«Ջազում միայն աղջիկներ են». ֆիլմի նկարահանումները՝ մի առանձին կինո
Դիտումներ՝ *
21:43 2022-08-23

Թոնի Քերթիս, Ջեք Լեմոն, Մերիլին Մոնրո. այս դերասանների ներկայությունը միայն բավարար էր, որպեսզի ֆիլմը հաջողեր և դառնար կուլտային ու հավերժական:

Ֆիլմը երկու երաժիշտների արկածների մասին է, որոնք ստիպված են կանացի հագուստով փախչել գանգստերներից: Մասնագետները բարձր գնահատեցին ֆիլմը՝ ճանաչելով այն ամերիկյան կինոյի լավագույն կատակերգություններից մեկը:

Դերասանների ընտրություն

Ջազում միայն աղջիկներ են 2

Քասթինգը սկսվել է 1958 թվականի գարնանը։ Դաֆնեին ու Ժոզեֆինային պետք է մարմնավորեին երիտասարդ, բայց հայտնի դերասաններ: Ֆիլմի հեղինակներն առաջինն ընտրել են Թոնի Քերթիսին, իսկ Ժոզեֆինայի կերպարում պրոդյուսերները ցանկացել են տեսնել Ֆրենկ Սինատրային։ Բայց դերասանը չի ներկայացել լսումներին, որից հետո ռեժիսորը պնդել է Ջեք Լեմոնի թեկնածության հարցում։ Այս դեպքում էլ, սակայն, խանգարեց նրա քիչ հայտնի լինելը: Ամեն դեպքում ռեժիսորը հասավ իր ուզածին:

Քաղցրիկին ցանկանում էին մարմնավորել Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը, որոնք ունեին ձայնային տվյալներ (ինչը պարտադիր պայման էր): Տեղեկանալով նախագծի մասին՝ Մերիլին Մոնրոն նամակ է գրում ռեժիսոր Բիլլի Ուայլդերին՝ առաջարկելով իր մասնակցությունը: Ուայլդերը հիշում է իր վերջին աշխատանքը Մերիլինի հետ «The Seven Year Itch» ֆիլմում. այդ ժամանակ դերասանուհու քմահաճույքի պատճառով խաթարվել էր նկարահանումների գրաֆիկը: Բայց հիշելով, որ հանդիսատեսը կինոթատրոն էր գնում միայն նրա մասնակցության պատճառով, ռեժիսորը Մոնրոյին է ուղարկում սցենարի կարճ տարբերակը, որից կինոաստղը, մեղմ ասած, հիացած չէր: Մոնրոն չէր ցանկանում կրկին մարմնավորել հիմարիկ շիկահերի, որը չի կարողանում տարբերակել կնոջը տղամարդուց: Նրա ֆիլմացանկում շատ էին նման դերերը, և Մերիլինն արդեն պատրաստ էր ավելի լուրջ դերերի:

Բայց Մոնրոյի ամուսինը՝ դրամատուրգ Արթուր Միլլերը, բարձր գնահատեց սցենարն ու բավականին բարձր հոնորարը՝ 300.000 դոլար, գումարած 10% կինովարձույթից: Մերիլին Մոնրոն համաձայնում է:

Fox կինոստուդիայի հետ Մոնրոյի պայմանագիրը նախատեսում էր նկարահանումներ միայն գունավոր կադրերով, իսկ այս մեկը, համաձայն 1920-ականների «չոր օրենքի» ժամանակների հղման, պետք է իր սև-սպիտակ ձևաչափով ընդգծեր հնությունը։

Աշխատանքային պահեր

Քերթիսն ու Լեմոնը վերամարմնավորման վարպետության դասերի էին մասնակցում՝ փորձելով ապրել կանանց կերպարներում: Բայց դասերի առաջին օրերից հասկացան, որ ընդհանրապես պետք չէ նմանվել կանանց։ Ընդհակառակը, պետք է նման լինել տղամարդկանց, որոնք կանանց հագուստով են: Այդպես ավելի ծիծաղելի կլիներ: Պարապմունքների ժամանակ, երբ Քերթիսն ու Լեմոնն այցելեցին կանանց զուգարան, բռնվեցին ու խայտառակ լինելով վտարվեցին։ Ռեժիսորը գոհ էր էֆեկտից:

Նկարահանումների ժամանակ Մոնրոն բալիկի էր սպասում, հետևաբար ամեն կերպ ցանկանում էր զերծ մնալ ալկոհոլից: Դերասանուհու մասնակցությամբ առաջին կադրը նկարահանվել է հենց առաջին դուբլից: Սակայն ավելի ուշ դերասանուհին հանձնվեց. մշտական դեպրեսիվ ​​նոպաներ, անքնության պատճառով ուշացումներ, ընտանեկան սկանդալներ և տեքստը ճշգրիտ անգիր անելու անկարողություն․ այս ամենն ազդում էր նկարահանող խմբի վրա: Մի անգամ քնաբերի չափից մեծ դոզայից դերասանուհին նույնիսկ ստիպված է եղել հոսպիտալացվել երկու շաբաթով, իսկ ֆիլմի աշխատանքը դադարեցվել է։

Թոնի Քերթիսը նյարդայնանում էր, քանզի ստիպված էր նույն կադրը խաղալ մինչև 40 դրվագ, քանի որ Մոնրոն անընդհատ մոռանում էր իր հատվածը: Պատահել է, որ նա ամբողջ օրը փակվել է հանդերձարանում, իսկ նկարահանման մասնակիցները ստիպված սպասել են նրան:

Երկար ժամանակ չէր ստացվում նկարահանել այն տեսարանը, որտեղ Դաֆնեն հայտարարում է Օսգուդ Ֆիլդինգի հետ նշանադրության մասին, քանի որ նկարահանման հրապարակում բոլորը, ներառյալ Քերթիսն ու Լեմոնն անդադար ծիծաղում էին:

Որպեսզի դերասանները կարողանային զսպել իրենց խեղդող ծիծաղը, մարակասներով ընդմիջումներ հորինեցին:

Ֆիլմի վերջնական տարբերակը մոնտաժելիս ռեժիսորն ընդլայնել է տեսարանները սուր կատակներից բաղկացած երկար կադրերով՝ այդպիսով դադարներ ստեղծելով հանդիսատեսի ծիծաղի համար և հնարավորություն տալով լսել ու վայելել բոլոր ռեպլիկները։