը նրանից փոքր էր 16 տարով. 17-ամյա շիկահեր գեղեցկուհին տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Այդպիսի կանանց մասին, որպես կանոն, Սարոյանի մայրն ու քույրերը բացասական կարծիք ունեին: Բայց մի բան կար, որ գրավում էր Վիլյամին: Եվ չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան: Ամուսնության օրը Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը:

Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Թվում է, թե երջանիկ լինելու համար ամեն ինչ կար, եթե միայն չլինեին հաճախակի վեճերը: Ի դեպ, Սարոյան-Չապլին ընկերությունն ամրապնդվեց նաև նրանց կանանց ընկերությամբ՝ Օոնա Օ’նեիլին և Քերոլը մանկության ընկերուհիներ էին:

Զույգը երջանիկ էր, իսկ նրանց ամուսնալուծության լուրը՝ անհավատալի: Տարիներ հետո որդին՝ Արամը, գրում է .

«Եվ մի գիշեր, անկողնում, երբ Քերոլը Բիլի սիրառատ վերաբերմունքից հետո իրեն ապահով էր զգում, կատարում է իր երկար ձգած խոստովանությունը` հայտնելով, որ ինքն իրականում հրեուհի է: Սարոյանի արձագանքը կայծակնային էր: Նա վեր կացավ, վերցրեց իր անկողինը և գնաց, պառկեց հյուրասենյակի բազմոցին»:

Հրեաների հանդեպ Սարոյանի վերաբերմունքը մանկությունից էր գալիս:

«12 տարեկան էի, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսա մեծ տառերով գրված «Զեղչ»: Ուրախացած ավելի մոտեցա և նկատեցի, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`«Հայերի մուտքն արգելվում է»:

6 տարվա ամուսնությունից հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Ամուսնուն հետ վերադարձնելու Քերոլի բոլոր փորձերն ապարդյուն էին: Մինչև նոր ամուսնության առաջարկություն ստացավ և, երկար չմտածելով, համաձայնեց: Թեկնածուն էլի հայտնի մարդ էր, տարիքով մեծ, սակայն, հարուստ և ռոմանտիկ: Հենց այդ ժամանակ է, որ Սարոյանի մեջ հայի գենը խոսեց, ու չուշացավ Սարոյան-Քերոլ երկրորդ ամուսնությունը: Դա 1951թ․-ն էր, պսակադրությունը՝ Լոս Անջելեսի հայկական եկեղեցում էր:

«Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչը մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»:

Սակայն երկրորդ ամուսնությունն էլ երկար չտևեց: Ամուսինների ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին, և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն:

1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ:

Սարոյան հայրը

Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը ֆինանսապես ապահովում էր նրանց: Չնայած այդ ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերություններ ուներ հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիները նրանց ավելի հեռացրին… Հանդիպման վերջին առիթը Սարոյանի կյանքի մայրամուտին էր:

Ի դեպ, Արամը բանաստեղծ է. Սարոյանը հաճախ էր կարդում որդու բանաստեղծությունները: Դուստրն ընտրեց դերասանի մասնագիտությունը, թեպետ նա էլ պատանեկության տարիներին գրում էր. հոր բնորոշմամբ՝ բավականին լավ գործեր:

Վերջի սկիզբը

«Եվ այնուամենայնիվ, ինչ–որ մի տեղ ինչ– որ մի բան սխալ է»:

Սարոյանը 2 տարի տառապում էր քաղցկեղով, հիվանդությունը ծանր էր, թեպետ Սարոյանը փորձում էր այն թեթև տանել:

1981թ․-ին, սակայն, նրան տեղափոխեցին հիվանդանոց: Լուրը լսելուն պես Լյուսին՝ յոթ տարվա դադարից հետո, խելագարի պես հասավ հիվանդանոց: Հիվանդանոց հասավ նաև որդին, ում հետ հանդիպել Սարոյանը համաձայնեց միայն 2 շաբաթ անց: Նախքան այդ, երեք տարի չէին հանդիպել: Արամը հանդիպմանը մենակ չէր՝ Սարոյանի թոռնուհին էլ էր եկել պապին տեսության:

«Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա խոսքերը. «Շնորհակալ եմ, Արա՛մ»: «Ես եմ շնորհակալ, հայրի՛կ»: «Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է»,– թույլ ձայնով շշնջաց հայրս»:

1981 թվականի մայիսի 18-ը Սարոյանի վերջին առավոտն էր: Այդ օրը Ֆրեզնոյում ևս մեկ հայ պակասեց: Նա նախապես իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշուց մի բուռ հանձնեն հայկական հողին:

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկընալ, հետո պիտի հասկընաք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկընան , որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը: Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի բան է այդ»:

Նրա վերջին կամքը կատարվեց: Աճյունափոշու մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Իսկ 2008-ին Երևանի կենտրոնում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը:

«Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»: