Լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում
Դիտումներ՝ *
20:51 2022-08-26

Տարատեսակ օգտակար դեղաբույսերը դարեր շարունակ կիրառվել են ժողովրդական բժշկության մեջ առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարում, սակայն մարդիկ հաճախ թերագնահատում են այս բույսերի արդյունավետությունը, ուստի անտեսում են դրանք՝ նախապատվությունը տալով դեղատներում վաճառվող պատրաստի դեղորայքին։ Այնուամենայնիվ շատ դեպքերում անգամ փորձառու մասնագետներն են հորդորում կիրառել բուժման բնական միջոցներ ու խուսափել քիմիական դեղորայքից, քանի որ վերջինների դեպքում կողմնակի բարդությունների առաջացման հավանականությունը շատ ավելի մեծ է։

Դեղաբույսերն, իհարկե, ունակ չեն բուժել շատ լուրջ հիվանդությունները, սակայն կարող են հեշտությամբ մեղմել դրանց տհաճ դրսևորումները, ինչպես նաև հիանալի հավելում դառնալ մասնագետի նշանակած դեղորայքային բուժմանը՝ այդ կերպ խթանելով ապաքինման գործընթացը, ուստի դրանցից խուսափելու կարիք չկա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դեղաբույսերը, որոնք պետք է լինեն յուրաքանչյուրի դեղատուփում։ Այս դեղաբույսերը կօգնեն առանց դեղորայքի ազատվել տարբեր խնդիրներից՝ խուսափելով կողմնակի բարդություններից, սակայն անգամ նման անվնաս համարվող դեղամիջոցները ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։

Երիցուկ

Այս բույսը հարուստ է տարատեսակ վիտամիններով ու աղաղանյութերով (դաբաղանյութեր), որոնք կարող են շատ օգտակար լինել տարբեր հիվանդությունների դեմ պայքարում։ Երիցուկով թուրմը հիանալի բնական միջոց է նյարդային համակարգը հանգստացնելու, անհանգստությունից ու լարվածությունից ազատվելու և քնի որակը բարելավելու համար։ Բացի այդ, այս բույսն օգնում է նաև մեղմել գլխացավն ու ատամի ցավը, ինչպես նաև նվազեցնում է բորբոքումների մակարդակը, ինչը բավական տարածված խնդիր է միզասեռական համակարգի աշխատանքի խանգարումների ու մրսածության դեպքում։ Սակայն հարկ է հիշել, որ այս թուրմը չի կարելի չարաշահել, ուստի բուժման կուրսի տևողությունը պետք է լինի առավելագույնը երեք ամիս։

Լորենի

Լորենին որպես թեյ թրմելու դեպքում կարելի է ստանալ ոչ միայն շատ համեղ, այլև անչափ օգտակար ու առողջարար ըմպելիք, որը կօգնի պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ։ Այս թուրմը հարուստ է А և С վիտամիններով, ինչպես նաև եթերայուղերով, աղաղանյութերով ու ֆլավոնոիդներով, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար։ Այն կարող է շատ օգտակար լինել կանանց համար դաշտանի առաջին օրերին, քանի որ օգնում է մեղմել դաշտանով պայմանավորված տհաճ զգացողությունները։ Բացի այդ, այն շատ օգտակար է նաև շագանակագեղձի բորբոքում ունեցող տղամարդկանց համար։ Լորենու թուրմն օգնում է կարգավորել մարսողությունն ու նվազեցնել մարմնի բարձր ջերմությունը։ Սակայն միևնույն ժամանակ փորձագետներն ընդգծում են, որ այս դեղաբույսը չի կարելի չարաշահել ու օգտագործել չափազանց հաճախ, քանի որ այն կարող է դառնալ սրտի զարկերի զգալի արագացման պատճառ։

Մասուր

Մասուրի թուրմը ոչ միայն շատ համեղ ըմպելիք է, այլև հիանալի այլընտրանքային տարբերակ սուրճի ու կոֆեին պարունակող այլ ըմպելիքների փոխարեն կիրառելու համար։ Սա պայմանավորված է նրանով, որ այս թուրմը տոնուս է հաղորդում, նպաստում է զարկերակային ճնշման նվազմանն ու արյունատար անոթների մաքրմանը։ Ավելին՝ այս ըմպելիքը կարելի է կիրառել նաև մրսածության (հարբուխ) կանխարգելման, ինչպես նաև տարատեսակ հիվանդություններից հետո օրգանիզմի վերականգնման համար։ Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ որոշ դեպքերում մասուրը կարող է հակացուցված լինել։ Այն, մասնավորապես, խորհուրդ չի տրվում կիրառել զարկերակային ցածր ճնշման, թրոմբների առաջացման հակվածության, փորկապության, ինչպես նաև ցիտրուսային մրգերից ու մասուրից ալերգիաների առկայության դեպքում։

Այս դեղաբույսերը կարող են շատ արդյունավետ լինել առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարում, սակայն հարկ է հիշել, որ նման միջոցները կարելի է կիրառել բացառապես մասնագետի հետ խորհրդակցելուց հետո։ Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, առողջական խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել դրանց հիմնական պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: