Օրգանիզմը հուշում է, երբ սրտի հետ խնդիրներ կան. 9 նախազգուշացնող նշան
Դիտումներ՝ *
14:06 2022-07-30

Սրտի առողջության հետ կապված խնդիրների դեպքում օրգանիզմում նկատվում են ազդանշաններ, որոնց դեպքում հարկավոր է դիմել մասնագետի՝ պատճառները պարզելու համար: Fabiosa.ru-ն ներկայացրել է ախտանշաններ, որոնք կարող են նկատվել սրտի աշխատանքի խանգարման դեպքում:

Մշտական հոգնածություն: Խոսքը հյուծվածության մասին է: Օրգանիզմում թթվածնի անբավարար մակարդակի հետևանքով սիրտը ծանրաբեռնված է աշխատում: Հաշվի առեք, որ մշտական հոգնածությունը կարող է վկայել մի շարք այլ առողջական խնդիրների մասին, և ախտորոշում կարող է կատարվել բացառապես մասնագետի կողմից:

Ջղաձգումներ: Ոտնաթաթերում ջղաձգումները կարող են մի շարք պատճառներ ունենալ՝ հղիություն, երակների վարիկոզ լայնացում, երկար ժամանակ նույն դիրքում գտնվելը և այլն: Այս խնդիրը կարող է վկայել նաև սրտի աշխտանքի քրոնիկական խանգարման մասին: Այդ դեպքում նկատվում են նաև շնչահեղձություն և հյուծվածություն:

Ուժեղ ցավեր քայլելիս: Եթե քայլելիս ոտքերում ջղաձգումներ են առաջանում, հարկավոր չէ դա անմիջապես վերագրել տարիքին ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությանը, թեև սրանք ևս կարող են պատճառ դառնալ: Այս խնդիրը կարող է վկայել պերիֆերիկ աթերոսկլերոզի մասին: Եթե խնդիրն առկա է, սրտի անոթների խցանման հավանականությունը մեծանում է 50 տոկոսով: Ամեն դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Գլխապտույտ: Գլխապտույտները կարող են ջրազրկման, լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանք լինել: Եթե խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ պարզելու պատճառները: Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև անոթների խցանումը:

Շնչահեղձություն: Եթե շաբաթվա ընթացքում երեք անգամ մարզասրահ եք այցելում, բայց աստիճաններով բարձրանալիս շնչահեղձ եք լինում, հարկավոր է դիմել մասնագետի:

Դեպրեսիա: Որպես այդպիսին՝ դեպրեսիան սրտի աշխատանքի խանգարման ախտանշան չէ, սակայն մարդու հոգեբանական բարեկեցությունն ուղղակիորեն կապված է ֆիզիկականի հետ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հաճախ են հոգեբանական խնդիրներ ունենում, ավելի շատ են ենթարկվում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկին:

Միգրեն: Լինում են դեպքեր, երբ միգրենի մշտական նոպաները վկայում են սրտի աշխատանքի խանգարման մասին:

Քնելիս լսում եք սրտի զարկերը: Չի կարելի անուշադրության մատնել այս խնդիրը, նույնիսկ, եթե ձեզ հաջողվում է քնել: Դիմեք մասնագետի. այն կարող է վկայել զարկերակային ճնշման նվազման, շաքարի ցածր մակարդակի, անեմիայի, դեղամիջոցների կողմնակի ազդեցության, ջրազրկման և այլ խնդրի մասին:

Անհանգստություն, քրտնարտադրություն, սրտխառնոց: Եթե այս նշանները ձեզ սկսում են միանգամից անհանգստացնել, հարկավոր է դիմել բժշկական օգնության: Սրանք կարող են վկայել հոգեբանական խնդիրների, ինչպես նաև սրտի նոպայի մասին: Եթե այս վիճակն ուղեկցվում է շնչահեղձությամբ, հոգնածությամբ, ցավով կրծքավանդակի հատվածում, որը ճառագայթում է դեպի մեջք, ուսեր, ձեռքեր, իրան կամ կոկորդ, շտապ դիմեք մասնագետի: Այս դեպքում կարևոր է յուրաքանչյուր վայրկյան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը