Լուսինը կարող էր «պոկվել» հին Երկրից․ գիտնականների հետազոտությունը
Դիտումներ՝ *
14:44 2022-08-15

Այս անհավանական վարկածը հաստատվել է Անտարկտիդայում հայտնաբերված լուսնային երկնաքարերի ուսումնասիրության արդյունքում։

Շվեյցարիայում Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի երկրաֆիզիկոսները նոր ապացույցներ են հայտնաբերել, որոնք հուշում են՝ Լուսնի երկրային ծագում ունի: Այդ մասին հոդված է հրապարակվել «Science Advances» ամսագրում։

Ըստ վարկածի՝ Երկրի արբանյակը մոլորակից առանձնացել է հնագույն ժամանակներում։ Դա կարող է տեղի ունեցած լինել 4,5 միլիարդ տարի առաջ՝ Մարսի մեծության տիեզերական օբյեկտի՝ Թեյայի հետ բախման հետևանքով։ Այդ ժամանակ Երկիրը «շատ երիտասարդ» է եղել՝ մոտ 60 միլիոն տարեկան։

Իրենց տեսությունը ստուգելու համար գիտնականները սպեկտրոմետրի միջոցով ուսումնասիրել են Անտարկտիդայի սառույցներում հայտնաբերված վեց լուսնային երկնաքարերի կազմությունը: Ըստ նրանց՝ այդ ապարներն ի սկզբանե ցամաքային ծագում ունեն։

Լուսնի փոքր զանգվածը և նրանում երկաթի բացակայությունը նույնպես հուշում են մեր մոլորակի հետ ազգակցական կապի մասին։ Երկրի զանգվածի մոտ 30%-ը կենտրոնացած է երկաթով հարուստ միջուկում, որն, ըստ ուսումնասիրությունների, չի տուժել բախումից։ Բացի այդ, Լուսնի ապարներն իրենց բաղադրությամբ շատ նման են Երկրի ապարներին, բայց շատ տարբերվող են մարսյան երկնաքարերից:

Լուսնի բեկորների ընկնելը Երկրի վրա բացատրվում է նրանով, որ արբանյակը մթնոլորտ չունի, այն անընդհատ «գնդակոծում» են աստերոիդները: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ վերջին «հարձակումների» ժամանակ Լուսնից պոկվել են բեկորներ, որոնք հետագայում հայտնվել են Երկրի վրա։

Գիտնականները հույս ունեն շարունակել լուսնային երկնաքարերի բեկորների ուսումնասիրությունը, որոնցից ավելի քան 70 հազար կա NASA-ի հավաքածուում։