Արա Գյուլերն ու Սալվադոր Դալին. մի լուսանկարի պատմություն
Դիտումներ՝ *
18:14 2022-08-17

Ֆոտոլրագրության լեգենդ, «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»․ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերն այսօր կդառնար 94 տարեկան։ Աշխարհի լավագույն լուսանկարիչների յոթնյակում ներառված լուսանկարիչն իր գործունեության մեջ միշտ առանձնացրել է գլխավորը՝ մարդկանց։

«Ստամբուլի աչք» մականունն ունեցող Գյուլերն իր ամբողջ կյանքում հետևել է «լուսանկարչական ճշմարտությանը», որի օգնությամբ կարողացել է ճշգրիտ փոխանցել ինչպես քմահաճ աստղի, այնպես էլ քաղաքական գործչի բնավորությունն ու տրամադրությունը։ Նրա պատմությունը ներառում է համագործակցություն լավագույն ամսագրերի հետ, դրանցից է Magnum ֆոտոգործակալությունը: Լուսանկարչի պորտֆոլիոն ներառում է հարյուրավոր ցուցահանդեսներ․․․

Լուսանկարչի ծննդյան առթիվ ներկայացնենք հայտնի լուսանկարի պատմությունը․

Ара Гюлер: "Как победить СССР и какова формула гудрона" - BBC News Русская  служба

«Դալին ապրում էր Փարիզում, Ռիվոլի փողոցում գտնվող Meurice հյուրանոցում՝ Լուվրից ոչ հեռու: Սա մեծ և թանկ հյուրանոց է, որտեղ Դալին լյուքս համար էր վարձակալել, 101-րդ սենյակը», – պատմում է լուսանկարիչը։

Life ամսագրի հանձնարարությամբ Գյուլերը մեկնում է Փարիզ՝ լուսանկարելու Սալվադոր Դալիին՝ հայտնի սյուրռեալիստին: Գյուլերը նկարչի հետ ծանոթանալու հնարավորություն է գտնում, հանդիպում նշանակում ու գնում հյուրանոց:

«Թակեցինք դուռն ու ներս մտանք,- պատմում է Գյուլերը,- Դալին, դռան մոտ կանգնած, աչքերը չռած վրաս է նայում: Եվ հանկարծ դեպի ինձ վազեց, շատ մոտ կանգնեց. մենք կանգնել էինք քիթ քթի տված: Պատկերացրեք՝ ես ու Սալվադոր Դալին կանգնած ենք այդքան մոտ, քիթ քթի տված»:

«Ինչո՞ւ ես ցանկանում ինձ նկարել, ինչի՞ համար է այս ռեպորտաժը» – հարցնում է Դալին:

«Դուք շատ հայտնի մարդ եք։ Այդ իսկ պատճառով»,- պատասխանում է Գյուլերը:

«Ես պատրաստ եմ 10 րոպե կեցվածք ընդունել, և դա արժե 25 000 դոլար»,- ասում է Դալին՝ իր շուրջը ստեղծելով սյուրռեալիզմի մթնոլորտ:

Այդքան փոքր ժամանակահատվածում անհնար է ֆոտոռեպորտաժ պատրաստել, անհրաժեշտ էր նվազագույնը 1 ժամ:

Սա ընդամենը ծանոթություն էր: Գյուլերին հաջողվում է պայմանավորվել հայտնի նկարչի հետ ֆոտոշարքի համար: Բայց մութ հյուրանոցային համարում սարքերը տեղադրելու պահին Դալին սկսում է շարժվել՝ ի չիք դարձնելով լուսանկարչի ջանքերը:

Առաջին հանդիպումից անցնում է մեկ ամիս։ Գյուլերն ըմբոստանում է. «Կա՛մ վերջապես այս ռեպորտաժը կնկարահանենք, կա՛մ ես հեռանում եմ»։

Դալին համաձայնում է:

«Առավոտյան եկա, իսկ սենյակում 3 ֆրանսիացի լրագրող կար»,- հիշում է Գյուլերը։

Դա նրա համար անսպասելի էր։

«Ի՞նչ են անում նրանք այստեղ, ես չեմ աշխատի այս պայմաններում, կա՛մ իրենք, կա՛մ ես»:

«Ես հիմա նրանց կուղարկեմ» – պատասխանում է Դալին:

«Ես բարկացա»,- պատմում է լուսանկարիչը,- «մի անկյուն գնացի ու խոժոռ դեմքով նստեցի»։

Իսկ հետո Դալին բեմադրում է «սյուրռեալիստների թագավորին» վայել ներկայացում՝ լրագրողներին հերթով հարցնելով՝ արդյոք վերջիններս գիտե՞ն խեժի քիմիական բանաձևը։ Երկար-բարակ հարցուփորձից հետո Գյուլերին վերջապես հաջողվում է մի քանի կադր ստանալ Սալվադոր Դալիից:

Լուսանկարչի այլ աշխատանքներից՝

Փաստեր լուսանկարչի կյանքից

Արա Գյուլերի լուսանկարները ներկայացված են Գալաթայի աշտարակում՝ Ստամբուլի խորհրդանիշներից մեկում։

85 տարեկանում Արա Գյուլերը ժամանել է իր նախնիների հայրենիք։ «Բարև». այսպես էր կոչվում նրա աշխատանքների ցուցահանդեսը, որը ներկայացված էր Հայաստանի ազգային պատկերասրահում։ Աշխարհի տարբեր ծայրերում տարբեր տարիների արված 130 լուսանկար ներկայացվել է պատկերասրահի բազմաթիվ այցելուների։

Ավելի քան 800 հազար լուսանկարների հեղինակ Գյուլերն Արևմտյան Հայաստանում ճանապարհորդելիս կարողացել է «գրավել» գրեթե բոլոր հնագույն հուշարձանները։ Լուսանկարիչն իրեն անվանում էր «տեսողական պատմաբան», այնքան մանրակրկիտ ճշգրտությամբ էր մոտենում պատկերված օբյեկտին։

Արա Գյուլերը լուսանկարել է քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտների մեծ գործիչների՝ Ուինսթոն Չերչիլ, Մարիա Կալաս, Ջոն Բերգեր, Բեռնարդ Ռասել, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Ինդիրա Գանդի, Սոֆիա Լորեն, Վիլյամ Սարոյան՝ ստեղծելով Ստամբուլի «դիմանկարների» մի ամբողջ շարք, որոնցից շատերն օգտագործվել են որպես Օրհան Փամուկի գրքերի նկարազարդումներ:

Բայց Գյուլերն իր հիմնական առաքելությունը համարում էր իր սիրելի քաղաքի կյանքի «քրոնիկոնը»:

«Լուսանկարիչը չի կարող «արվեստագետ» լինել։ Նրա գործը ճշմարտությանը հետապնդելն է»․․․