Ինչպես գրել անմոռանալի երկխոսություն
Դիտումներ՝ *
08:02 2022-12-08

«Հանգուցյալները» (The Departed) ֆիլմի սցենարի համար «Օսկարի» արժանացած Ուիլյամ Մոնահենը Fastcocreate-ի հետ կիսվել է երկխոսություններ ստեղծելու իր փորձով:

Լսեք, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը

«Ուշադրություն դարձրեք ոչ միայն նրան, ինչ մարդիկ ասում են, այլ նաև այն ամենին, ինչ նրանք չեն ասում: Մի քանի շաբաթ առաջ ես լսեցի, թե ինչպես է մի հիմար հիպպի ամուսնության վերաբերյալ խորհուրդներ տալիս մի տղամարդու: Դա պարզապես հիասքանչ էր, և ես նմանատիպ մի բան օգտագործել եմ իմ սցենարներում: Հենց նրանով է քաղաքում ապրելն օգտակար, որ կարող ես լսել, թե ինչ են խոսում մարդիկ»:

Երկխոսություններում բացահայտվում են կերպարների գաղտնիքները

«Բոլոր մարդիկ, ոչ միայն քաղաքական գործիչները, գովազդատուները և փաստաբանները, փորձում են թաքցնել ինչ-որ բան, և դա կարելի է ցուցադրել երկխոսություններում:

Բավականին պարկեշտ մարդիկ սովորաբար չեն գիտակցում, որ իրենց արտահայտություններով, առաջին հերթին, նրանք ստեղծում են իրենց անհատականության հետ կապված առասպելներ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է մարդը փորձում թաքցնել. դա նրա մասին ամեն ինչ կպատմի: Կարող եք նկատել, որ երբ ռեստորանում Ձեր կողքի սեղանին հայտնվում է մի զույգ, որն առցանց ծանոթությունից հետո առաջին անգամ է հանդիպում, ապա նրանցից և ոչ մեկը չի ասում ճշմարտությունը, նույնիսկ, եթե փորձում է»:

Բնական երկխոսությունները ձանձրալի են

«Մենք, ըստ էության, անբնական գործով ենք զբաղվում: Շեքսպիրի բոլոր երկխոսությունները հեռու են իրականությունից, սակայն նա համարվում է պատմության լավագույն երկխոսություններ հեղինակողը: Ոչ ոք չի ցանկանում լսել, թե ինչ են մարդիկ իրականում խոսում: Շփման մեջ նրանք, պատահում է, որ անմիջապես անցնում են բուն թեմային, այն դեպքում, երբ սցենարում յուրաքանչյուր արտահայտությունը պետք է հստակ լինի»:

Իմպրովիզացիաներ արեք

«Սցենարի վրա աշխատելիս Դուք պետք է ինքներդ դառնաք այն կերպարը, ում մասին գրում եք: Գուցե նա արտացոլում է Ձեր անհատականության որոշակի շերտեր, կամ գուցե Դուք եք փորձում նմանվել նրան, ինչպես շատ դերասաններ են անում:

Իմպրովիզացիայի արվեստին լավ տիրապետող մարդիկ շատ տեղեկատվություն են կլանում: Երբ անհրաժեշտ լինի, նրանք կարող են տարբեր կտորներ միավորել և նոր կերպար ստեղծել: Երբեք չգիտես՝ երբ պետք կգա այս կամ այն գիտելիքը»:

Երկխոսությունները փոխվում են նկարահանման հրապարակում

«Դերասանների հետ աշխատելը շատ օգտակար է. ըստ էության ձեր աշխատանքները շատ նման են, քանի որ Դուք մոտ մեկ տարվա ընթացքում ստեղծում եք այն կերպարը, որին այսօր նրանք պետք է խաղան: Դուք կարող եք կիսվել կերպարների վերաբերյալ Ձեր տեսակետներով և ինչ-որ փոփոխություններ անել: Բացի այդ, աշխատելով որպես ռեժիսոր, ես հաճախ փոխում էի որոշ արտահայտություններ՝ կախված տեսարանի դինամիկայից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված